Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօր դարձել էր ահաբեկչության դեմ պայքարի սպորտային և մշակութային կենտրոն։ Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրել են «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ։
Խոսելով նախաձեռնության մասին՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար յուրաքանչյուրը պետք է ձգտի լավագույնը լինել իր բնագավառում՝ այդպիսով «մատ անելով տեռորին»․
«Մեր դեմ կիրառվում են անմարդկային ուժեր, բայց մենք ամեն ինչով պետք է դրա դեմ պայքարենք։ Ուզում եմ՝ տեսնեք, որ ունենք հիանալի մանուկներ, որոնք շախմատ են խաղում, ունենք հրաշալի երիտասարդ երաժիշտներ։ Այս ամենը պետք է ոգևորի մեզ։ Պետք է հասկանանք, որ սա նաև մշակութային պատերազմ է, և մենք յուրաքանչյուր Անդրանիկի կողքին պետք է ունենանք Կոմիտաս, Նժդեհի կողքին՝ Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատրյան, Մինաս Ավետիսյան։ Յուրաքանչյուրը պետք է ձգտի իր բնագավառում լինել լավագույնը։ Համոզված եմ՝ այդպես կհաղթահարենք չարը»,- ասել է Լ․ Արոնյանը։
Կարդացեք նաև
Գրոսմասյտերը նաև ընդգծել է, որ այս պատերազմում հաղթելու համար պետք չէ լռել և շատ լավ իմանալ սեփական պատմությունը․
«Թշնամին ընտրել է հակամարդկային մեթոդներ՝ ցուցաբերելով իրեն բնորոշ անմարդկային դաժանություն։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Լռությունն այս պահին ամենաամոթալի բանն է։ Պետք է պայքարենք, ոգևորվենք, հիշենք մեր պատմությունը, հիշենք, որ միշտ եղել է մեր ազգի վերածնունդ, մի նոր սկիզբ։ Պետք է ավելի ուժեղ լինենք և ավելի նվիրյալ մեր ազգին»,- ասել է Լ․ Արոնյանը և ընդգծել, որ ունի նաև ռազմաճակատ գնալու ցանկություն և ամեն օր պատրաստ է դրան։
Շախմատային պարտիաներին զուգահեռ իրականացվել է Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ