Նոյեմբերի 8-ին Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում կայացել է բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
Համերգին մասնակցել են «Կոմիտաս» ազգային քառյակը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), երգիչ-երգահան Վահան Արծրունին, դուդուկահար Նորայր Քարտաշյանը, Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան ակուստիկ դուետն ու դերասան Արթուր Կարապետյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին, կարեւորելով միջոցառման իրականացումը, նշեց. «Համերգը մի քանի ուղերձ ունի, առաջինն ի զորակցություն հիմնադրամին ուղերձն է, այսինքն արվեստի, մշակույթի միջոցառման միջոցով որերորդ անգամ հանրության ուշադրությունը սեւեռել հիմնադրամի գործունեության վրա: Պատկերացրեք, որ մեկուկես ժամանոց համերգի ընթացքում 1մլն 200 հազարից ավելի միայն կանխիկ նվիրատվություններ եղան, եւ հաշվում են, թե ինչքան է հավաքվել համերգի հեռարձակման ընթացքում:
Կարդացեք նաև
Երկրորդը հետեւյալն է՝ եթե սա դիտարկում ենք որպես էքզիստենցիալ պատերազմ, այսինքն պատերազմ, որի մեջ ջրբաժանված է քաղաքակիրթ աշխարհը բարբարոս աշխարհից, ապա պետք է հասկանանք, որ բացի այն զենքից, որ հիմա խոսում է սահմանին, կա նաեւ քաղաքակրթության զենքը, որը որպես այդպիսին մշակույթն է:
Ցանկացած քաղաքակրթության հիմքում առաջին հերթին մշակութային ինքնությունն է, որով քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է այլ քաղաքակրթությունները: Այն, որ խոսեցինք արվեստագետների, կոնկրետ երաժիշտ կատարողների հատուկ զինանոցը օգտագործելուց, այստեղ նաեւ երկրորդ շատ կարեւոր հանգամանքը կա. այս մի քանի շաբաթների ընթացքում հիմնականում «խոսում» էր զենքը եւ հիմնական դրսեւորումները թիկունքում եղել էին այնպիսիք, որ եւ գիտության եւ մշակույթի մարդիկ ինքնադրսեւորվել էին թիկունքային ոչ մասնագիտական բանաձեւերով…
Մարդիկ բաճկոններ էին կարել, ցանցեր գործել, ու հերթը կարծես թե չէր հասնում մշակութային զինանոցը օգտագործելուն: Այս համերգը եւ նման նախաձեռնությունները կոչված են նրան, որ մենք նաեւ մշակութային զինանոցը օգտագործենք, որովհետեւ բարբարոսների հետ խոսում են զենքով, բայց քաղաքակիրթ աշխարհի հետ երկխոսության մեջ մտնում են առաջին հերթին մշակույթով, արվեստով: Նշածս երկու հանգամանքները պետք է համաչափության մեջ լինեն»:
Խոսելով երրորդ հանգամանքի մասին՝ երգահանը հավելեց. «Պատահական չէ, որ այս համերգի ձեւաչափն ընդգրկեց եւ «Կոմիտաս» ազգային քառյակը, «Հովեր» երգչախումբը, Ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների կազմը, ժողովրդական արվեստը ներկայացնող Նորայր Քարտաշյանին, հեղինակ կատարողների՝ Լիլիթ Բլեյանին, եւ ես իմ մասնակցությունը բերեցի Ֆիլհարմոնիկի կազմի հետ:
Մենք փորձեցինք նաեւ այդ իմաստով մշակութային ֆրոնտ ստեղծել, որտեղ բոլոր երաժշտական ձեւաչափերը կհնչեն մեկ հարթակի վրա եւ կներկայացնեն համընդհանուր մշակութային առաջնագիծ… Երաժշտական ձեւերի տարբերությունը՝ որպես երգչախմբային երաժշտություն, կամերային երաժշտություն, երգ, ժողովրդական երաժշտություն, գործիքային, վերանում է, չկա նաեւ տարբերությունը՝ հայաստանցի, արցախցի, մարզում ապրող կամ սփյուռքի բնակիչ, որովհետեւ բոլորս ներկայանում ենք որպես միասնական համընդհանուր էություն: Այդպես էլ նույն ինքնադրսեւորումը տեսնում ենք մշակութային հարթության մեջ, որտեղ չկա այլեւս տարբերություն, կա միայն միասնական բնույթ:
Մի հանգամանք եւս՝ նաեւ գեղարվեստական խոսքն էր ներկայացված: Խոսքը եւ երաժշտությունն իրարից անբաժան էին եւ բոլոր ուղերձները, որ կային Արթուր Կարապետյանի խոսքում, մեջբերումները՝ սկսած մեր եկեղեցու հայրերից մինչեւ ժամանակակից պոեզիա, բերվել էր համընդհանուր մի տիրույթ՝ ի դեմս մշակույթի, որն ունի հսկայական քանակի զենքեր, ինքն էլ է զինանոց, եւ այդ զինանոցը եւս պետք է աշխատի:
Սա սկիզբն է, պետք է շարունակվի, որովհետեւ հիվանդանոցներում ունենք ապաքինվող զինվորներ, թիկունքում քաղաքներ, որտեղ ժամանակավորապես Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներն են ապաստան գտել եւ վերջիվերջո ունենք առաջնագիծ: Այսինքն այս մշակութային ուղերձը պետք է հասցնենք բոլոր այն տեղերը, որտեղ անհրաժեշտ է, որպեսզի զինվորը հասկանա, թե ինչն է պաշտպանում: Սա ոչ միայն ֆիզիկական սահման է եւ հող, նա պաշտպանում է է քաղաքակրթությունը, սեփական մշակույթն ու ինքնությունը: Եվ նա պետք է զգա, որ հեռու մի տեղում չէ, ինքը թիկունքն է եւ պահում է իր մեջքը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Վահան Արծրունու ֆեյսբուքյան էջից