Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես լուսանկարեցի մոր ցավը, որ ընկած էր գետնին՝ իր որդու գերեզմանի վրա»

Նոյեմբեր 08,2020 17:57

La Stampa թերթի լրագրող Ռոբերտո Տրավանը 2014 թվականից ի վեր՝ որպես անկախ ֆոտոլրագրող, փաստագրում է որոշ հակամարտություններ: Ցուցահանդեսների և տարբեր հրատարակությունների հեղինակ Տրավանը հինգ տարի շարունակ հետևել է նաեւ Դոնբասում ընթացող պատերազմին: Նա Աֆղանստանում էր ISAF-ի (Միջազգային անվտանգության աջակցային ուժեր) բազմազգ ռազմական առաքելության հետ, իսկ Կոսովոյում նա հետևում էր սերբական և ալբանական համայնքների լարվածությանը ՆԱՏՕ-ի KFOR (ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր, որոնք պատասխանատու են Կոսովոյում կայունության ապահովման համար) զորակազմի հետ:

Նա փաստագրել է այն դաժան հակամարտությունը, որը տարիներ շարունակ արյունոտում էր Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և որոշ զեկույցներ է ներկայացրել Իսրայելում և Թունիսում սոցիալական և կրոնական լարվածության վերաբերյալ:

Տրավանը եղել է նաեւ Արցախում՝ նախ 2015-ին, իսկ հետո 2016-ին՝ քառօրյա պատերազմից հետո: Սեպտեմբերի 27-ին սկսված արցախաադրբեջանական պատերազմը ևս շտապել է լուսաբանելու: Ֆոտոռեպորտաժը, որն արվել է հոկտեմբերի սկզբին Արցախում՝ դեռ ընթացքի մեջ գտնվող բախումների ամենաարյունալի փուլում, երկարաժամկետ նախագծի մի մասն է, որը Տրավանը նվիրում է հետխորհրդային Կովկասին:

-Պատմեք Արցախում ձեր աշխատանքի մասին, ի՞նչ եք զգացել եւ ի՞նչ եք տեսել:

-Ես ժամանել էի Արցախի Հանրապետություն հոկտեմբերի սկզբին՝ ադրբեջանական հարձակման սկզբնական փուլում: Ստեփանակերտում իրավիճակը վատ էր, քանի որ քաղաքը օր ու գիշեր ռմբակոծվում էր հրթիռներով, ինքնաթիռներով, անօդաչու թռչող սարքերով: Մայրաքաղաքը անճանաչելի էր՝ ասես ուրվական քաղաք լիներ: Բոլոր խանութները փակ էին, փողոցները՝ դատարկված, ռմբակոծությունից վնասված տասնյակ շենքեր կային, օդային հարձակման ահազանգերն անընդհատ հնչում էին, իսկ դրան հետևում էին պայթյունները՝ առանց իրար հերթ տալու:

Ես ցերեկվա լույսով ականատես եղա օդային ռմբակոծության և անօդաչու թռչող սարքերի երեք հարվածների: Ինձ զարմացրին այն բնակիչները, որոնք ստիպված էին ապրել ժամանակավոր կացարանների մթության մեջ, որոնցից տասնյակներն առանց լույսի, ջրի էին, և մարդիկ այնտեղ փորձում էին պատսպարվել ադրբեջանցիների կողմից արձակված «Սմերչ» հրթիռների հարձակումներից:

Ես գտնվում էի Հադրութում ադրբեջանցիների շրջափակումից մի քանի օր առաջ, և մայրաքաղաք տանող ճանապարհին մեքենան, որով ես տեղաշարժվում էի, հայտնվեց ռմբակոծության մեջտեղում:

Իսկ Ստեփանակերտում որոշեցի կենտրոնացնել իմ աշխատանքը՝ փորձելով պատմել տեղի մարդկանց ցավի և հուսահատության մասին:

Ես գնացի քաղաքացիական հիվանդանոց, որտեղ անընդհատ գալիս էին տուժածներ, և բժիշկներն անխոնջ աշխատում էին նրանց բուժելու համար, և մի հերթափոխից մյուսը նրանք քնում էին գետնին՝ միջանցքներում: Ես լուսանկարեցի շտապօգնության մեքենայում նոր մահացած մի տարեց մարդու, ում կողքին էր բուժքույրը, որ մինչև վերջ պայքարել էր նրան փրկելու համար:

Մոնումենտալ գերեզմանատանը ես տեսա, որ մարտերում զոհված զինվորների համար փորված փոսերը լցվում են մի քանի օրվա ընթացքում: Ես լուսանկարեցի մոր ցավը, որ ընկած էր գետնին՝ իր որդու գերեզմանի վրա: Ես տեսել եմ տասնյակ մարդկանց, որոնք լացակումած հեռանում էին քաղաքից, բայց նաև տեսել եմ տասնյակ կամավոր զինվորների, որոնք ժամանում էին ռազմաճակատ մեկնելու համար, և նրանցից շատերը դեռ շատ երիտասարդ էին: Ես ականատես եմ եղել արցախահայության կոտորածին և հուսով եմ, որ իմ լուսանկարները, լինելով կատարվածի վկաներ, կարող են օգնել հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում Արցախում:

-Ինչո՞վ է տարբերվում ֆոտոլրագրողը սովորական լուսանկարչից:

-Տարբերությունը հիմնարար է, քանի որ ֆոտոլրագրողը պետք է առաջին հերթին ստուգի լուրերի և տեղեկատվության աղբյուրների հավաստիությունը՝ այսինքն ֆոտոլրագրողը պետք է հստակ իմանա, թե ինչ է լուսանկարում: Սա հակամարտությունները փաստագրողների հիմնական խնդիրն է: Նրանք պետք է խուսափեն սխալներից և քարոզչությունից, քանի որ լուսանկարները շատ մեծ ներուժ ունեն նրանց համար, ովքեր մտադիր են խեղաթյուրել ճշմարտությունը, և մենք լավ գիտենք, որ պատերազմներում առաջին զոհը հաճախ հենց ճշմարտությունն է:

-Որո՞նք են ֆոտոլրագրության մարտահրավերներն այսօր:

– Ըստ իս, հիմնական մարտահրավերը ցանցում շրջանառվող տեղեկատվության հսկա և շարունակական հոսքն է, պատկերներ (և նորություններ), որոնք հաճախ հուսալի և ստուգելի չեն, երբեմն՝ նույնիսկ կեղծ: Ինտերնետը կուլ է տալիս ամեն ինչ՝ ներառյալ ճշմարտությունը: Այդ պատճառով ֆոտոլրագրությունը և, ընդհանրապես, լրագրությունը չեն կարող թույլ տալ սխալներ, իմպրովիզներ անել կամ նույնիսկ տրվել ճնշումներին, քանի որ բոլորիս ազատությունը կախված է ճիշտ և հուսալի տեղեկատվությունից, ինքներս մեզ տեղեկացնելու, կարծիք ունենալու և այն արտահայտելու ունակությունից: Այն հիմնարար սյուն է ցանկացած ազատ և ժողովրդավարական երկրի համար:

Լուսանկարը՝ Ռոբերտո Տրավանի

-Անհրաժե՞շտ է արդյոք մարդկանցից թույլտվություն ստանալ նախքան նրանց լուսանկարելը: Կարելի՞ է մարդուն ողբերգության մեջ լուսանկարել:

-Կա զեկուցելու իրավունք, որը ֆոտոլրագրողներին հնարավորություն է տալիս փաստագրել իրադարձությունները, որոնք կարևոր դեր ունեն տեղեկատվական տեսանկյունից: Ակնհայտ է, որ լրագրողներին մնում է արձանագրել այն, ինչ տեսնում են՝ սակայն դրան մոտենալ հարգանքով և նրբազգացությամբ: Հաճախ դրանք դրամատիկ իրավիճակներ են, որոնք պահանջում են հարգանք ներգրավված մարդկանց նկատմամբ: Լրագրողը, նրա պրոֆեսիոնալիզմը, նրա փորձը պետք է հասկացնել տան, թե երբ է հնարավոր լուսանկարել կամ ստիպված լինել հրաժարվել լուսանկարելուց:

-Սև-սպիտակ, թե՞ գունավոր լուսանկար: Ասում են, որ սև-սպիտակ լուսանկարներն ավելի ազդեցիկ են և ավելի բարդ է դրանք ստանալը, ինչո՞ւ:

– Ես իմ ֆոտոռեպորտաժներից շատերը նկարել եմ սև և սպիտակ գույներով, որովհետև կարծում եմ, որ դա ամենաարդյունավետ գործիքն է ընթերցողին նորությունների կենտրոն հասցնելու համար: Այլ դեպքերում ես նախընտրում եմ գույնը, երբ կարծում եմ, որ այն կարող է ավելացնել տարրեր, որոնք անհրաժեշտ են պատկերը լրացնելու համար: Շատ բան կախված է իրավիճակներից՝ այն բանից, թե ինչ ենք ուզում փոխանցել: Չեմ կարծում, որ պետք է որևէ ճշգրիտ կանոն լինի:

-Ո՞րն է հաջողված լուսանկար ստանալու գրավականը: Ինչպե՞ս ճիշտ և ինֆորմատիվ լուսանկար ստանալ:

-Իմ նպատակն է ստանալ մի պատկեր, որը կգրավի դիտողին, որը նրան կմոտեցնի այն իրականությանը, որը ես լուսանկարել եմ ՝ գուցե դրդելով նրան ավելի խորանալ պատմության մեջ: Երբ դա տեղի է ունենում, ես հասնում եմ իմ նպատակին, որը ոչ միայն գեղեցիկ ​​նկարելն է, այլև՝ ամենից առաջ հույզերը փոխանցելու միջոցով ճշմարտությունն ասելը:

-Արյուն, թե՞ ազդեցիկ դետալ: Ո՞րն է էթիկապես ավեի ճիշտ՝ մարդկանց չցնցելու առումով:

-Պատերազմում նույնիսկ մահվան և տառապանքի դրաման պետք է ներկայացված լինի: Ֆոտոլրագրողի զգայունությունն ու կարողությունն է, որ գտնի դա անելու ամենաճիշտ տարբերակը՝ հարգելով լուսանկարված մարդկանց և ընթերցողներին: Կարծում եմ, որ վերջերս մահացած տարեց տղամարդու պատգարակի վրա իմ նկարած (կամ կնոջ՝ իր որդու գերեզմանի մոտ լացող) պատկերն ամփոփում է հարգանքն ու տեղեկացնելու անհրաժեշտությունը:

-Երբ մարդը օգնության կարիք ունի՝ փրկե՞լ նրան, թե՞ շարունակել լուսանկարելը:

-Այդ դեպքերում մարդկանց կյանքն ակնհայտորեն առաջնային է, կասկածներ չկան:

-Երեխաները լուսանկարում, ինչպե՞ս ճիշտ վարվել:

-Էթիկան պարտադրում է շատ հստակ կանոններ և սահմանափակումներ, որտեղ գերակշռում են անչափահասի պաշտպանությունը և նրա անձնական կյանքի իրավունքը: Լուսանկարը ճիշտ է, քանի դեռ այն արդարացված է մամուլի իրավունքով, բայց իհարկե նկարահանման թույլտվություն ստանալը ծնողներից լավ պրակտիկա է:

Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոբերտո Տրավանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30