Այսօր Եռաբլուրում մեր հերոսի՝ պատերազմի խորհրդանիշ դարձած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկին՝ Արտակ Հովհաննիսյանին մոտեցավ մի տարեց կին ու սկսեց նրա ձեռքը համբուրել՝ շնորհակալություն հայտնելով, որ մեզ նման հերոս է պարգեւել:
Պարզվեց՝ Գեղարքունիքի մարզի Մարտունուց եկած Ջուլիետա Ավետիսյանն է:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Այսօր օրհասական պահ է, հայի գոյատեւման պայքարն է, բայց նաեւ մեր սիրելի Ալբերտի, մեր լավ զինվորի, մեր հերոսի քառասունքն է այսօր, ես Մարտունուց էս տարիքին եկել եմ՝ հատուկ էս օրվա համար, որ խոնարհվեմ ու համբուրեմ նրա պապայի ձեռքը: Համբուրեցի, որ էսպիսի հերոսներ ենք ծնում, հերոսներ ունենք, հպարտ ենք, հաղթելու ենք: Թող թուրքը չիմանա, թե ինքը կարող է հաղթել: Մենք բոլորս՝ կին թե տղամարդ, հերոսներ ենք, պայքարելու ենք, հաղթելու ենք: Կա՛մ մահ, կա՛մ ազատություն»:
Կարդացեք նաև
Կնոջ խոսքով՝ Ալբերտը դարձավ համաշխարհային խորհրդանիշ՝ որպես հերոս. «Ալբերտին ամբողջ աշխարհը գիտի, մենք միշտ պետք է գանք ու խոնարհվենք նման հերոսների, մեր բոլոր հերոսների, մեր երիտասարդների շիրիմին, որոնք շատ երազներ ու մուրազներ ունեին, կիսատ մնաց: Թող նրանց բոլորի հարազատի, բարեկամների երեխաները ծնվեն, մեծանան, անպայման վրեժ լուծենք: Մերոնք էլ այնտեղ են, մեր երեխեքը Մարտունուց բոլորը Շուշիում են, Լաչինում: Տեր Աստված, ուրիշ ելք չկա, պետք է հաղթենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ