Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիզնես նպատակներով իմ տղայի նկարը չհայտնվի ինչ-որ ապրանքանիշերի վրա, ես խիստ հետեւողական եմ լինելու ու ամենախիստ ձեւով պատժելու եմ». Ալբերտի հոր զգուշացումը

Նոյեմբեր 08,2020 16:44

«Մի բան կուզենայի ասել, կարող է կոպիտ հնչի ասածս, բայց պիտի ասեմ»,- այսօր Եռաբլուրում մեզ հետ զրույցում այսպես ասաց մեր հերոսի՝ պատերազմի խորհրդանիշ դարձած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ իր դժգոհությունը հայտնելով մի հարցի շուրջ, որն իրեն մտահոգել է:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ալբերտի քառասունքի արարողությունն էր: Արտակ Հովհաննիսյանն ասաց. «Շատ մարդիկ թող ո՛չ շահարկեն, ո՛չ քննարկեն, եթե ունեն անելու բան, ուրեմն թող անեն, թող իմ արածները ոչ մեկը չմեկնաբանի: Ու մեկ էլ մի խնդրանք՝ բիզնես նպատակներով իմ տղայի նկարը չհայտնվի ինչ-որ ապրանքանիշերի վրա: Ես խիստ հետեւողական եմ լինելու ու ամենախիստ ձեւով պատժելու եմ: Իմ համար նման օրենք չկա, որ գործի ու ես իրեն չպատժեմ: Եվս մեկ անգամ զգուշացնում եմ եւ հորդորում եմ՝ նման բան ես թույլ չեմ տալու:

Հարցեր ունե՞ն, բոլորն իմ տեղը գիտեն, կարող են մոտենալ, խոսել, զանգել, շփվել, ստանալ այդ իրավունքը: Էդ ի՛մ իրավունքն է, էդ երեխուն մենք ենք աշխարհ բերել, իրանք չեն բերել ու ոչ ոք իրավունք չունի իմ փոխարեն որոշում կայացնել»:

Երբ հետաքրքրվեցինք՝ դուք մի աննկարագրելի քայլ արեցիք, Ալբերտի զոհվելուց հետո ձեր մեքենան նվիրաբերեցիք Հայոց բանակին, դրանով ի՞նչ ուղերձ էիք ուզում փոխանցել եւ կարո՞ղ է ձեր այդ քայլը լավ իմաստով վարակիչ լինել մյուսների համար, Արտակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ուղղակի դա իմ սրտի ցանկությունն է եղել, ուղղակի ուզեցել եմ, որ գոնե եթե այդ մեքենան կարողանա փրկի թեկուզ մի զինվորի կյանք, թող փրկի: Այնպես չի, որ նյութականով պետք է ապրենք: Այդ նյութականը մենք ենք ստեղծում, մենք երբ ուզենք՝ կստղծենք: Հիմա դրա ժամանակը չի»:

Մենք նաեւ հարցրեցինք՝ վերջին անգամ երբ խոսում էիք Ալբերտի հետ, ի՞նչ էր փոխանցում, ի՞նչ էր ասում, հայրը պատասխանեց. «Ուղղակի ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, պինդ է, մենք մինչեւ ատամներս զինված ենք ու մենք հաղթելու ենք: Երբ որ իրեն հարցնում էի, ասում էի՝ ո՞նց ես պատկերացնում այդ հաղթանակը, ասում էր՝ դե պապ, ընդամենը Բաքվում ուտել-խմելով: Չգիտեմ ինչը խանգարեց իրեն, բայց հաստատ համոզված եմ, որ մենք կհաղթենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30