Լրահոս
Օրվա լրահոսը

Հրետանավոր հերոսի՝ Ալբերտի հոր խնդրանքը՝ ժողովրդին. «Միասի՛ն եղեք, մենք չպետք է թույլ տանք, որ մեզ խանգարեն»

Նոյեմբեր 08,2020 16:22

Այսօր Եռաբլուրում պատերազմի խորհրդանիշ դարձած մեր հերոսի՝ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի քառասունքի հոգեհանգիստն էր:

Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը խնդրանք ուներ հանրությանը. «Այս օրերին բոլորս պետք է միասին լինենք: Չպետք է փնտրենք մեր մեջ մարդկանց, ում մեղադրենք, ինչ-որ բաներ ասենք: Մենք հիմա ավելի քան երբեւէ պետք է լինենք միասին: Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ խանգարեն, ու մենք պետք է հաղթենք՝ հանուն մեր հերոսների, հանուն մեր երեխեքի, հանուն մեր հայրենիքի:

Մի բան եմ ուզում խնդրեմ՝ ուղղակի միասին եղեք, էդքան բան, ժողովուրդ ջան: իսկ Ալբերտն իմ համար կա, լինելու է ու միշտ: Ինքը, ճիշտ է, դարձել է այս պատերազմի սիմվոլը համայն հայության համար, աշխարհի համար, ես նաեւ հպարտ եմ իրենով շատ: Խոնարհումս եւս մեկ անգամ մեր նահատակված հերոսներին»:

Երբ հարցրեցինք՝ քաղաքացիական կյանքում ինչպիսի՞ն էր Ալբերտը, ի՞նչ տրամադրությամբ է գնացել բանակ, ի՞նչ երազանքներ ուներ, հայրը պատասխանեց. «Քաղաքացիական կյանքում ինքը շատ ուրախ էր, ոնց որ մնացած երիտասարդները, բարձր տրամադրությամբ է գնացել, որովհետեւ գիտեր՝ դա իր պարտքն է ու պետք է տա: Երբեւիցե մի անգամ չի եղել նման հարց, որ մենք քննարկենք՝ ինքը պե՞տք է գնա բանակ, թե՞ չպետք է գնա, դժվա՞ր է, թե՞ հեշտ է: Մենք նման խնդիր չենք ունեցել երբեւէ»:

Հայրը պատմեց, որ Ալբերտն ուզեցել է բանակում ծառայել «Պատիվ ունեմ» ծրագրով, բայց չի ստացվել. «Գնաց սովորական, 6 ամիս եղել է Լուսակերտի զորամասում, ծանոթացել է իր զինատեսակի հետ, ստացել է շքանշաններ, կոչումը եղել է կրտսեր սերժանտ, եղել է հաշվարկի հրամանատար, բազում մարդկանցից, իր հրամանատարներից լսել եմ, որ ինքը շատ լավ կռվել է, եղել է պատրաստված, գիտեմ, որ լավ ուժեղ կորուստներ է հասցրել ադրբեջանցիքին, այսինքն, այն մարդկանց, ովքեր այսօր մեր դեմ կռիվ են տալիս, այն վարձու ժողովրդին, ովքեր կռվում են այսօր մեր 19 տարեկան երեխեքի դեմ:

Ուղղակի ժողովուրդը պետք է շատ պինդ լինի: Ես գիտեմ, որ շատ ընտանիքներում կա այս ցավը, շփվում եմ շատերի հետ, փորձում եմ ինչ-որ կերպ աջակցել: Ինձ էլ տարբեր տեզերից, աշխարհի տարբեր մասերից շատ մարդիկ ե՛ւ աջակցում են, ե՛ւ իրենց սրտի խոսքն են ասում: Շնորհակալ եմ բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30