Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ վերջին զինվորը կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ նահանջ է եղել». ՊՆ ներկայացուցիչ

Նոյեմբեր 07,2020 23:14

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ տեղին չէ Արցախից մարդկանց տարհանման թեմայով խոսելը, գնահատականներ հնչեցնելը. «Դուք գուցե ստանում եք ձեր ինֆորմացիան այս կամ այն ծանոթից, մոտիկից, բարեկամից՝ առանձին վերցրած ճակատի մասին, որտեղ կարող է լինել ծանր դրություն, կարող է լինել նահանջ, կորուստներ, եւ դրանով սկսում եք ամփոփիչ տվյալներ ներկայացնել: Իսկ մենք օրվա ընթացքում ինֆորմացիա ենք ստանում մոտավորապես 1000 կմ ճակատից, ամենատարբեր տեղերից, ստանում ենք այդ տեղեկությունները՝ ամփոփելով ընդհանուր իրավիճակը:

Եթե ձեր տրամաբանությանը հետեւենք եւ այդ բարդ իրադրության մասին շեշտադրումը միայն դրա վրա դնենք, ի՞նչ պետք է պատասխանենք մյուս բազում ուղղություններում առավոտից երեկո հերոսաբար դիմադրած ու հակառակորդին հետ շպրտած կամ դիրքեր բարելաված ստորաբաժանումների հրամանատարներին, զորքին: Չէ՞ որ լավ օրինակների վրա պիտի հիմնվենք զորքի մարտունակությունը պահպանելու համար, որպեսզի կարողանանք հաղթանակներ կռել»:

Համացանցում մարդիկ իրենց զոհված հարազատների մասին տեղեկություններ են հրապարակում, սակայն նրանց անուններն արդեն իսկ հրապարակված ցուցակներում չկան, ինչո՞ւ հայտնի զոհերի անունները, որոնց արդեն հուղարկավորել են, չեն հրապարակում: Այս հարցին ի պատասխան՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ դա կարող է լինել իրենց աշխատանքի թերացման պատճառով:

Մեկ այլ հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված Արցախից հնչած խուճապի չմատնվելու մասին հայտարարությունները, Արծրուն Հավհաննիսյանը պատասխանեց. «Այդ հայտարարությունները պայմանավորված էին տարբեր տեսակի խուճապային տրամադրություններով, որը մեզ չի սազում: Սա մեր գոյության պայքարն է, մեր անհաջողությունները, դժվարությունները, մեր կորուստներն ու նահանջները մեզ չպետք է կոտրեն, մենք մինչեւ վերջ պետք է դիմադրենք, որովհետեւ հաղթանակը մերն է լինելու, որովհետեւ մեր տունն ու մեր տեսակն ենք պահում»:

Նրա խոսքով. «Եթե կոնկրետ որեւէ նշանակալի բնակավայր ենք կորցնում, մենք դրա մասին հայտնում ենք, բայց եթե դրա մասին դուք իմացել եք ինձանից շուտ, որովհետեւ մեկը դրա մասին ասել է ու փախել է այդ տեղամասից կամ իր բարեկամն է այդպիսի մի բան փոխանցել իրեն, քանի դեռ վերջին զինվորը այդ տեղամասում կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ նահանջ է եղել կամ կորուստ: Իսկ զինվորը կռիվ է տալիս այդտեղ… Ձեզանից շատերը պնդում էին օրեր շարունակ, որ մենք կորցրել էինք այս տարածքը, այն տարածքը, խոսում էիք Հադրութի, մյուս գյուղերի մասին, իսկ ես ասում եմ, որ Հադրութի մերձակայքում կռիվ են տալիս հայկական ստորաբաժանումները, ես չեմ կարող ասել, որ սա կամ նա կորցրել ենք, քանի դեռ մարդիկ մեր վստահությունն են ուզում, որպեսզի շարունակեն պայքարը»:

Տավուշի մարզի սահմանամերձ գոտու եւ Քարվաճառի շրջանի իրավիճակի մասին խոսելիս ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն օրվա ընթացքում եղել են հրետակոծության դեպքեր, փոքր հետախուզական գործողությունների փորձեր, բայց ծանր մարտեր չեն ընթացել:

Դավիթ Բեկ գյուղին էլ անդրադարձ եղավ: «Ես տասը րոպե առաջ խոսում էի Դավիթ Բեկի տղաների հետ, որոնց մարտական ոգին շատ բարձր էր, պատրաստակամ էին, մարտական հերթափոխից էին գալիս… Իհարկե օրվա ընթացքում կրակում են, հրետակոծում են, պատասխան էլ են ստանում, բայց առանձին վերցրած ընդհանուր առմամբ նորմալ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30