Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունիի բարձունքը հետ բերած լեգենդը՝ Նաիրի Ղահրամանյանը, զինվորներին առյուծ է դարձրել ու ասել՝ իմ հետեւի՜ց. Հերոսը վիրավորվել է ու վերացրել իրեն խփած դիպուկահարին

Նոյեմբեր 07,2020 22:54

Լուսանկարներում Մարտունիի լեգենդն է՝ Նաիրի Ղահրամանյանը: Մարդ, որին տեսնելիս մարտական ընկերները, ճանաչողները չեն կարողանում չասել՝ շնորհակալ ենք, հերոս, որ մեր կողքին ես:

Նաիրին Մարտունիի շրջանի հատուկ ջոկատի հրամանատարն է: Եթե կան բարդ հանձնարարականներ, ծանր իրավիճակ, ուրեմն Նաիրին իր ջոկատով հենց այդ թեժ կետում է:

Նաիրին այս օրերին Երեւանում է, վիրավոր: Հրաշքով է փրկվել, հակառակորդի դիպուկահարի գնդակը եթե մի փոքր չշեղվեր, սրտին էր դիպչելու:

Մեզ հետ զրույցում Նաիրի Ղահրամանյանի մարտական ընկերը՝ Դավիթ Մկրտչյանն ասաց. «Նաիրին այնքան բան է արել, շատ-շատ բան է արել, ուղղակի ինքը ռեկլամ լինող տղա չի, էլի, հասկանո՞ւմ եք, պետք է կողքից մեզ հարցնեք, որ պատմենք, մարդիկ ճանաչեն մեր կողքին ապրող իրական հերոսներին: Օրինակ, օրերս մի հատ շատ կարեւոր դիրք մենք հետ բերեցինք, հաշված ժամերի ընթացքում բարձունք հետ բերեցինք, դիվերսիոն խումբն արդեն մտել էր այնտեղ: Հետ բերեցինք Նաիրիի շնորհիվ, այսպես ասեմ՝ բարձունքը հետ բերեց Նաիրին՝ հաշված ժամերի ընթացքում»:

Դավիթի խոսքով՝ երբ մեր զինվորները սխրանք են գործում, այդտեղ շատ կարեւոր է հրամանատարի դերը. «Նույն զինվորը կարող է գառի նման մորթվի, կարող է նապաստակի նման փախչի, կարող է առյուծին նման կռվի, այդտեղ շատ կարեւոր է հրամանատարը, ա՛յ Նաիրին այ էդ հրամանատարներից է: Կոնկրետ այդ բարձունքը, որ մենք գնացինք, արդեն թուրքերը վերցրել էին, հասկանո՞ւմ եք, զինվորները իջել էին ներքեւ, երեխա էին, զգուշացել էին, Նաիրին զինվորներին սարքեց առյուծ ու ասեց՝ իմ հետեւից: Ինքը առաջից գնաց, հասկանո՞ւմ եք, մենք էլ իր հետեւից: Ինքը էն հրամանատարներից է, որ չի բրդում առաջ է՜, ինքը առաջից է գնում, Մոնթեի նման, որ ասում էր՝ իմ հետեից:

Մտանք, խփեցինք իրանց, դիրքը հետ բերեցինք: Նաչնոյով էլ Նաիրին նայեց, եթե ուշացնեինք, արդեն թուրքը կգար էդտեղ կնստեր, դժվար կլիներ վերցնելը, դիվերսիոն ռոտա էր մի հատ: Նաչնոյով Նաիրին նայեց, ասեց՝ այ էս ուղղությունով խփում ենք, խփեցինք ու չթողեցինք էլ, որ մոտ գան իրանք: Դիրքը կարգավորվեց, իսկ զինվորներն արդեն առյուծի նման այդտեղ կանգնեցին, նոր մենք իջանք էդտեղից: Ու այդպես ամեն օր: Ամեն օր, որտեղ որ բարդ իրավիճակ էր, Նաիրիի հրամանատարությամբ սպեցջոկատով գնում ու կանգնում էինք այդտեղ՝ ամենաբարդ, ամենավտանգավոր տեղերը:

Նաիրին էդպիսի հրամանատար է, պրոֆեսիոնալ, կռվից ուժեղ հասկանում է, դուխն էլ անսպառ հերիքում է: Ու համեստ մարդ է, ոչ սիրում է ռեկլամ լինի, ոչ էլ կպատմի իր արած գործերի մասին: Ինքը իդեալական է, այ էդ ձեւի տղա է, էդ ձեւի հերոս»:

Որքան էլ զարմանալի է Նաիրի Ղահրամանյանը, չնայած երիտասարդ տարիքին, մասնակցել է նաեւ արցախյան առաջին ազատամարտին, ընդամենը 13-14 տարեկան դպրոցական է եղել, զենքը ձեռքն է վերցրել ու գնացել է առաջնագիծ՝ իր հայրենի սահմանները պաշտպանելու: Ծնունդով Արցախից է՝ Ղարաբաղի Մարտունի քաղաքից, իր տունն է պաշտանել:

Նաիրի Ղահրամանյանին շնորհվել է Արիության մեդալ: Մարտական ընկերներն ասում են. «Այսօր որ Մարտունին ամուր կանգնած է, այդտեղ շատ-շատ մեծ է Նաիրիի ներդրումը: Մի քանի օր առաջ Մարտունիի մարտերում էլ, երբ վիրավորվեց ու հրաշքով փրկվեց, իրեն խփող դիպուկահարին անգամ ինքը խփեց՝ վիրավոր վիճակում լինելով: Ինքը արդեն գիտեր՝ որտեղից է սնայպերը խփում, դրանից մի օր առաջ էդ նույն սնայպերը մեր ընկերներից մեկին խփեց, դժբախտաբար, սրտին, մեր Նիվոն մահացավ, հաջորդ օրը Նաիրիին խփեցին, ուղղակի՝ մի մազ վերեւ: Ինքը տոչկեն գիտեր, հեռվից խփեց, գնացինք տեսանք՝ էդ սնայպերը վառված է արդեն»:

Դավիթ Մկրտչյանն ասաց. «Կռիվն ինչ սկսել է, ես քաղաքական հարցերը դրել եմ մի կողմ, ֆեյսբուքում ակտիվ չեմ, ասել եմ՝ մեր գլխավոր նպատակը հիմա թշնամուն հաղթելն է ու տարաձայնություններս, սեւ-սիտակ, սաղ մի կողմ դրած՝ ես գնացել եմ ու ֆեյսբուք չեմ էլ մտել: Բայց տեսնելով, թե ինչ սխրանքներ է անում Նաիրինի, չկարողացա պահեմ, մտա ֆեյսբուք ու իրան այսպես բնութագրեցի, էն երգի նման՝ «կռիվներ էր մղում նա բոցերում անշեջ, սխրանքները չէր պատմում, պահում էր իր մեջ»: Ա՛յ էդ տղեն ա Նաիրին, կյանքում չի պատմի իր արածները: Իրոք, հերոս տղա է, իրա ցավը տանեմ: Երբ որ զինվորի կողքին իր պես հզոր տղա կա, ցանկացած զինվոր էլ կդառնա առյուծ»:

Նաիրի Ղահրամանյանը ռազմի դաշտում է կռիվ տալիս, եղբայրը՝ Նորայր Ղահրամանյանն էլ թիկունքն է ապահովում ու օգնություն է հասցնում Մարտունի ու այլ շրջաններ: Այստեղ անչափ մեծ է նաեւ Ռուսաստանի Օբինսկ քաղաքի հայերի, հատկապես՝ Նվեր Դանիելյանի ներդրումը, որն ուղղվում է ուղիղ բանակին:

Մանրամասները՝ լուսանկարներում ու տեսանյութերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30