«Ռազմաճակատի տարբեր հատվածներուն ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում՝ գիշեր, թե ցերեկ, մասնավորապես Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, եւ մարտերը չեն դադարում: Ես նշել եմ, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երեւում է, հակառակորդը նոր միջոցներ եւ ուժեր ներգրավելով՝ շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրականացնելու պլանները: Մեր զորքը համառորեն դիմադրում է թեւերին, թիկունքին, բայց մարտերը համառ են եւ շարունակական, ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն: Փաստորեն արդեն երրորդ օրը շարունակվում են մարտերը»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, մարտեր են ընթանում նաեւ Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարինտակ, Լիսագոր եւ այլ հատվածներում. «Երբ այս ծանր մարտերն ընթանում են, եւ Շուշին պայքարում է մինչեւ վերջ, հայ զորականը պայքարում է, մեր բոլորիս պարտքն է հավատալ եւ վստահել հայ զինվորականին, ուստի տեղին չեն որեւէ տեսակի այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները՝ նահանջի մասին: Ոչինչ, մենք դիմադրում ենք, դիմադրում ենք հերոսաբար, եթե անգամ նահանջում ենք, պետք է պահենք մեր մարտունակությունը: Զորքը պետք է պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ օրվա ընթացքում եղել են մարտեր նաեւ այլ ուղղություններում. «Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել, զրահատեխնիկան հետ է շպրտվել՝ ելման բնագծերում թողնելով դիակներ: Շուշիից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել, նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է բարելավում իրականացնել այդ ուղղությամբ:
Այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը եւ դիրքերի, եւ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են ոչ մեծ մաշտաբի հրետանային միջոցների կիրառություն, հրետակոծություններ»:
Կարդացեք նաև
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ մեր զորքը շարունակում է պայքարել Շուշիի համար, եւ բոլորի պարտքն է վստահել ու հավատալ մեր զորքին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ