Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն դստերս, այլ շատ ծնունդներ ենք նշելու»․ առաջնագծում վիրավորված Վահեն շտապում է նորից հետ գնալ

Նոյեմբեր 07,2020 22:17

Վահան Մկրտչյանն արմատներով Սյունիքի Հալիձոր գյուղից է։ Ամուսիններ Դավիթ եւ Արեւիկ Մկրտչյանների առաջնեկն աղջիկ էր՝ Մելինեն, հետո ծնվեց Վահեն (Վահանին ծնված օրվանից այդպես էի դիմում՝ խմբ․): Վահեից հետո եւս երկու արու զավակ ունեցան Մկրտչյանները։
Վահեն դեռ մանկության տարիներից աչքի էր ընկնում իր հնարամտությամբ, ինչպես գորիսեցիներն էին ասում «պընդ կոճղ էր»։

Հորեղբայրը՝ Վարդգես Մկրտչյանը, 39 տարի ոստիկանության համակարգում է ծառայել եւ մասնակցել է 1991-94 թվականների հայ–ադրբեջանական հակամարտությանը։ Հետո, երբ մեծացավ Վահեն, հորեղբայրը պատմում էր ռազմադաշտի հերոսություններից, զինվորական համազգեստով փոքրիկ Վահեին զբոսանքի էր տանում։ Ի դեպ, Վահեն 3 տարեկան էր, երբ ձեռքի մատները մնում են երկաթե դարպասի տակ եւ համարյա մատները կտրված վիճակում հորեղբայրը 3 ժամում Վահեին Գորիսից Երեւան է հասցնում՝ փրկելով կյանքը։ Հենց այդ օրվանից Վահեն մի տեսակ կապվում է հորեղբոր հետ։

Թերեւս հենց Վահեի մեջ հայրենասիրությունը այդպես է արմատավորվում։ Բանակում ծառայելուց հետո ընդունվում է Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման «Կառավարում (ըստ ոլորտի)» բաժինը։ Հետո ընտանիքով հերոսական Հալիձորից տեղափոխվում են մեկ այլ հերոսական բնակավայր՝ Մուսալեռ։ Այստեղ էլ Վահեն անցնում է զինվորական պայմանագրային ծառայության՝ համատեղելով նաեւ բարձրագույն կրթությունը։ Այժմ չորրորդ կուրսի ուսանող է։

Կապավոր է, Շուշիի համար մղվող մարտերում հոկտեմբերի 29-ին վիրավորվում է։ Հիշում է՝ մղջավանջի մեջ կարծես լիներ։ Աչքին ոչինչ չէր երեւում։ Երկու երազանք ուներ․ մեկ տարեկան աղջիկն էր, որին խոստացել էր ծննդյան առաջին տարեդարձին մասնակցել, եւ մյուս չիրականացված երազանքը՝ թշնամուն ծնկի իջած տեսնելն էր։

Քչախոս է, ոտից է վիրավորվել։
Հարազատները պատմում են, որ ոսկորներն ազդրից հեռացել էին, Վահեն ինքը իր ձեռքով ոսկորները մոտեցրել է իրար, գոտին հանել, կապելով՝ անշարժացրել, ապա մոտ 200-300 մ-ի չափով սողացել դեպի մեր դիրքերը՝ ընկել մի փոսի մեջ եւ ուշաթափվել։ Արթնացել է հեռախոսի զանգից՝ մարտական ընկերներն են եղել ու մի կերպ Վահեն բացատրել է տեղը, գտել են նրան եւ հասցրել Ստեփանակերտի բժշկական կենտրոն։ Այստեղ Վահեին վիրահատել են, բայց քանի որ շատ արյուն է կորցրած լինում, որոշում են տեղափոխել Երեւան։

«Բուժքույրը զանգեց, աչքալուսանք տվեց, ասաց՝ տղադ ողջ ա, վիրահատել են ու բերում են Երեւան, էդ պահին չգիտեի ինչ զգացում պատեց ինձ, կարծես նորից ծնվեց Վահես»,–ասում է մայրը՝ տիկին Արեւիկը։
Հիմա Վահեն Երեւանի «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում է բուժում ստանում։ Մի փոքր կազդուրվելուց հետո հերթական վիրահատությունը պիտի արվի։ Չի համբերում, շտապում է, բուժող բժշկին՝ Հակոբ Մարտունիչին անընդհատ խնդրում է շուտ անել վիրահատությունը, որպեսզի կարողանա նորից մեկնել առաջնագիծ։ «Եթե երեք տարեկանում դիմացել եմ ցավին, ապա հիմա՝ 25 տարեկանում կդիմանամ։ Ուզում եմ շուտ տեսնել թշնամու պարտությունը»,–ասում է Վահեն։

Հոգ չէ, որ նոյեմբերի 2-ին չկարողացավ նշել դստեր՝ էլենի ծննդյան առաջին տարեդարձը։ «Ոչինչ, դեռ կհասցնենք Էլենի մյուս տարեդարձները նշել, եւ ոչ միայն աղջկաս։ Դեռ շատ ծնունդներ ենք նշելու, կարեւորը հիմա հաղթանակն է, եւ հաղթելու ենք»,–ասում է արդեն պատերազմի բովով անցած եւ փորձառություն ձեռք բերած Վահե Մկրտչյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդուհի Օհանջանյան says:

    Հեղինակը կարողանում է մեզ մղել ապրումակցման։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30