Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայրս ասում էր՝ պիտի հասնեմ մինչև գեներալ, բայց ափսոս չհասցրեց». Ռոզա Գրիգորյանը՝ եղբոր՝ կապիտան Անդրանիկ Գրիգորյանի մասին

Նոյեմբեր 07,2020 21:36

Կապիտան Անդրանիկ Գրիգորյանը չորս ամիս առաջ էր ամուսնացել, շատ էր ուրախացել լուրից, որ կինը երեխայի է սպասում: Գավառցի 26-ամյա Անդրանիկի նպատակն էր գեներալ դառնալ, բայց ավաղ, Մարտակերտում հոկտեմբերի 2-ին զոհվեց իր զինվորական պարտքը կատարելիս:

Սպա Անդրանիկ Գրիգորյանի փոքր քույրը՝ Ռոզա Գրիգորյանը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ եղբայրը դեկտեմբերի 7-ին կդառնար 27 տարեկան: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, երեք տարի ծառայել է Դիլիջանում, հետո տեղափոխվել Մարտակերտ: Անտեղ էլ մահացու վիրավորում է ստացել:

Եղբոր զոհվելու օրը նրանից տեղեկություն չեն ունեցել, բոլոր բարեկամները հավաքված են եղել Անդրանիկի հայրական տանը: Ռոզան ասաց՝ հայրն էլ էր կամավորագրվել, մեծ եղբայրն էլ սպա է, նա էլ Եղնիկների զորամասում է ծառայում: Հիմա ոտքը վիրավոր է: Անդրանիկի զոհվելու օրը հորից և մեծ եղբորից տեղեկություն ունեցել են, բայց Անդրանիկն ամբողջ օրը զանգերին չի պատասխանել: Հետո իմացել են՝ զոհվել է:

Ռոզան ասաց՝ եղբայրը շրջապատում հարգված ու սիրված էր. «Մեծատառով մարդ էր: Եղբայրս շրջապատում մեծ անուն ուներ, գրեթե բոլորը նրան ճանաչում էին: Երբ գալիս էր, պիտի գնար բոլորին՝ ուսուցիչներին, ընկերներին, բոլորին պիտի տեսներ, նոր գար ընտանիք: Մեծ խելքի տեր անձնավորություն էր. այնպիսի բաներ էր խոսում, որ զարմանում էինք նրա ուղեղի վրա, իր խելքի համար մեդալներ է ստացել՝ Ծովալալ Իսակով և այլն: Եղբայրս շատ լավ է սովորել և′ դպրոցում, և′ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում»:

Անդրանիկ Գրիգորյանի հոր՝ Կարեն Գրիգորյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ երբ որդին ժամանակին ընտրել է զինվորականի մասնագիտությունը, իրենք ինչպե՞ս են ընդունել այդ որոշումը:

Նա ասաց. «Ես էլ եմ ծառայել: Այսօր խելոք մարդիկ մեզ շատ են պետք զինվորական բնագավառում, որ լավ մարդիկ լինեն, գիտակից գործեր անեն: Որդիս ուզել է սովորել, ուզել է զինվորական դառնալ, փոքրուց մեջը եղել է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորող ամենափոքր երեք տղաներից մեկն ինքն է եղել: Տրամաբանող, ինքը լրիվ ուրիշ մարդ է, նման մարդիկ դարը մեկ չեն տալիս»:

Ռոզան էլ պատմեց՝ հայրենասիրությունը հորից է փոխանցվել իր եղբորը, քանի որ հայրն էլ 1990-1992-ի ազատամարտին է մասնակցել. «Դպրոցի վերջին տարիներին որ հարցնում էինք՝ ի՞նչ մասնագիտություն ես ուզում ընտրել, ասում էր՝ զինվոր պետք է դառնամ, հասնեմ մինչև գեներալ, բայց ափսոս չհասցրեց դառնալ գեներալ»:

Ռոզան պատմեց՝ իր հայրն էլ եղբոր զոհվելու ժամանակ Օմարում է եղել, ցանկացել է գնալ Մարտակերտ, բայց Օմար են տարել: Զինակից ընկերները Անդրանիկի զոհվելու դրվագն այսպես են ներկայացրել. «Երբ կրակել է թշնամուն իր զենքից մի քանի անգամ, կպել է փամփուշտը, ինքը պտտվել է, իր զինվորներին ասել՝ տեսաք՝ ոնց կպավ: Այդ պահին ինքը թմբի վրա է կանգնած եղել, թշնամին այդ ժամանակ կրակել է, փամփուշտը կպել է թմբին ու թռել Անդրանիկի երեսին: Փամփուշտը դիպչել է դեմքի հատվածին, պարանոցի ամպուտացիա է տեղի ունեցել, և տեղում Անդրանիկը մահացել է»:

Անդրանիկի հայրը մեզ հետ զրույցում ասաց՝ միակ բանը, որ ցանկանում է, այն է, որ խաղաղության մասին լսենք. «Տա Աստված, որ իրար հետ հիմա խոսում ենք, մեր խոսելուց հետո լսենք, որ մեր երկիրը խաղաղ է, էլ կռիվ չի լինելու, միայն դա եմ ցանկանում: էրեխեքը թող ապրեն էլի, մարդիկ թող ապրեն էլի, բայց եթե պետք է Հայաստանիս համար կանգնել, ամեն րոպե կանգնած ենք: Սաղ տեղերից էլ տեղեկություն ունենք, լավ էլ մեր տղերքը հուպ են տալիս, դրանց ջարդում: Պետք է ջարդեն դրանց, հանեն դուրս, վերացնեն, որ հասկանան, զգան երկիրն ինչ է, նավթահորերը մեզ մնան, որ էլ տեղ էլ չունենան մնալու էս երկրի վրա: Իրենք պղծված ազգ են, իրենք անպետք ազգ են»: Կարեն Գրիգորյանն ասաց` տղայի քառասունքն անցնի, էլի պետք լինի, կգնա: Հիմա էլ է կարևոր գործեր անում ռազմաճակատի համար:

Ռոզան էլ վստահ ձայնով մեզ հավաստիացրեց՝ մենք թուրքին տալու հայրենիք չունենք. «Հայրենիքի համար այդքան արյուն է թափվել, իմ եղբոր արյունն է թափվել, ուրիշի հոր, զավակի արյունն է թափվել, և պիտի այնպես չլինի, որ այդ արյունը զուր գնա»:

Հայրն էլ ասաց՝ ոչ մեկ չի ուզում արյուն թափել, բայց պետք է հասկանալ՝ կռվի ժամանակ հալվա, գաթա չեն բաժանում. «Այնքան լավ տղաներ կան կանգնած հայրենիքի սահմաններին, գիտակցաբար կանգնած են, գիտակցում են՝ ինչ է լինելու, բայց սկի մի հատ էլ չեն մտածում: Վիրավորներ կան, որ իրենց վիրակապերը դնում, նորից պայքարում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Գրիգորյանի քույրը՝ Ռոզա Գրիգորյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30