Դիլիջանի երկրագիտական թանգարանը կազմակերպել է արվեստի ստեղծագործությունների բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է պատերազմում զոհվածների ընտանիքներին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Aravot.am-ի հետ զրույցում թանգարանի գլխավոր գիտաշխատող Անժելա Լալայանը նշեց, որ ցուցահանդեսին հիմնականում ցուցադրված են Դիլիջանում ապրող և ստեղծագործող արվեստագետների աշխատանքները, սակայն ցուցահանդեսը բաց է բոլոր արվեստագետների համար։
«Ցուցահանդեսում կան աշխատանքներ, որոնց հեղինակները այժմ գտնվում են առաջնագծի ամենաթեժ հատվածներում՝ նկարիչ Միքայել Թորոսյանը իր գեղանկարները հանձնելուց անմիջապես հետո մեկնել է առաջնագիծ, և նման բազմաթիվ արվեստագետներ կան այժմ Դիլիջանում»։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին իրենց գործերը նվիրաբերելու ցանկություն են հայտնել նաև այլազգի արվեստագետները։
Յերոսլավ Զաբավսկին, որը Դիլիջանի միջազգային դպրոցում արվեստի դասախոս է, արդեն երկու կերամիկական աշխատանք է նվիրել ցուցահանդեսին.
«Ես ընտանիքիս հետ արդեն չորս տարի է, ինչ այստեղ եմ ապրում։ Հայաստանին սիրահարվել եմ հենց առաջին հայացքից ու ինձ տեղացի արվեստագետ եմ համարում։ Երբ լսեցի ցուցահանդես – վաճառքի մասին, միանշանակ ցանկություն եղավ իմ փոքրիկ ներդրումն ունենալ Արցախի համար»։
Արվեստագետի խոսքով՝ վերջին չորս տարում իր ստեղծագործությունների հիմնական ոգեշնչումը ստանում է Հայաստանի բնաշխարհից։
Զաբավսկին նշում է՝ Դիլիջանի միջազգային դպրոցի ամբողջ անձնակազմն է հուզված Արցախում ծավալված պատերազմի համար. «Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, շատ տխուր է և ողբերգական։ Այս իրավիճակում արվեստագետների համար ևս շատ դժվար է ստեղծագործելը։ Ես ունեմ հայ աշակերտներ, որոնց բարեկամներն ու հարազատներն են առաջնագծում, սակայն ես փորձում եմ նրանց հետ ստեղծագործական աշխատանքի միջոցով ներքին խաղաղությունը պահպանել։ Ես իհարկե շատ մեծ հույս ունեմ, որ այս ցավոտ ու սև օրերը կանցնեն ու այս երկրի համար ամեն ինչ շատ լավ կլինի»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ