Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանն ինքն է առաջարկել հանդիպել «Արցախի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներին. ինչ են պատմել դեսպանին ադրբեջանական ագրեսիայից տուժած մայրերը

Նոյեմբեր 07,2020 17:16

Նոյեմբերի 5-ին Գերմանիայի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ցույցից հետո «Արցախի մայրերի ձայնը» («Artsakh’s voice matters») նախաձեռնության անդամների հետ կապ են հաստատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից եւ հրավիրել դեսպանի հետ հանդիպման: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանը:

«Ֆրանսիայի դեսպանատան մամլո խոսնակը զանգեց եւ առաջարկեց հաջորդ օրը հանդիպել դեսպանի հետ: Ասաց, որ պարոն դեսպանը պատրաստակամություն է հայտնել ընդունել մեր նախաձեռնող խմբին: Բնականաբար, իսկույն համաձայնեցինք»,-ասաց տիկին Ադամյանը՝ նշելով, որ Ֆրանսիայի դեսպանին իրենց պահանջները փոքր-ինչ այլ շեշտադրումներով էին՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկիր է եւ կարեւոր դերակատար է, որն այս օրերին ջանքեր գործադրել է, որպեսզի զինադադար հաստատվի եւ պահպանվի. «Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը բարձրաձայնել է, որ Արցախի սահմանին ահաբեկիչներ են՝ Թուրքիային հասցեական հայտարարություններ անելով: Մենք զարգացումներին հետեւել ենք, գիտենք, թե Էրդողանը պարոն Մակրոնին ինչպիսի պատասխան տվեց, մենք գիտենք, թե Ֆրանսիայում ինչպիսի ահաբեկչական գործողություններ են ընթանում: Այս ամենի մասին քննարկվեց պարոն դեսպանի հետ»:

Լիանա Ադամյանի խոսքով, դեսպան Ժոնաթան Լաքոթը կարեւորեց այն, որ այլ բան է, երբ լուսանկարներով, ռեպորտաժներով ես տեղեկանում, այլ բան, որ կինը հավաքական կերպարով ներկայացնում է պատմությունները՝ ինչպես է կորցրել իր բնակարանը, հայրենիքը, ընտանիքի անդամներին, ինչ խնդիրների առաջ է այսօր կանգնած՝ լինելով «փախստական» եւ ժամանակավորապես ապաստան գտնելով Հայաստանում:

«Դեսպանը լսելով յուրաքանչյուրիս պատմությունը, իսկ դրանք շղթայական պատմություններ են, քանի որ ես ներկայացնում եմ մայրաքաղաք Ստեփանակերտը, Իրինան՝ Հադրութ քաղաքը, Սիրանը՝ Մարտունին: Մենք ներկայացրինք բոլոր քաղաքների, բոլոր բնակավայրերի նկուղներում ապրող մարդկանց, պայքարող զինվորների, նաեւ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու եւ այն հումանիտար աղետի մասին՝ ինչի մեջ հայտնվել ենք»,-մեզ հետ զրույցում ասաց Լիանա Ադամյանը:

Ըստ նրա, դեսպանի հետ հանդիպումը շատ գործնական էր. «Մենք հստակ պահանջ ունեինք, որ Արցախի ճանաչումը հենց այպես չէ, որ սա կարող է զսպել Ադրբեջանին եւ Թուրքիային, որ սա պարզապես պայքար չէ, սա գոյատեւման պայքար է եւ բազում անգամ, տարիների ընթացքում Թուրքիան ցույց է տվել, որ ինքը կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի հանդեպ, եւ այն կեղծ օրակարգը մեզ համար ընդունելի չէ, որ այսօր տարածաշրջանում դերակատարներ են ուզում մտնել խաղի մեջ: Թուրքիայի մասին, Իրանի մասին, այսինքն՝ հնարավոր բոլոր զարգացումների մասին խոսվեց: Խոսեցինք նաեւ՝ ինչ է արվում այսօր Ֆրանսիայի կողմից, որի մասին բարձրաձայնվում է կամ չի բարձրաձայնվում: Իհարկե, գործնական հանդիպումներ առաջիկայում էլ լինելու են, պարոն դեսպանն ունի գործնական ծրագրեր, այդ մասին բարձրաձայնել չեմ կարող, որի մասին մեզ ներկայացվեց, որ անձամբ ինքը ծանոթանալու է այդ ամենին՝ մարդկանց պատմություններին, հիվանդանոցում բուժվող զինվորներին: Այն ամենը, որից հետո կլինեն հանդիպումներ գործնական քայլերի համար»:

Լիանա Ադամյանի խոսքով, նախաձեռնող խմբի պահանջը հետեւյալն էր. «Հրադադարը, որքան էլ հայկական կողմի համար ընդունելի է, նաեւ ընդունելի չէ այն առումով, որ մեր թշնամին մեջքը չուղղի չհանգստանա, ուժեր չհավաքի եւ ավելի մեծ ուժով չհարձակվի եւ կարևոր հանգամանք է, որ եթե այսօր գոնե հասցեական հնչում են, որ ահաբեկիչներ են Արցախի սահմանին, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ապա, չլինի հավասարության նշան՝ ինչպես՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն տարիներին էր: Մենք ասացինք, որ բոլոր երկրներն ունեն իրենց պատասխանատվությունը հավասարության նշան դնելով մեր եւ ագրեսոր Ադրբեջանի միջեւ»:

Նա կարեւոր առաջընթաց համարեց, որ երկիրն ինքն է հրավիրում ու հաշվի նստում. «Եթե Գերմանիայի դեպքում դեսպանը վախենում էր անգամ մեկ հոգու ընդունել համավարակի պատճառով, սա արդեն առաջընթաց է»:
Լիանա Ադամյանն ասաց, որ այս օրերին էլ արցախաֆրանսիական խորհրդարանական բարեկամության շրջանակներում մարդասիրական աջակցություն են ցուցաբերել ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքներին: Բացի այդ, Ֆրանսիայից ժամանել են բժիշկներ, որոնք պետք է օգնեն մեր զինվորներին կյանք կամ շարք վերադառնալու համար:

Հանդիպմանը մասնակցել է փոխդեսպանն ու դեսպանի օգնականը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30