Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավոր․ «Թո՛ղ մեկն ասի՝ դուրս գրած բիձա եմ, հետս կհանեմ «մարշ-բրոսոկի»

Նոյեմբեր 07,2020 16:08

Հմայակ Կարախանյանը «Կարմիր բերետներ» ջոկատի կամավորներից է։ Բոլորն իրեն ճանաչում են որպես Արթիկ։

«Ինձ էստեղ էնքան են ասել Արթիկցի բիձա, որ ես էլ եմ մոռացել անուն-ազգանունս»,- կատակում է Հմայակը։

Նա ջոկատի՝ տարիքով ավագներից մեկն է: «(Տարիքս՝ խմբ.) չեմ ասի, հո՞ խաբարբզիկ չեմ»,- պատասխանում է նա՝ հավելելով՝ «50-ը չհաշված՝ 7»։

Իսկ իրեն պարոն Հմայակ դիմելուց նկատողություն է անում․ «Պարոն չէ, կնեղանամ, չեմ խոսի։ Ոչ մի պարոն։ Իմ մեջ պարոնական չկա։ Ուղղակի Համիկ կամ Արթիկցի բիձա»։

Հմայակը մասնակցել է 90-ականների պատերազմին, շփվել է Պռոշյանի Պետոյի, Մոնթեի, Թաթուլի, Ասկոլկայի հետ։ Իսկ այս պատերազմի առաջին օրերից էլ Արցախում է․ «Ես որ չգա՞մ, էլ ո՞վ գա։ Չհասկացա, էստեղ եկածներից ումի՞ց էի պակաս տղա կամ իմ արյունը ո՞ւմ արյունից էր ավելի կարմիր։ Պետք էր, պետք է գայի, նամանավանդ, որ տղաս էլ է պատերազմի մեջ՝ դիրքերում է արդեն, հենց առաջին օրվանից, ժամկետային զինծառայող է՝ Խաչատուր Հմայակի Կարախանյան»:

Նա պնդում է, որ եթե իր տղան էլ զինծառայող չլիներ, մեկ է՝ ինքը պետք է գար․ «Սահմանին կանգնած տղերքը բոլորն էլ իմն են, տարբերություն չկա։ Կապ չունի՝ մեկի անունը Կարեն, մյուսինը՝ Պողոս, բոլորն էլ իմ համար խաչատուրներ են»։

Սկզբում դիմել է զինկոմիսարիատ, սակայն չեն համաձայնել տանել նրան առաջնագիծ․ «Նախապես մեր Արթիկի որոշ կազմակերպությունների հետ եկա Երևան։ Զինկոմիսարիատի հետ անհամաձայնության եկա՝ պատճառաբանում էին՝ տարիքդ մեծ է։ Բայց տարիքը ի՞նչ կապ ունի, ես վստահ եմ, որ գործին պիտանի մարդ եմ։ Եկա Երևան՝ իմացա, որ Կոմանդոս քեռու մոտ ջոկատներ են հավաքում։ Դե ես Կոմանդոս քեռուն էլ 90-ականներից գիտեմ»։

Ասում է՝ «Կարմիր բերետները» իրեն հարմար ջոկատ է, ինքն իրեն զգում է ասես իր «ափսեում»․ «Հիմնականում հներն են շատը, գործ իմացողները։ Նամանավանդ որ իմացա՝ ովքեր էին հրամանատարները։ Հրամանատարներին 90-ականներից գիտեի։ Պարզ բան է, որ ամեն թռչուն իր երամի հետ է, չնայած՝ դա չի նշանակում, որ ես թերագնահատում եմ մյուս ջոկատներին, մյուս հրամանատարներին։ Ուղղակի այս մասով ճիշտ տեղում եմ»։

Հմայակի խոսքով՝ տարիքն իրեն չի խանգարում․ «Թո՛ղ մեկն ասի դուրս գրած բիձա եմ, հետս կհանեմ «մարշ-բրոսոկի»։ Թո՛ղ մեկը փորձի ասել»։

Իսկ Արթիկում որդուն և ամուսնուն սպասում է Հմայակի տիկինը, որի մասին խոսելիս նա միշտ օգտագործում է «պառավ» բառը․ «Որ գնում եմ մի քանի օրով հանգստանալու, ասում է, որ տղաս այստեղ չէ՝ դուրս, գնա։ Դե, իհարկե՛, ինքը սովոր է, 90-ին մեծ աղջիկս է ծնվել, 92-ին միջնեկ աղջիկս, ու ես իրենցից խաբար չեմ եղել, պատերազմի մեջ եմ եղել, իսկ տղաս 2000-ին է ծնվել։ Դրա համար, որ կատակ եմ անում, պառավիս հոգու հետ եմ խաղում, ասում եմ՝ էդ աղջիկներից խաբար չեմ, որտեղի՞ց։ Պառավս սովոր է։ Ու իմիջիայլոց, իրեն թողել եմ հղի վիճակում ու 92 թվին երրորդ վերջին օրն է, որ իրեն պետք է դուրս գրեն երեխայի հետ, մի օրով Երևան էինք եկել ինչ-որ հարցերով, նոր կարողացել եմ 2 ժամով տեսնել կնոջս, երեխաներիս, նոր ծնված աղջկաս՝ Ամալյա եմ դրել անունը՝ լուսահոգի մորաքրոջս անունն է։ Դա է եղել, էլի փառք Աստծո, որ կարողացա այդ խառը իրավիճակում նոր ծնված աղջկաս տեսնել»։

Այս պատերազմին ևս եկել է հաղթելու նպատակով․ «Ես չեմ ասում՝ հաղթելու ենք։ Այ էս աջ գրպանումս դրած է հաղթանակը, այսպես լավ ախպերության հետ։ Էնպես որ ժողովուրդը թո՛ղ լավ իմանա՝ մենք ինչ-որ ասել ենք, մենք ո՛չ պոռոտախոս ենք, ո՛չ գլուխգովաններ։ Մենք գործով միշտ էլ՝ թե՛ 90-ականներին, թե՛ հիմա, հա էլ կապացուցենք, որ մեր խոսքը ուրիշների միլիոնավոր ասած չակերտավոր գործից առավել է։ Մի բան էլ՝ կան ինչ-որ գերտերություններ, քաղաքական իրավիճակներ, որ ասում են՝ մենք կստիպենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը, փափուկ ձևով ասած, իրենց կոռեկտ պահեն։

Այդ դեպքում ես էլի մեր ֆիդայական խոսքը կասեմ՝ թեկուզ ինձ տան հազար միլիոն դեղին ոսկի, երբեք և ոչ մի դեպքում չեմ հավատա թուրքի խոսքին։ Այնպես, որ չխաբնվեք։ Այս պահին մեր թշնամին մեջքը ջարդած օձ է, իրեն խելոք կպահի, բայց հենց մեջքը դզվի, կխայթի։ Դա դարերով եկել է, դարերով էլ կգնա։ Այնպես, որ հավատալ պետք չէ։ Իսկ ժողովրդին էլի կասեմ՝ հեչ չմտածեք, ոչինչ, չմտածեք, պատերազմ է, վիրավորներ էլ կլինեն, զոհեր էլ կլինեն, դե այստեղ քաղցր չեն բաժանում։ Բայց ամեն դեպքում՝ հույսներդ մի կորցրեք, մենք էլ մեր չափով մեր հույսերը կարդարացնենք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30