ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, կառավարությունը առաջարկել է 3000 դրամ բոլոր աշխատողներից, իսկ դրանից հետո ԲՀԿ պատգամավորները առաջարկել են տարբերակված մոտեցում՝ 1000-ից մինչև 12000 դրամի չափով։ Ես հարցում եմ արել ՊԵԿ և ստացել եմ սեպտեմբեր ամսվա եկամուտ վճարողների կազմն ու կառուցվածքը։
Կրկին անգամ հիշեցնեմ, որ սեպտեմբերին բավական դրական զարգացումներ էին այս ցուցանիշի առումով և արձանագրվել էր աննախադեպ 631 966 եկամտային հարկ վճարող։ Այսինքն սեպտեմբերի հիման վրա 2021 թ․ կանխատեսում անելը ռիսկային է գերագնահատման առումով, բայց ինչևիցե առաջնորդվենք հայտնի վերջին փաստով։
Արձանագրենք՝
Կարդացեք նաև
Փաստ 1- ունենք 631 966 պոտենցիալ վճարող։
Փաստ 2-Իմ գործընկեր Ավետիքյան Վարուժանը մեծ հաշվով ասում է, որ իրեն հիմնադրամի բնականոն գործուներությունը ապահովելու համար 2021թ․ համար անհրաժեշտ է առնվազն 22 մլրդ դրամ։
Միշտ մտածել եմ, որ որևէ լուծման մասով առաջարկ անելուց առաջ ցանկալի է գոնե թվերը հասկանալ, տեսնել առաջարկդ լուծում է խնդիրը, թե ոչ, նոր միայն առաջարկ հնչեցնել։
Եվ ուրեմն նայեք կից նկարը, որտեղ համեմատականներ են կատարված կառավարության առաջարկի և ԲՀԿ-ի առաջարկի միջև։ Ինչպես տեսնում եք, կառավարության առաջարկի դեպքում 2021 թ․ հավաքագրվում է 22.75 մլրդ դրամ, որը բավարար է հիմնադրամի գործունեության համար, իսկ ԲՀԿ-ի առաջարկի դեպքում հավաքագրվում է 13.94 մլրդ դրամ, որը ԲԱՎԱՐԱՐ ՉԷ հիմնադրամի գործունեության համար։
Հ․Գ․ Ցանկության դեպքում պատրաստ եմ նաև էքսել ֆայլը տրամադրեմ ԲՀԿ գործընկերներին։
Հ․Գ․-2 Հիշեցնեմ, որ նույնիսկ կառավարության առաջարկը նախագիծ է, որը քննարկվելու է ԱԺ-ում և բացառված չեն փոփոխություններ»։