Վանաձորի Կերպարվեստի թանգարանը կազմակերպել է բարեգործական վաճառք-ցուցահանդես: Պատկերասրահի բակում ներկայացված են կտավներ ու արվեստի այլ գործեր, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը պետք է փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
«Պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած փորձում ենք մեր ներդրումն ունենալ մեր զինվորների ու Արցախից եկած ընտանիքներին օգնելու գործում: Այս անգամ մտածեցինք մի նախաձեռնություն, որն իր ֆորմատով մոտ էր ԿԳՄՍ նախարարության կազմակերպածին՝ «Թանգարանները հանուն խաղաղության» ցուցահանդեսին: Մենք էլ մտածեցինք մեր տարբերակով մեր քաղաքում նմանատիպ միջոցառում կազմակերպել: Ներկայացնում ենք մեր թանգարանի հուշանվերների խանութի նյութեր, ինչպես նաեւ հրավիրել ենք նկարիչների, որոնք իրենց աշխատանքներով ներդրում կունենան հիմնադրամներին»,- ասաց թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանը:
Բարեգործական վաճառք-ցուցահանդեսին մասնակցում է նաեւ նկարչուհի Արփինե Հովհաննիսյանը: Իր աշխատանքներից երեքն այսօր ներկայացրել է ցուցահանդեսին:
Ասում է, եթե վաճառվեն, նոր նկարներ անպայման կդրվեն վաճառքի. «Այս նախաձեռնությանը բոլորիս մասնակցությունն է կարեւոր: Մենք՝ արվեստագետներս, ինչով որ կարողանում ենք, օժանդակում ենք թիկունքն ամուր պահելու համար: Ցանկալի է, որ գնորդների ակտիվությունը մեծ լինի: Մեր քաղաքացիները նույնպես իրենց համապատասխան օգնությունը ցուցաբերեն, քանզի ամբողջ գումարը տրամադրվելու է հիմնադրամին»,- ասաց նկարչուհին ու հավելեց. «Ես պատրաստ եմ իմ բոլոր աշխատանքները ներդնելու՝ հանուն Հայաստանի»:
Ցուցահանդեսը մեկօրյա է, սակայն Հայկուհի Ավագյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում կրկին կկազմակերպեն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ