Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի դիմումը ՀՀ Վարչապետին, Հանրապետության և Ազգային ժողովի նախագահներին
Նախ ուզում եմ դիմել Ձեզ առաջարկով, որ Ձեր հրապարակային ելույթներում ավելի հանգամանորեն անդրադառնաք հետևյալ խնդրին`
նշեք այն, որ չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բազմիցս դիմել էին բոլոր երկրներին կոչով` կորոնավիրուսի դեմ մղվող համընդհանուր այս պայքարի ժամանակ զերծ մնալ բախումներից, կոնֆլիկտներից, սակայն դրան հակառակ ադրբեջանական իշխանությունները` Էրդողանի թելաադրանքով, առանց հաշվի առնելու նաև իրենց ժողովրդին էլ պատճառվող վնասները, միտումնավոր այս պատերազմը սկսեցին այն ժամանակ, երբ մեր ռեգիոնում նույնպես ամբողջ թափով ծավալվում էր համավարակի նոր ալիքը:
Եվ դա այն հույսով, որ վարակի տարածումը էապես կջլատի մեր ուժերը, կնպաստի մեր պաշտպանական կարողությունների թուլացմանը: Ակնհայտ է նաև, որ նրանք դա հատուկ էին ծրագրել որպես էթնիկ զտմանը, ցեղասպանության կազմակերպմանը նպաստող մի նոր, լրացուցիչ ձև: Եվ մենք այժմ նրանց դեմ փաստորեն կենաց մահու պատերազմ ենք մղում արդեն երկու ճակատներում: Փառք ու պատիվ մեր զինվորականներին, սահմանում կանգնած քաջերին, որ կարողանում են առաջին, հիմնական ճակատում դիմակայել թշնամուն:
Բայց, ցավոք, երկրորդ ճակատում մենք անընդհատ պարտություններ ենք կրում: Հիմնականում իհարկէ ոչ մեր մեղքով: Երբ անընդհատ հրետակոծվող քաղաքներից, գյուղերից մարդիկ են զանգվածաբար տեղահանվում, հնարավոր չի տեղաշարժի արգելքներ մտցնել և դրանով գոնե մասամբ սահմանափակել վարակի տարածումը: Երբ առողջապահական մեր ոչ մեծ ռեսուրսներով համակարգը ամբողջությամբ ծանրաբեռնված է ինչպես ռազմաճակատում, այնպես էլ խաղաղ բնակչությունից տուժած մեծաքանակ վիրավորներին բուժօգնություն տրամադրելով, բնական է, որ նա ուղղակի չի հասցնում, ստիպված է լինում կորոնավիրուսով հիվանդների մեծ մասին ոչ թե մեկուսացնել, այլ ուղարկել տուն ինքնաբուժման, ինչը վարակի տարածման ծանր հետևանքներով է հղի:
Կարդացեք նաև
Եվ այժմ, երբ ամեն օր արդեն երկուսից-երեք հազար նոր վարակվածներ, մի քանի տասնյակ նոր մահերի քանակ է գրանցվում, ցավոք, արդեն ակնհայտ է դառնում, որ մենք այդ պատճառով ոչ թե մոտեցել, այլ երկու ոտքով ենք կանգնած հումանիտար աղետի շեմին: Մեզ քիչ ժամանակ էր պետք շունչ քաշելու, կարգի բերելու բուժօգնության տրամադրման մեր համակարգը: Սակայն նաև այդ պատճառով է, որ Էրդողանները անընդհատ վիժեցնում են հումանիտար հրադադար հաստատելու բոլոր փորձերը:
Վարակի տարածման օջախների մարումը համընդհանուր կարևորության խնդիր է: Եվ այն, ինչ արվում է նրանց կողմից, արդեն հանցագործություն է ողջ մարդկության դեմ: Եվ մեր պարտք է այդ մասին անընդհատ բարձրաձայնել, թմբկահարել աշխարհով մեկ և մատնանշելով մեղավորներին՝ պահանջել աշխարհից որքան հնարավոր է շուտ նպաստեն կանխելու աղետի հետագա տարածումը:
Բայց իհարկե բոլոր դեպքերում մենք էլ մեր կողմից հնարավոր քայլերը պետք է ձեռնարկենք: Սա արդեն ռազմական աջակցության խնդրանք չէ:
Մենք միայն մեր ուժերով արդեն չենք կարող մարել համավարակի տարածման այս օջախը, և մենք իրավունք ունենք և պետք է դիմենք, պահանջենք, խնդրենք կարող ուժերից, պետություններից հնարավոր բոլոր միջոցներով օգնել մեզ այդ խնդրում:
Որպես Հանրային խորհրդի, կառավարության խորհրդատվական մարմնի անդամ՝ ես նախապես հրապարակելով այս նամակը՝ պաշտոնապես, դիմում եմ Ձեզ հետևյալ առաջարկներով`
ա) Մի կողմ դնելով նրբանկատությունը, ներկայացնելով ստեղծված իրավիճակի բարդությունը և այն, որ վարակի դեմ տարվող պայքարում մեր ուժերը արդեն չեն բավարարում, պաշտոնական գրությամբ դիմել միջազգային համապատասխան կազմակերպություններին, բարեկամ պետություններին՝ խնդրանքով հնարավոր բոլոր միջոցներով օգնել հաղթահարելու համավարակի հետ կապված հումանիտար այս ճգնաժամը:
բ) Հայտարարված ռազմական դրության շրջանակներում, հաշվի առնելով նաև պաշտպանական համակարգի բոլոր պահանջները, նորից մտցնել համավարակի տարածման կանխարգելմանը նպաստող սահմանափակումները: Միաժամանակ խնդիր դնել հնարավոր բոլոր դեպքերում անցնել աշխատանքների հեռավար կատարմանը:
գ) Հաշվի առնելով, թե ներկայումս ինչ մեծ քանակությամբ վարակակիրներ չեն հոսպիտալացվել, այլ ուղարկվել են տուն՝ ինքնաբուժման, իսկ նրանց կողմից ինքնամեկուսացման պահանջների թերի կատարումը վարակի ավելի լայն տարածման աղբյուր կարող է դառնալ` նրանց հետ հնարավոր շփումները նվազեցնելու նպատակով ամեն օր հրապարակել դրական թեստավորված անձանց ցուցակը` նշելով նաև նրանց հասցեներն ու աշխատանքի վայրերը: Եվ ամեն օր էլ այն թարմացնել՝ հանելով առողջացածներին այդ ցուցակներից:
դ) Անհրաժեշտության դեպքում կատարել կադրային պահանջվող փոփոխությունները և հաշվի առնելով սպասվող օգնության ծավալները՝ պայմաններ ստեղծել առողջապահական համակարգի կարողությունների հետագա ընդլայնման համար:
Արշակ ՍԱԴՈՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ