«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։
– Պարոն Դավթյան, ատոմակայանը վերանորոգման նպատակով 140 օրով կանգ է առնելու։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջ գալ։ Մասնավորապես, դա որքանո՞վ կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
– ԱԷԿ-ի կանգը պայմանավորված է իրականացվող վերանորոգման աշխատանքներով, որոնք 2021 թ.-ին իրենց ծավալնելով աննախադեպ են լինելու: Դրված խնդիրները մասշտաբային են և հետևաբար՝ ժամանակատար: Արդյունքում ակնկալվում է ԱԷԿ-ի հզորության ավելացում շուրջ 60 ՄՎտ-ով, իսկ արդեն այս տարի ակնկալվում է, որ կայանը կարտադրի մոտ 2,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ 2 մլրդ-ի փոխարեն: Իհարկե, կայանի մոդեռնիզացման աշխատանքները պլանավորված են նախապես, ուստի հաշվարկված է նաև դրանց սակագնային բաղադրիչը: Եվ եթե մենք փորձում ենք հարցը դիտել զուտ նախատեսվող աշխատանքների իրականացման համատեքստում, ապա դժվար թե դրանք ուղղակի ազդեցություն ունենան սակագնային աճի վրա:
Սակայն երբ հարցին մոտենում ենք ավելի համալիր ու համակարգային, ապա պետք է փաստել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վաղ թե ուշ աճ են արձանագրելու, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, հատկապես երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքով ու սպառման համեստ դինամիկայով: Համակարգն ունի խորքային մոդեռնիզացման կարիք, ինչի նպատակով տարիներ շարունակ ներգրավվել ու այսօր էլ շարունակում են ներգրավվել հսկայական վարկային միջոցներ, որոնց բնականոն մարումը հնարավոր է բացառապես համակարգի արդյունավետ շահագործման, գեներացման ու արտահանման ակտիվացման պարագայում: Այստեղ խնդիրներն ակներև են:
Կարդացեք նաև
Թեև այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրում էլեկտրաէներգիայի գեներացիան աճել է ընդամենը 1,5 տոկոսով, սակայն կորոնավիրուսի նոր ալիքի տարածման պարագայում ակնհայտորեն մենք կունենանք բացասական դինամիկա կամ էլ շատ պայմանական ու համեստ աճ: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ որոշակի կայունություն է առկա իրանական ուղղությամբ՝ 2019-ին արտահանումը կազմել է մոտ 1,5 մլրդ կՎտ/ժ, մինչդեռ Հայաստանի համար ավանդական՝ վրացական ուղղությամբ մենք ունենք բացասական ֆիասկո՝ ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում:
Սա ունի, իհարկե, նաև տեխնիկական բացատրություն, սակայն առավելապես պայմանավորված է վրացական էներգետիկ համակարգում թուրք-ադրբեջանական գործոնի աճով ու միաժամանակ հայ-վրացական որևէ հեռանկարային օրակարգի բացակայությամբ: Անդրադառնալով կոնկրետ ատոմակայանի գործոնին՝ պետք է նշեմ, որ ԱԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի համար սահմանված է բավականին ցածր սակագին, ինչը թույլ է տալիս երկրում քիչ թե շատ զսպել սակագնային կտրուկ աճը: Սակայն միջուկային էներգետիկայի ոլորտում կառավարության իրականացվող քաղաքականությունը, կարծում եմ, հանգեցնելու է ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հարցի դուրսբերմանը էներգետիկ օրակարգից, ինչի արդյունքում մենք, մի կողմից, կառերեսվենք սակագնային բնույթի խնդիրների, մյուս կողմից՝ կկորցնենք տարածաշրջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ պետության ռազմավարական կարգավիճակը:
Իշխանությունները խոսում են վերականգնվող էներգետիկայի զարգացման մասին, սակայն դասագրքային ճշմարտություն է, որ այն ի վիճակի չէ իրենով փոխարինելու կայուն գեներացիան, միաժամանակ ակնհայտ է, որ տվյալ ոլորտում նախատեսվող միջոցառումներն ընթանում են շատ մեծ դժվարություններով, ու դեռ շատ վաղ է խոսել դրանց՝ գոնե նախնական արդյունքների մասին: Նույն «Մասրիկ» արևային կայանի նախագիծը, որի մեկնարկը տրվել էր դեռ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք, այսօր ընթանում է չափազանց դանդաղ տեմպերով:
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում