Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիսկի խմբում գտնվողներից միայն 3 տոկոսն է հանրապետությունում ստացել գրիպի դեմ պատվաստում․ «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 07,2020 09:44

«Երբ պատերազմ է, բոլորիս ուշադրությունը դեպի ռազմաճակատն է, սակայն սեզոնային գրիպն ու սուր շնչառական այլ վարակները պատերազմին չեն նայում։ Վիրուսները չեն նայում սահմաններին, հարուստ ու աղքատի։ Գրոհում են, եւ իրավիճակն ավելի է բարդանում»։

Սրանք ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքերն են։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ֆոնին ակտիվացել են սեզոնային շնչառական վիրուսային հիվանդությունները։ Պատերազմի ժամանակ բժիշկների գործն ավելի է բարդացել․ վիրուսներն ավելի են ծանրաբեռնում։

«Մարդ կարող է կորցնել առողջությունը եւ կարող է առողջապահական համակարգի համար լուրջ բեռ լինել։ Այսօր ամբողջ առողջապահական համակարգը գրեթե ծանրաբեռնված է՝ մի կողմից վիրուսների գրոհի հետեւանքով, մյուս կողմից՝ վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու տեսանկյունից»,- նշեց Սահակյանը։

Բայց եթե կորոնավիրուսը կանխարգելող միջոց դեռ չկա, պատվաստումներ չեն արվում, ապա, ըստ մեր զրուցակցի, սեզոնային գրիպի դեպքում կա արդյունավետ պատվաստանյութ։ Նոյեմբերի սկզբից այն արդեն առկա է բոլոր պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։ Պատվաստանյութը նախատեսված է ոչ թե ամբողջ բնակչության, այլ ռիսկի խմբում գտնվողների համար։ Նրանց մեջ են մինչեւ 5 տարեկան երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողները, 65 տարեկան եւ բարձր անձինք, փակ կազմակերպությունների (ծերերի, երեխաների խնամքի կենտրոններ եւ այլն) անձնակազմը, սաները, ձմեռային զորակոչին ենթակա զինվորները։ Հիշեցնենք, որ պատվաստումն անվճար է։

Թեեւ սեզոնային գրիպն արդեն տարածվել է, մարդիկ չեն շտապում պատվաստվելու։ Դրա անհրաժեշտության մասին առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաեւ բջջային հեռախոսներին ուղարկվող հաղորդագրությունների միջոցով․ «Գրիպի դեմ պատվաստումը կարեւոր է հատկապես համավարակի ընթացքում։ Կանխարգելենք ռիսկի խմբերի շրջանում հնարավոր բարդությունները եւ անբարեհաջող ելքերը։ Դիմեք պոլիկլինիկա։ Թեժ գիծ՝ 010550602»։

«Ներկրեցինք պատվաստանյութի սկզբնական չափաբաժինը՝ 50․000 հատ, հանրապետության բոլոր պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են։ Այսօրվա դրությամբ պատվաստումները չեն ընթանում շատ ակտիվ։ Ռիսկի խմբում գտնվողներից միայն 3 տոկոսն է ստացել պատվաստումը ամբողջ հանրապետությունում»,- նշեց Սահակյանը։

 

Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30