Ռուսաստանը սկսել է հասկանալ Ադրբեջանում ահաբեկիչ վարձկանների տեղակայման վտանգը, մտահոգված է այդ փաստով, եւ հույս կա, որ մտահոգությունը կարտահայտվի կոնկրետ գործով՝ այն է՝ ահաբեկիչների ճամբարին հարվածով: ՀԺ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
– Պարոն Գրիգորյան, համաձա՞յն եք, որ Ռուսաստանը Ադրբեջանի կողմից Ղարաբաղ բերված վարձկանների մասին սկսել է հասցեական խոսել: Ինչո՞վ է պայմանավորված հռետորաբանության այդ փոփոխությունը:
– Ռուսաստանի քաղաքականությունը բավական բարդ է: Եթե մենք նայենք Արցախի հարցի կոնտեքստով՝ Ռուսաստանը հստակ ասում է, որ 5 շրջան պետք է հանձնենք: Չեմ կարծում, որ դա մեզ համար բարենպաստ դիրքորոշում է: Մյուս կողմից Պուտինը ասաց, որ Սումգայիթում ջարդեր են եղել, Արցախում հայերը միշտ ապրել են եւ այլն: Ուրեմն Արցախի հարցով Ռուսաստանի քաղաքականությունը կայուն չի: Բայց եթե խոսում ենք ահաբեկչության դեմ պայքարի մասին, եթե խոսում ենք Սիրիայից տեղափոխվող վարձկանների մասին, որոնք հիմա տեղակայվում են Ադրբեջանում, այդ կոնտեքստով ավելի հստակ ուրվագծվում է ՌԴ դիրքորոշումը: Ինչո՞ւմ է փոփոխության պատճառը: Իրենք սկսեցին հասկանալ, որ դա վտանգավոր է նաեւ Ռուսաստանի համար:
– Այսինքն այդ հասցեականությունը պայմանավորում եք ոչ թե նրանով, որ սկսել են ավելի շատ մտահոգվել Հայաստանի կամ Արցախի համար, այլ որ Ռուսաստանի համար էլ վտանգներ կան:
Կարդացեք նաև
– Միանշանակ: Ի վերջո Լավրովը հայտարարեց, որ մոտ 2000 վարձկան է բերվել: Դա նշանակում է, որ լուրջ են մոտենում:
– Արձանագրելը՝ արձանագրեցին: Իսկ մեզ համար դա ինչո՞վ է կարեւոր:
– Արձանագրումը մեզ համար, կարծում եմ, արդեն ձեռնտու է: Հիմա կոնկրետ քայլերի կանցնեն, թե ոչ, ես դժվարանում եմ ասել: Ես նկատում եմ, որ Ռուսաստանը այս անգամ Արցախյան պատերազմի եւ ահաբեկչական խմբերի հետ կապված շատ դանդաղաշարժ է: Շատ դանդաղ են հասկանում, որ վտանգը լուրջ է: Վտանգը լուրջ է այնքանով, որ այդ վարձկանների մի մասը կարող են մուտք գործել Ռուսաստան: Ինչպես հայտնի է, նրանց տալիս են ադրբեջանական, թուրքական անձնագրեր: Իսկ Ադրբեջանի անձնագրով Ռուսատան մտնելը շատ հեշտ է, քանի որ այդ երկրները վիզային սահմանափակում չունեն:
– Այդ պարագայում Ռուսաստանի դանդաղկոտությունը ինչո՞վ եք պայմանավորում:
– Իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ դանդաղկոտությունը կապված է նրա հետ, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ տարբեր հարցերում ընդհանուր շահեր ունի: Նրանց միջեւ հակասություններ, իհարկե, կան, բայց նաեւ շահեր կան: Այդ շահերը խանգարում են, որ արագ շարժվեն: Ռուսաստանը գիտի, որ մեզ աջակցելը կբերի Թուրքիայի ցավոտ ռեակցիային: Բայց ես հուսով եմ՝ Ռուսաստանը կհասկանա, որ եթե չաջակցի մեզ, կկորցնի Հարավային Կովկասը: Եթե նման ծանրագույն շրջանում մեզ չեն աջակցում, պարզ է՝ կորցնում են դիրքերը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հարավային Կովկասում: Դա մենք պետք է հասցնենք Ռուսաստանին:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում