Ղարաբաղյան առաջին պատերազմի շուրջ 6 հազար զոհերի արյան գինը 27 տարվա խաղաղությունն էր` բանակցությունների առկայծող-մարող իմիտացիայով: Թանկ գին է, այո, բայց արցախցին շունչ քաշեց, Շուշին ու Ստեփանակերտը կարգի բերեց:
Արցախը դարձել էր այցելության հաճելի ու ցանկալի վայր: Սխալները` շատ, մի հրապարակմամբ չպարփակվող: Հենց թեկուզ այն, որ մենք չբնակեցրինք ազատագրված հողերը` իբր պահելով միջազգային պայմանավորվածությունները եւ չվտանգելով խաղաղությունը:
Կարծում էինք` ստատուս քվոն հավերժ է: Հիմա արդեն հազարից ավելի զոհեր ունենք, թշնամու հետագա մտադրությունները չգիտենք (լավ էլ գիտենք` թուրքադրբեջանցին ծարավի է մեր հողերին` ողջ Արցախին ու Հայաստանին անգամ), Աստված օգնական` նոր զոհեր այս պահից չունենանք, թիվը կավելանա, գիտեմ, երբ մենք հետ ստանանք մարտադաշտում մնացած մեր զոհվածների դիերը: Սա մեր ցավն է դառնալու նվազագույնը մի քանի տասնամյակ: Բայց արժե լրջորեն եւ արագ մտածել, թե որն է լինելու արցախյան նոր պատերազմում զոհվածների արյան գինը:
Եթե մեր ղեկավարները, դիվանագետները չկարողանան ցանկալի կտրվածքով հարցը լուծել` դա կդառնա իզուր թափված ու գին չունեցող արյուն` մեր թանկ տղերքը, մեր մատղաշ երիտասարդությունն իր կյանքը դրեցին հանուն փրկության ու վերջնական հաջողության, եւ ոչ բոլորովին` անընդունելի լուծումների համար:
Կարդացեք նաև
Միջազգային աջակցությունն այս պահին մնում է սոսկ արարողակարգային, եւ կարծես մենակ պետք է ապահովենք այն բեկումը ճակատում, որին բոլորս սպասում ենք:
Ինչ եղավ ՌԴ նախագահին ուղղված հայկական կողմի` աջակցության սպասման ենթատեքստով նամակի պատասխանը, հարցին ըստ էության ուղիղ պատասխան չկա, այլ` մոտավորապես այս կարգի.Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է եւ կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն,Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին էլ կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով: Եվ այլն:
Առարկայական ոչինչ: Է, մենք արդեն, եւ միգուցե վաղուց պետք է մտածեինք եւ մտածենք արարողակարգերից դուրս, միջազգայինների քիմքին ոչ հաճելի, բայց մեզ համար անվտանգային ծանրակշիռ երաշխիք պարունակող լուծման մասին:
Արժե մտածել ու քայլեր անել ոչ միայն Արցախի անկախության միջազգային ճանաչման, այլեւ Արցախը Հայաստանի հետ վերամիավորման իրավական ու գործնական հնարավորությունների մասին: Ուրիշ տարբերակ մեզ չեն թողնում: Արագորեն եւ դեֆակտո անել դա, քանի որ թուրքադրբեջանական տանդեմը, քիթը մարտերում կոտրելով, կարող է անցնել տեւական (դադարներով) պատերազմի ու հեռահար, տանջալից-երկարատեւ հրետակոծություններով Ստեփանակերտը, Շուշին, Արցախի այլ բնակավայրեր զրկել ենթակառուցվածներից եւ անբնակ դարձնել:
Իսկ միացումը Արցախի երաշխիքային պաշտպանվածության ամենաստույգ ձեւն է, մյուս բոլոր սցենարները անվտանգային երաշխիքների առումով կաղում են: Արցախի միացումը Հայաստանին, իրավական բոլոր խութերը հաղթահարելու ճանապարհով, կարող է փրկել Արցախը ավերվելուց եւ տրամագծորեն փոխել ամեն բան: Աշխարհի վերաբերմունքից չպետք է վախենալ, սովորաբար կատարված իրողությունները ստիպված են լինում ընդունել: Միացումը կլինի արցախյան նոր պատերազմի նորօրյա նահատակների արյան գինը:
Մինչդեռ օդում այլ նոտաներ եւս կան:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում