Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար․ Պիտի այնպիսի սպառազինություն ունենանք, որ մեզանից վախենան․ բավական է ասենք, թե աղքատ ենք․ «Ազգ»

Նոյեմբեր 07,2020 08:00

Հայաստանի հրեական համայնք այցելեցի հոկտեմբերի 23- ին, այն ժամանակ, երբ նախորդ օրն անհայտ ուժեր հրդեհել, ներկ էին լցրել Երեւանի սրտում` Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին մերձակա այգում երկու ժողովուրդների ողբերգությունը` Շոան ու Ցեղասպանությունը հիշատակող, երկու ժողովուրդների բարեկամությունը խարսխող հուշարձանին:

Դրանից 10 օր առաջ էլ հուշարձանը թիրախ էր դարձել: Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ հենց Իսրայելում արտադրված զենքն է փողն ուղղում հուշարձանին, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մեր երկրում էլ ինչ-որ մեկը մրոտում է մեր բարեկամությունը:

Մեր հանդիպումից հետո տիկին Վարժապետյանը պատրաստվում էր Կենտրոն համայնքի ոստիկանություն գնալ, հուշարձանը պաշտպանելու միջոցներ ձեռնարկելու նպատակով դիմում գրել: «Դեռեւս որեւէ պատասխան չենք ստացել, իսկ հուշարձանի մոտ ոչ տեսախցիկ է տեղադրվել, ոչ էլ նկատելի է, թե որեւէ ձեւով հսկվում է», մեր հարցմանն ի պատասխան նոյեմբերի 4-ին ծանուցեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Վարժապետյան- Ֆելլերը:

– 51 տարի ապրում եմ Հայաստանում, ամուսնուս հետ արդեն 50 տարի միասին ենք: Այսպիսի բան չեմ հիշում: Հայ ժողովրդի հետ տարել ենք վերջին տարիների բոլոր արհավիրքները՝ երկրաշարժ ու շրջափակում, մութ, ցուրտ, սով ու միշտ հայրենասեր ենք մնացել: Հայաստանի հրեական համայնքն այնքան էլ մեծ չէ, բոլորը խառնամուսնություններ են, ոչ մեկը երբեւէ չի անիծել Հաաստանը, ընդհակառակը մենք միշտ սիրել ենք Հայաստանը:

Իսկ ես որպես համայնքի 25 տարվա ղեկավար, աշխարհի տարբեր երկրներում եմ եղել, ֆորումների մասնակցել, բոլոր տեղերում միշտ ապացուցել եմ, որ Հայաստանում կան, ապրում են հրեաներ, կա համայնք, որ հայերի հետ շատ համերաշխ ենք, մեզ չեն հետապնդում: Չկա հակասեմականություն, հիմա չգիտեմ, թե ինչ եմ ասելու: Իսրայելը մեզ անհարմար դրության մեջ է դրել՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանին զինատեսակներ տրամադրելով:

Մենք դիմեցինք Իսրայելի իշխանություններին, բայց չենք կարող Իսրայելի հետ կտրել մեր հարաբերությունները, դա նույնպես մեր երկիրն է: Եթե Իսրայելն ուժեղ է, մենք էլ ենք ուժեղ: Բայց այսօր, երբ զինատեսակները գալիս ու հասնում են Ադրբեջան, ողբերգություն է, որ որեւէ ձեւով չի կարելի արդարացնել:

– Տիկին Վարժապետյան, այդ զենքը նաեւ Ձեր վրա է ուղղվում:

– Անշուշտ: Եվ հարցն այն է, որ այդ նույն զենքը, այդ ահաբեկիչները վաղը կհասնեն աշխարհով մեկ: Շատ լավ հասկանում ենք՝ զոհվում են երիտասարդներ, անմեղ մարդիկ, երեխաներ, ծերեր: Միայն ռազմական գործողությունների վայրում չի ծավալվում պատերազմը, հենց դա արհավիրք է: Կանգնեցնել այս պատերազմը հիմա շատ դժվար է: Բանակցությունների հետ հույս ենք կապում, շատ լավ հասկանալով, որ գործ ունենք չարագործների, բարբարոսների հետ, որ խաղաղություն չեն ուզում: Կա պատմություն, որն իրենք են գրել, դրանով դաստիարակվել, դրանով դժբախտաբար սնում են նաեւ իրենց երեխաներին: Արդեն որ սերունդն է ապրում այն մտայնությամբ, որ հայերը թշնամի են:

Մենք տարբեր խաղաղասիրական ակցիաներ, միջոցառումներ ենք կազմակերպել համավարակից առաջ: Բացառիկ հուշարձան ենք նվիրել Հայաստանին, Երեւանին: Դա մի հուշարձան է, որի մասին գիտեն աշխարհում՝ Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը: Անցյալ դարի երկու ողբերգությունները հիշատակող: Միշտ հպարտացել ենք այս հուշարձանով: Եվ այսօր այն պղծում են: Հասկանում ենք, որ մարդիկ իրենց ցասումն են արտահայտում, հասկանում ենք, որ մարդիկ վիշտ ունեն, զոհվում են իրենց հարազատներն ու մտերիմները, երեխաները:

Բայց մենք հո մեղավոր չե՞նք: Ես Իսրայելի հայ համայնքի հետ մշտական կապի մեջ եմ, այնտեղ խաղաղ միտինգ են կազմակերպում, այնտեղ էլ նրանց վրա ադրբեջանցիներն են հարձակվում, ամբողջովին շրջված են ներկայացնում պատմությունը: Նրանք հարձակվում են, բայց գոռում են, թե իրենց վրա են հարձակվել: Բայց, հավատացնում եմ, Իսրայելի քաղաքացիները, հրեաները բոլորն էլ պատերազմի դեմ են: Նրանք բոլորն էլ դժգոհ են, որ զենք է տրվում Ադրբեջանին: Մանավանդ ռազմական գործողությունների ժամանակ, դա անթույլատրելի է:

– Շոայի հիշատակը հրեաների համար սրբություն է նույնքան, որքան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հայերիս համար: Ինքս էլ դատապարտում եմ ամեն մի բռնություն, բայց համաձայն չե՞ք լինի եթե ասեմ, որ Նեթանյահուն առաջինն է ներկ լցնում այդ հուշարձանի, նաեւ մեր բարեկամության վրա:

– Լիովին համաձայն եմ: Նախկինում թաքցնում էի. միայն մի անգամ խուլիգանական գործողություն է եղել հուշարձանի հանդեպ, իմացել ենք, որ ուսանողներ են եղել, կատարողները հայ չեն եղել: Բայց երեկվա՝ հուշարձանի հանդեպ ոտնձգությունը հուշում է, թե արարքը կարող են կատարած լինել նաեւ հայեր, որոնց հոգում, երկրում մեծ վիշտ ու ցասում կա: Բայց կրակին յուղ լցրեց Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նրա ելույթը հեռու էր դիվանագիտական լինելուց:

Պատերազմ է, զենք է մատակարարվում Բաքվին թե՛ Բելառուսից, թե՛ Ռուսաստանից, թե՛ Չեխիայից, այլ երկրներից՝ շատ մեծ գումարների դիմաց: Եվ անշուշտ՝ Իսրայելից: Ճիշտ է, դա կատարելագործված, հզոր զենք է, բայց անընդհատ եւ միայն լսվում է Իսրայելի անունը: Իսկ Հարությունյանին անձամբ եմ լսել: Նա ասաց՝ մենք հայերի ցեղասպանության համար մեղադրում ենք Իսրայելին: Այդպիսի բան չէր կարելի անել, ինչո՞ւ եք թշնամանք բորբոքում: Այդ օրվանից ի վեր շատ մեծ խնդիրներ սկսվեցին: Հասկանում ենք, որ սա հայ ժողովրդի ցավն է, բայց այդ կերպ չեն լուծում հարցերը:

– Չե՞ք կարծում, որ հայ ժողովրդի այն հատվածը, որ հիմա գոյաբանական խնդիր ունի՝ Ղարաբաղի ներկայացուցիչը, ուզում էր ասել նաեւ, թե ինչքան մոտ պիտի լինեինք մենք Շոա ապրած երկրին, որ պիտի ըմբռներ մեր վիճակը:

– 100 տոկոս ճիշտ է, հասկանում ենք, բայց եթե դուք կարդացել եք մեր կոչը, այնտեղ հենց այդպես էլ գրել եմ․ «Մի ազգ, որ Հոլոքոստ է տեսել, որ շարունակաբար տեռոր է տեսնում, որ պայքարում է ահաբեկչության դեմ, այս օրերին օգնում է ահաբեկիչներին»: Մեր երկու ազգերը, որ Հոլոքոստ եւ Ցեղասպանություն են տեսել, երկու խելացի ազգեր, որ մարդկության համար կարեւոր վաստակ ունեն, պետք է միայն խաղաղարար լինեին, ոչ մի դեպքում չնպաստեին այս պատերազմին, ահաբեկչությանը:

Հենց այդպես էլ գրել ենք: Բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում այն, ինչ այսօր մեր հուշարձանի հետ է կատարվում: Դա չէր կարելի անել: Հայաստանի իշխանությունները գիտեին, որ հնարավոր է նման բան լիներ եւ պիտի կանխեին՝ պահպանելով բոլոր հուշարձանները: Երիտասարդական մետրոյին հարող այդ տարածքում կան այլ հուշարձաններ՝ Ռուսաստանի հետ բարեկամության, ասորիների ցեղասպանության հիշատակին նվիրված, այդ գեղեցիկ այգում է նաեւ Տերյանի հուշարձանը, բայց այնտեղ չկա պահպանություն:

Ի՞նչ է, նպաստում են, որ բանդիտներն ու խուլիգանները գործեն կամ միգուցե խուլիգան էլ չեն, այլ սովորական մարդիկ, որ իրենց զայրույթն ու ցասումն են արտահայտում: Երկրում, քաղաքում իշխանությունները պետք է պահպանեն թե՛ հուշարձանը, թե՛ մեզ, թե՛ ողջ երկիրը: Մեր համայնքի անդամները հիմա մարտադաշտում են, օրեր առաջ 23-ամյա մի երիտասարդ հրեա սպա զոհվեց:

– Անունը կասե՞ք:

– Ոչ, չեմ ասի: Իսկ գիտնական Վլադիմիր Ռուժանսկին, որ իսրայելցի է եւ հրավիրվել է Սլավոնական համալսարան դասավանդելու, առաջին օրվանից ռազմաճակատ է մեկնել: Նա հրեա է, սիրում է Հայաստանը, նրա կինն էլ հայ է, սիրում է Հայաստանը: Համայնքի այլ անդամներ էլ ռազմի դաշտում են: Մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, ձեր ցավը մեր ցավն է:

– Կարո՞ղ էր չլինել պատերազմը, կարո՞ղ էինք խուսափել:

– Իհարկե: Գիտեք՝ ուժեղի վրա չեն հարձակվում: Մեր երկիրը թույլ ու աղքատ է: Պիտի ուժեղանայինք: Ես իհարկե Գոլդա Մեիրը չեմ (Իսրայելի առաջին կին վարչապետը), թեպետ Հայաստանում Իսրայելի առաջին հյուպատոսներից մեկը ինձ նվիրեց շքեղ մի գիրք Երուսաղեմի մասին եւ գրեց՝ Հայաստանի Գոլդա Մեիրին: Նա պաշտոնավարման առաջին օրվանից էր քարոզում՝ ուժեղ պիտի լինենք, որ մեզ վրա չհարձակվեն:

Այդպես էլ կա՝ Իսրայելն ուժեղագույն երկրներից է, ի հեճուկս տարբեր խնդիրների: Մենք պիտի ուժեղ լինենք: Պիտի այնպիսի սպառազինություն ունենանք, որ մեզանից վախենան: Բավական է ասենք, թե աղքատ ենք: Բավական է լաց լինենք: Անընդհատ կրկնենք, թե նրանք այսուայն հարստությունն ունեն, նավթ, նավթադոլարներ: Պիտի ապրենք եւ ուժեղանանք: Պիտի այնպես անենք, որ մեզ սիրեն, հարգեն բոլորը, որ աշխարհում իմանան, որ կա հայ ազգը, պետություն ունի: Ինչքան խելացի մարդ արտագաղթեց երկրից վերջին 30 տարիների ընթացքում:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30