Լրահոս
Օրվա լրահոսը

Օրական 7 ընկույզ ուտելու 7 պատճառ

Նոյեմբեր 07,2020 23:00

Ընկույզը դասվում է ամենաօգտակար պտուղների շարքին, քանի որ այն կատարելապես համադրում է բոլոր օգտակար սննդանյութերը՝ սպիտակուցներ, ճարպաթթուներ, վիտամիններ ու հանքանյութեր, բջջանյութ, հակաօքսիդանտներ և այլն։

Հունական կամ սովորական ընկույզը, որով շատ հարուստ է մեր երկիրը, առողջության համար անգնահատելի արժեք ունի․ օրական մի բուռ ընկույզի (մոտ 7 հատիկ) օգտագործման շնորհիվ կարելի է կանխարգելել առողջական մի շարք խնդիրներ և պահպանել օրգանիզմը լավ վիճակում։ Օրինակ՝ մեկ քառորդ բաժակ ընկույզն օրգանիզմն ապահովում է օմեգա-3 բուսական ճարպաթթուների անհրաժեշտ քանակով, ինչպես նաև պղնձի, մանգանի, մոլիբդենի, բիոտինի մեծ չափաբաժնով։

Ընկույզի օգտակար հատկությունները բազմաթիվ են, մենք առանձնացրել ենք յոթը․

1․ Ընկույզը հոգ է տանում գլխուղեղի առողջության մասին․ Դեռևս հույն պատմիչ Հերոդոտոսն էր վկայում՝ քրմերը համարում էին, որ ընկույզ ուտելով մարդն իմաստություն է ձեռք բերում։ Ավելի ուշ գիտական ուսումնասիրությունները հաստատեցին, որ ընկույզի նմանությունը մարդու գլխուղեղին ամենևին էլ պատահական համընկնում չէ․ այս պտուղն իսկապես շատ օգտակար է գլխուղեղի առողջության համար, քանի որ հարուստ է նեյրոպրոտեկտիվ մի շարք միացություններով՝ ներառյալ վիտամին E, ֆոլաթթու, մելատոնին, օմեգա-3 ճարպեր ու հակաօքսիդանտներ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ընկույզը ոչ միայն օգնում է բարելավել մարդու մտավոր ունակությունները, այլև գլխուղեղի այլ կարևոր գործառույթները։

2. Ընկույզն ունի հակաքաղցկեղային ազդեցություն․ Ընկույզն օգնում է նվազեցնել ոչ միայն շագանակագեղձի քաղցկեղի վտանգը, այլ նաև կրծքագեղձի։ Հետազոտություններից մեկը հաստատել է այդ պնդումը․ ընդհանուր առմամբ ընկույզի ամենօրյա օգտագործումը 30-40 տոկոսով նվազեցրել է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։

3. Հոգում է սրտի առողջության մասին․ Ընկույզը l-արգինին ամինաթթու է պարունակում, որը կարևոր նշանակություն ունի սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Սակայն մեկ ուշագրավ նկատառում՝ եթե պայքարում եք հերպեսի դեմ, պետք է խուսափել կամ նվազագույնի հասցնել ընկույզի օգտագործումը, քանի որ արգինինի բարձր մակարդակը կարող է պակասեցնել լիզին ամինաթթվի պաշարը, ինչն էլ կարող է խթանել հերպեսի ռեցիդիվները։

Ինչպես արդեն նշվեց, ընկույզը հարուստ է բուսական ծագմամբ օմեգա-3 ալֆա-լինոլենաթթվով, որն օժտված է հակաբորբոքային ընդգծված ազդեցությամբ և կարող է կանխարգելել արյան պաթոլոգիկ մակարդուկների ձևավորումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնց սննդակարգում գերակշռում է ալֆա-լինոլենաթթուն, ավելի քիչ են ենթարկվում մահվան ելքով սրտի կաթվածի վտանգին և 50 տոկոսով ավելի քիչ են ենթարկվում սրտի խնդիրների պատճառով առաջացող հանկարծամահության վտանգին։

Ապացուցվել է, որ օրական 4 հատիկ սովորական ընկույզի օգտագործումը նշանակալիորեն ավելացնում է ալֆա-լինոլենաթթվի մակարդակն արյան մեջ, ինչպես նաև ընկույզի կանոնավոր օգտագործումը պահպանում է խոլեսթերինի առողջ մակարդակն օրգանիզմում։

4. Ընկույզը պարունակում է հազվադեպ և ուժեղ հակաօքսիդանտներ․ Հակաօքսիդանտները նշանակալի ազդեցություն ունեն օրգանիզմի առողջության համար, քանի որ դրանք օգնում են կարգավորել ծերացման գործընթացը՝ պայքարելով դրա հիմքում ընկած ազատ ռադիկալների դեմ։
Հունական ընկույզը հարուստ է հզոր ու բացառիկ հակաօքսիդիչներով, որոնք պարունակվում են ընդամենը մի քանի մթերքներում։ Դրանք են՝ յուգլոն քինոնը, տեպլիմագրանդին տանինը, մորին ֆլավոնոլը։

Գիտնականներն այդ հակաօքսիդիչները «անհավանական» են համարում, իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ հունական ընկույզի պոլիֆենոլները կարող են կանխարգելել քիմիական նյութերի պատճառով լյարդի ախտահարումը։

Ընկույզի պոլիֆենոլները, դրսևորելով հակաօքսիդանտային բարձր ակտիվություն, արգելակում են օքսիդացման գործընթացները՝ կանխարգելելով աթերոսկլերոզի առաջացումը։


5. Ընկույզը նպաստում է քաշի կարգավորմանը․ Խելամիտ քանակով ընկույզի ամենօրյա օգտագործումը նպաստում է քաշի կարգավորմանը։ Թերևս պատճառն այն է, որ ընկույզի շնորհիվ հագեցվածության զգացողությունն ավելի երկար է տևում, ինչպես նաև կրճատվում է ընդունվող սնունդի քանակը, իսկ օրգանիզմն ապահովվում է անհրաժեշտ սննդանյութերով։ Ինչպես նշվեց վերևում, ընկույզի հակաօքսիդիչները նաև բարելավում են օրգանիզմի լիպիդային ֆոնը։

6․ Ընկույզն օգնում է բարելավել տղամարդկանց վերարտադրողական առողջությունը․ Ընկույզի դրական հատկություններից մեկը տղամարդկանց վերարտադրողական առողջության բարելավումն է։ Օրական մոտ 75 գրամ ընկույզի օգտագործումը բարենպաստ է անդրադառնում սերմնահեղուկի որակի, կենսունակության և շարժունակության վրա։

7. Ընկույզն օգտակար է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում․ Ընկույզի յուղը բարելավում է 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց նյութափոխանակության ցուցանիշները։ Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ 2-րդ տիպի դիաբետ և ավելորդ քաշ ունեցող մեծահասակների մոտ, որոնք օրական մեկ/քառորդ բաժակ ընկույզ էին ճաշակել, երեք ամսվա ընթացքում ինսուլինի մակարդակի նշանակալի նվազում է նկատվել։

Եվ վերջում մի քանի պարզ խորհուրդ․ Ընկույզ ճաշակելիս խորհուրդ չի տրվում մաքրել ընկույզի՝ կեղևանման արտաքին շերտը, որը կարող է մի փոքր դառնահամ լինել, քանի որ հակաօքսիդիչների 90 տոկոսը պարունակվում է հենց այդտեղ։

Առողջության համար առավել օգտակար են օրգանիկ և հում ընկույզները։ Իսկ դրանց ազդեցությունը բարելավելու համար կարող եք թրջել ջրում՝ թողնելով մի գիշեր։

Պետք է հաշվի առնել, որ ընկույզներն արագ են փչանում, ուստի դրանք պետք է պահել հերմետիկ տարայի մեջ՝ սառնարանում կամ սառցախցիկում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30