Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա արդեն ֆիզիկապես գտնվելով Երեւանում, հասկացել է՝ միտքն ու հոգին հայրենի Արցախում են՝ Ստեփանակերտում

Նոյեմբեր 07,2020 14:00

Անգելինան պատմում է պատերազմի լուրը լսելու եւ այդ ողջ ընթացքում իր ապրումների մասին

«Պատերազմը սկսվեց վաղ առավոտյան, երբ դեռ բոլորս քնած էինք: Հանկարծ անհասկանալի ձայներ լսվեցին։ Սկզբում այդ ձայներին ուշադրություն չէի դարձնում՝ մտածում էի, թե ինչ-որ հրավառություն է կամ աշխատում են, բայց տեսա, որ ձայներն ավելի են շատանում ու ավելի ուժգին են»,-պատերազմից 40 օր անց հիշում է Անգելինան:

Ասում է՝ այդ պահին չի հասկացել պահի լրջությունը, այսօր արդեն պարզ է՝ թշնամու մտադրությունները որքան լուրջ են եղել: Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, նպատակը՝ Արցախի գրավումը: Պատերազմ սկսվելու լուրն ու մինչեւ այսօր ձգվող մարտերը արցախցի պատանի Անգելինա Բալայանին մեծ ապրումներ ու տխրություն են պատճառել:

«Դրսի խուճապը լսելով՝ տանից դուրս եկանք ու հասկացանք, որ հակառակորդն է։ Սկսեցինք մեր բարեկամներին զանգել, ովքեր ապրում են շրջաններում, որպեսզի հասկանանք պահի լրջությունը։ Իրականում չէինք պատկերացնում, որ պատերազմ կլինի, բայց այն փաստը, որ թշնամին արդեն Ստեփանակերտին է հարվածում՝ հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է»:

Անվտանգության նկատառումներից ելնելով, սկզբում ինքն ու եղբայրն են տեղափոխվել Երեւան, հետո, որոշ ժամանակ անց՝ մայրը։
Անգելինան պատմում է, որ միշտ երազել է Երեւանում ապրել, բայց ոչ պատերազմի պատճառով հայրենիքից հարկադրված տեղափոխվելու գնով:

Նրա խոսքով՝ դժվար էր հեռանալ սեփական երկրից ու բնակություն հաստատել Երեւանում, հատկապես՝ այսպիսի ապրումներով: Ասում է, որ անգամ պատերազմական իրավիճakում դժվարությամբ է համաձայնել դուրս գալ Արցախից ու տեղափոխվել Երեւան, բայց հասկանալով պահի լրջությունն ի վերջո համաձայնել է։

Հիմա արդեն ֆիզիկապես գտնվելով Երեւանում, հասկացել է՝ միտքն ու հոգին հայրենի Արցախում են՝ Ստեփանակերտում, որն աշխարհի ամենագեղեցիկ, հարմարավետ ու անվտանգ քաղաքն էր. «Ժամերս անցնում էին չգիտես ինչպես ու ավարտվում սպասումներով։ Ամեն օրս պատերազմ էր ու թերեւս բազմակողմանի։ Իրականում հեշտ չէ ապրել ամեն օր լսելով, թե ինչպես են նահատակվում երիտասարդները, հերոս դառնում ու երկնային կյանքում իրենց տեղը գտնում, թե ինչպես են ավերում այն բնակավայրը, որի հետ կապված շատ հիշողություններ ունես։ Ապրելով Արցախում ու իմանալով քո երկրի պատմությունը, չլուծված խնդիրները՝ դու մեկ է, ուզում ես ապրել ու արարել քո հայրենիքում։ Այդ ամենի հետ մեկտեղ սովորում ես, կառուցում ու շենացնում քո երկիրը»:

Ապրելով օտար բնակավայրում՝ փոխվել է Անգելինայի ապրելակերպն ու դրա հետ մեկտեղ նաեւ՝ մտածելակերպը: Այսօր արդեն նպատակն ու երազանքը մեկն է՝ երկրի խաղաղությունը: Անգելիանայի խոսքով, իրականում, դժվար է համակերպվում այս իրավիճակին, բայց հասկանում է՝ քանի դեռ սահմանին հազարավոր հայորդիներ պայքարում են յուրաքանչյուրի անվտանգ ապրելու համար, պետք է շարունակի ինչ-որ բանով էլ ինքն օգտակար լինի հայրենիքին: Ասում է՝ ու հենց այդ միտքն է նրան ուժ տալիս՝ իր տեղն այստեղ գտնելու:

Անգելինան պատմում է, որ Երեւանում մասնակցել է դասընթացի՝ «Իմ ապագան իմ ձեռքերում է», որը նրան մեծ ուժ ու եռանդ է տվել պայքարելու իր երազանքի ու նպատակի համար. «Այդ ժամանակ իմ վայր դրած զենքերը կարողացա բարձրացնել ու գործի դնել։ Դա իմ միտքն է, գիտակցությունն ու իմաստությունը, որոնք համախմբվեցին իմ կարողությունների հետ ու տվեցին ու դեռ կտան իրենց պտուղները։ Դասընթացի ժամանակ ծանոթացա նոր մարդկանց հետ։ Մարդկանց, որոնք պայքարում եւ պատերազմում էին իրենց խելքով, հմտություններով ու կարողություններով, որպեսզի ամուր դարձնեն թիկունքը։ Լինելով այդ մեծ ընտանիքում՝ փոքր ինչ կարողացա հայացքս սեւեռել մեկ այլ բնագավառի վրա` կրթության, որը հետո պետք է դառնա Արցախի մեծ գրավականը»:

Անգելինային Երեւանն էլ է շատ դուր եկել: Արդեն հասցրել է լինել մայրաքաղաքի տեսարժան ու գեղեցիկ վայրերում, բայց ամենաշատը հայրենի Արցախն է կարոտում. «Արցախում թողեցի հայրիկիս, եղբորս, հուշերով ու երջանիկ պահերով լցված տունս։ Հիմա իմ գերագույն երազանքն է՝ տեսնել երկիրս խաղաղության մեջ։ Դա ամենակարեւորն է»

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30