Էությամբ համեստ ու հանգիստ, իր մասին խոսել չցանկացող Արթուր Գինոսյանն է՝ Ապրիլյան պատերազմի հերոս տղաներից: Ճանաչեցի՞ք: 2020-ի նորօրյա հերոսամարտին մասնակցելու համար նա չերկմտեց, իր տեղը պատերազմի դաշտում է, ասաց ու եկավ Արցախ:
Սակայն պատերազմի ընթացքում ուղեղի ցնցում է ստացել, հիմա ապաքինման փուլում է: Երեւան Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող Արթուրը հայրենապաշտության կերպար է: Հոգու մարմնավորումը հայրենասիրությունն է, նպատակը՝ թշնամուն ջախջախելը:
«Հայ զինվորին հաղթելն անհնար է». ասում ենք բոլորս, այդ կարծիքը կիսում է նաեւ մերօրյա հերոս Արթուր Գինոսյանը: Եթե հայը կռիվ է գնում երգ ու պարով, ուրեմն մարտական ոգին առավել քան երբեւէ անգերազանցելի է՝ զրույցի սկզբում ասում է Արթուրը:
– Ապրիլյան պատերազմից այս կողմ ի՞նչ է փոխվել։ Պատերազմ կոչվածն անսպասելի՞ էր քեզ համար։
Կարդացեք նաև
– Ի տարբերություն Ապրիլյան պատերազմի, այս մեկն արդեն սպասելի էր մեր կողմից, որովհետեւ արդեն 2016-ը մեզ դաս էր, որ ամեն պահի թշնամին կարող է հարձակվել: Իսկ մինչեւ Ապրիլյան պատերազմը մենք չէինք պատկերացնում, որ հնարավոր է թշնամին մեզ վրա հրետանի կիրառի կամ թիրախավորեն խաղաղ բնակչությանը:
– Կորցրեցիր բազմաթիվ զինակիցներ… այսօր նրանց գործը շարունակողներն ինչպիսին են։
– Թե այն ժամանակ, թե հիմա շատ ընկերներ եմ կորցրել: Նրանց գործը մենք շարունակում ենք այնքանով, որ իրենք վերեւից հպարտանան մեզնով: Իրենց գործը ավարտին ենք հասցնելու:
– Անվախ տղաների շարքերում միշտ լինում ես։ Բացի հայրենասիրությունից, ինչն է քեզ մղում, որ հայրենիքը պաշտպանես։
– Սուտ կլինի ասել՝ անվախ տղաներից մեկն եմ: Բոլորս էլ ինչ-որ չափով, որոշակի փուլում վախենում ենք: Բայց վախ հաղթահարելը պետք է յուրաքանչյուր զինվորի արյան մեջ լինի: Իսկ սահման գնացել եմ զուտ հայրենասիրությանս համար, որ լինեմ զինվորների կողքին եւ միասին անառիկ պահենք Արցախը՝ մեր սուրբ հայրենիքը:
– Մի քիչ խոսենք հրամանատարական կազմի մասին։ Այս օրերին եւ ընդհանրապես, նրանց արածն ու արդյունքն ինչպես է։
– Փառք Աստծո, այսօր ունենք այնպիսի հրամանատարներ դաստիարակող դպրոցներ, որոնց շնորհիվ մեր բանակն օր օրի ավելի է կատարելագործվում ու արդյունքն ակնհայտ է:
– Քանի անգամ հրաշքով մահից ես փրկվել. զգացողություններդ։
– Ճիշտ նշեցիք: Մի քանի անգամ հրաշքով փրկվել եմ մահից թե Ապրիլյան պատերազմի ժամանակ, թե մերօրյա պատերազմի ժամանակ: Ես կարող եմ սա երկու գործոնի հետ կապել: Առաջինը, որ Աստված միշտ ինձ հետ է, իր աջը իմ գլխին է: Աստծով ես ողջ եմ մնացել: Իսկ երկրորդ՝ մի քիչ էլ բախտի հարց կա, բախտս բերել է:
– Երեւի համամիտ կլինես, որ «Աստծո գործերն անքննելի են»: Աղոթո՞ւմ ես։
– Անվերապահորեն համամիտ եմ: Աղոթել եմ կռվից առաջ, մարտադաշտ մեկնելիս եւ պատերազմի ժամանակ: Աղոթելը շատ է օգնում:
– Խաղաղություն պարտադրո՞ւմ ենք…
– Խաղաղություն մի՛շտ պարտադրելու ենք: 100 տարվա առաջվանը նորից չպետք է կրկնվի: 1915 թվականը չպե՛տք է կրկնվի:
– Թշնամին վախենում է քեզ նման տղաներից. Ի՞նչ կասես նրանց։
– Ոչինչ չեմ ասի, որովհետեւ նրանք չեն հասկանում: Թշնամուն պետք է դաս տալ ու մինչեւ վերջ ջարդենք մարտի դաշտում:
– Քո` դիրքում մարտնչող կերպարից ելնող ոգեշունչ խոսքին են սպասում մարդիկ։ Տղերքը հաղթո՞ւմ են։
– Բազմիցս նշել եմ, բայց էլի կասեմ: Մենք գնացել էինք, որ ժամկետային զինծառայողներին ոգեւորենք, բայց ճիշտ հակառակը եղավ: Տղերքը ոչ թե հաղթում են, այլ տղերքը արդեն հաղթել են: Այնքանով են հաղթել, որ թուրքական ծրագիրը տապալվել է: Թուրքը այսօր չկարողացավ Արցախը գրավի 2-4 օրվա ընթացքում, ինչպես տեսաք՝ չկարողացան: Ճիշտ է՝ որոշ տեղերում իրենք հաջողություններ ունեն, բայց միայն ժամանակավոր է: Դեռ հակառակորդին ջարդելու պրոցեսը նոր է սկսվում: Հաղթելու ենք:
Հարցազրույցը՝
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
Արցախ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2020