Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմագերու կամ գերու նկատմամբ խոշտանգում, անմարդկային վերաբերմունք ցուցաբերող անձին կարող է սպառնալ տասնյակ տարիներ ազատազրկումից մինչեւ ցմահ ազատազրկում»

Նոյեմբեր 07,2020 14:30

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց՝ իր վերջին հայտարարությամբ ՄԻԵԴ-ն ուղերձ է հղել կողմերին, որպեսզի թե՛ նոր միջոց կիրառելու, թե՛ արդեն իսկ կիրառված միջոցները հանելու, վերացնելու խնդրանքով դատարանին այլեւս չծանրաբեռնեն:

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը հաղորդագրություն էր տարածել ԼՂ հակամարտության շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու համար ներկայացված դիմումների վերաբերյալ, որով ըստ էության մերժել էր Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը՝ պատճառաբանելով, որ դրանում բարձրացվել են հարցեր, որոնք դատարանի իրավասությունից դուրս են:

Սիրանուշ Սահակյանը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ մի շարք գերիների եւ ռազմագերիների գործերով ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ է: Մեր հարցին՝ Ադրբեջանը կարո՞ղ է նորից դիմել Եվրոպական դատարան նա պատասխանեց՝ ընթացակարգային առումով հնարավոր է, բայց դատարանի մերժումից հետո պետք է իրավիճակի փոփոխություն լինի, որն արդարացնի նոր խնդրանքի ներկայացումը. «Դրա համար հավանականությունը նոր արդյունքի հասնելու քիչ է, եւ ՄԻԵԴ հաղորդագրության մեջ հստակ է գրված, որ միջպետական գործերով դատարանն արդեն ունի հստակ ընդհանուր բնույթի անհապաղ միջոցներ եւ այլեւս նպատակահարմար չի համարում դրա շրջանակի փոփոխությունը: Դատարանը նաեւ ի ցույց է դնում, որ տարածքային վեճեր լուծող չէ, եւ սպեկուլյացիաները, որով միակողմանի տեղեկատվության հիման վրա փորձում են դատարանին ներքաշել քաղաքական խնդիրների մեջ, անթույլատրելի են, ուստի հստակ արձանագրում է, որ տարածքներին առնչվող խնդիրները դատարանի իրավասության տակ չեն. այս դատարանը մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող է»:

Սիրանուշ Սահակյանը նշեց՝ տարածքային վեճեր լուծող դատարաններ կան, եւ եթե իսկապես Ադրբեջանի մտադրությունը իրավական առումով վեճը լուծելն է, ապա այլընտրանքներ, միջազգային իրավունքը դրա պակաս չունի, բայց իրական ատյանի գոյության պարագայում սպեկուլյացնել դատարանին, արդեն անթույլատրելի է:

ՄԻԵԴ-ի մյուս կարեւոր ազդակն իրավապաշտպանի փաստմամբ այն է, որ անթույլատրելի է համարում խաղաղ բնակչությանը ռազմական թիրախ դարձնելը, եւ պետք է պահպանվեն ռազմագերիների եւ գերիների վերաբերյալ միջազգային դրույթները. «Այստեղ դատարանն արդեն իսկ կիրառել է անհապաղ միջոցներ, ընդորում, սկզբնական կիրառելու ժամանակ գտնվել էր հավասարակշռված եւ հասցեատեր էր դարձրել ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Հայաստանին, ուստի հավելյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն դատարանը չի տեսնում»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ մոտեցում է ցուցաբերել եվրոպական դատարանն առանձին ռազմագերիների ու գերիների գործերով: Սիրանուշ Սահակյանն ասաց. «Դատարանի վերջին հայտարարության վերջին պարբերությունը հենց դրա մասին է, որ միեւնույն ժամանակ կան անհատական գործեր ռազմագերիների վերաբերյալ, եւ դատարանը դրանք պահում է իր հսկողության ներքո ու նաեւ կոչ է արել, որպեսզի կողմերը հաշվի նստեն գերիների եւ ռազմագերիների հարցերով զբաղվող միջազգային գործընթացների, մեխանիզմների հետ եւ խնդրել, որպեսզի արագացնեն այդ մարմինների հովանու ներքո գործընթացները: Ըստ էության դատարանը հենց նկատի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո ռազմագերիների փոխանակումը»:

Խնդրեցինք ներկայացնել՝ ի՞նչ ճակատագիր կունենան առաձին գերիների ու ռազմագերիների հետ կապված առանձին գործերը: Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց՝ այս պահին ունենք 13 անհատական գործ, եւ դրանց թիվն օր օրի ավելանում է. «Երբ տեղեկություն ենք ստանում նոր գերու կամ ռազմագերու վերաբերյալ, անպայման ձեռնամուխ ենք լինում այս անձանց իրավունքների անհատական պաշտպանությանը: Անհատական գործի դեպքում եւս կիրառվում է անհապաղ միջոց, բայց արդեն իսկ անհատականացված, կան ռազմագերիներ, որոնք վիրավորվել են, վերջիններիս բուժօգնությունը տարբերվում է այլ ռազմագերիների գործերից, որոնք վիրավոր չեն: Ուստի յուրաքանչյուր իրավիճակ հասկանալով՝ մենք անհատապես ենք խնդրում անհապաղ միջոցները, եւ բնականաբար, այդ գործընթացից զատ, երբ դատարանը գործը վերցնում է հսկողության ներքո, պարբերաբար տեղեկատվություն է պահանջվում Ադրբեջանի կառավարությունից այդ անձանց վերաբերյալ: Մենք նաեւ հետամուտ ենք լինում հիմնական գանգատի ներկայացմանը, որպեսզի ապագայում նաեւ իրենց հնարավոր իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերը քննարկման առարկա դառնան դատարանում»:
Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց՝ առաջին անհապաղ միջոցը հենց անհատական գործով կիրառվեց՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, դրանից հետո պետությունը խնդրեց, որպեսզի ընդլայնվի անհապաղ միջոցի շրջանակը: Բայց առաջին կիրառությունն, անհապաղ միջոցը ստացվել է հենց անհատական գանգատի շրջանակում: Իրավապաշտպանը վստահ է՝ դեռ էլի կստացվեն. «Առաջիկայում 2 տղաների գործերով եւս կստացվեն անհապաղ միջոցի կիրառման որոշումներ, 5 հոգի դատարանը վերցրել է հսկողության տակ, տեղեկատվություն է պահանջել, 8-ի վերաբերյալ էլ ամեն պահի պատասխանի ենք սպասում: Կարծում եմ՝ այսօր կամ վաղը նաեւ այդ 8 տղաներին է վերցնելու հսկողության տակ»:

Հարցին՝ ռազմագերու գլխատմա՞ն դեպքի առիթով ինչ որոշում կա, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Այստեղ արդեն վնասները վրա են հասել: Այս հարցերն այլեւս չեն քննարկվում անհապաղ միջոցի շրջանակում: Մենք դրանով հիմնական գանգատներ ենք ներկայացնում դատարանին, որի քննության ժամկետներն ավելի երկար են, քան անհապաղ միջոցինը: Իհարկե, գլխատման կամ առհասարակ պատերազմական հանցագործությունները բացահայտող մյուս փաստաթղթերը մենք անհապաղ միջոցի հարցերով էլ ենք ներկայացնում դատարանին: Դրանք ապացույցներ են, որոնք ցույց են տալիս իրական վտանգը, որը սպառնում է ներկայումս ռազմագերիների կյանքին եւ առողջությանը: Այդ նյութերն ապացուցողական նշանակություն ունեն, որ ողջ մնացած ռազմագերիների առնչությամբ դատարանն անհապաղ միջոցներ կկիրառի»:

Հետաքրքրվեցինք՝ ՄԻԵԴ որոշմամբ հնարավո՞ր է կանխել այն դրսեւորումները, որ, օրինակ, համացանցում հայտնված տեսանյութերում է երեւում, թե ինչ անմարդկային վերաբերմունք են դրսեւորում հայ ռազմագերիների նկատմամբ, Սիրանուշ Սահակյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ որոշակի առումով կանխում է: Որպես կանոն՝ տեսանյութերն ի հայտ են գալիս, հետո դրանց հիման վրա են հիմնավորվում դեպքերը: Եվ կարեւոր է, որ դատարանի իմացությունից հետո չկրկնվեն անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների դրվագները: Կարծես թե ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ դեպքերը մեծամասամբ եղել են մինչեւ դատարանի կողմից գործերը հսկողության ներքո դնելը: Իհարկե՝ տեսականորեն չենք բացառում, որ դրանից հետո էլ կարող են լինել, եւ իրենք փորձելու են թաքուն պահել նման դրվագները, բայց դրանց բացահայտվելու պարագայում հետեւանքներն անհամեմատ ավելի ծանր են լինելու՝ համեմատած այն իրավիճակների, երբ ռազմագերու անձը հայտնի չէ, եւ այդ գործը չի գտնվում միջազգային ատյանի ուշադրության ներքո: Այս դեպքում դա մեծ վտանգ է հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար»:

Հարցին՝ իսկ խոշտանգում կատարող անձի՞ն ինչ պատժաչափ է հասնում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Սա կախված է, թե որ ատյանը կքննի: Միջազգային քրեական դատարանի մանդատի հետ կապված կան սահմանափակումներ, իհարկե, հաղթահարելի, դրա համար, որպեսզի կոնկրետ պատժաչափը հասկանանք, դա կախված է, թե պատժվելու են որեւէ երկրի ազգային օրենսդրությա՞մբ պատերազմական հանցագործությունների հիման վրա, թե՞ միջազգային քրեական դատարանում: Ամեն դեպքում անձին կարող է սպառնալ տասնյակ տարիներ ազատազրկումից մինչեւ ցմահ ազատազրկում պատժաչափ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30