Լրահոս
Օրվա լրահոսը

Որ զինվորի ոտքերը հանկարծ չմրսեն. «Կրունկը ծակվի՝ չթափեք, կբերեք նորից կգործեմ»

Նոյեմբեր 06,2020 22:10

Վանաձորցի Անուշ Հարությունյանը պատերազմը սկսելու օրվանից տարբեր նախաձեռնությունների միջոցով զինվորի համար անհրաժեշտ իրեր է ուղարկում սահման: Իսկ հերթական օգնության նախաձեռնողը հենց ինքը եղավ: Թելեր գնեց ու սկսեց կամավորներ փնտրել՝ զինվորների համար տաք գուլպաներ պետք է գործեին. «Թիկունքի կողմից օգնությունը շատ եմ կարեւորում: Մեր արծիվներին անհրաժեշտ է մեր դրական էներգիան, աղոթքները, սրտի խոսքերը, որոնք ամփոփվում են սննդի ու հագուստի մեջ: Մենք արդեն հաղթել ենք, քանի որ մեր հերոսները արդեն իսկ գործել են բանականությունից դուրս սխրանքներ: Թիկունքը ամուր է եւ միշտ պատրաստ, որպեսզի հզոր լինի մեր հայրենիքի ճակատը»,-ասում է Անուշը:

Ֆեյսբուքյան հրապարակմանը արձագանքը չուշացավ: Ոչ միայն Վանաձորից, այլեւ մարզի տարբեր համայնքներից 15 կին անմիջապես անցավ գործի. «Հերթական անգամ մեր քաջերի թիկունքին կանգնելու համար որոշեցի գուլպաներ ուղարկել, քանի որ եղանակը ցրտում էր, իսկ զինվորի ոտքը պետք է տաք լինի: Բայց քանի որ պետք էր արագ կազմակերպվեր, համացանցով հայտարարություն տարածեցի ու շատ արագ մի խումբ կամավորներ արձագանքեցին: Բոլորը մեծ սիրով ու ջերմությամբ, աղոթքների ու բարեմաղթանքների ներքո սկսեցին աշխատանքը: Աստված տա մեր առյուծները գուլպաները հագած հետ գան»,- ասում է Անուշը:

5 օրվա մեջ գործեցին 50 զույգ գուլպա: Կանանցից Հասմիկ Տիգրանյանն արձագանքում է բոլոր նմանօրինակ հայտարարություններին: Ուժերի ներածին չափով մասնակցություն ունենում դրանցից յուրաքանչյուրին. «Մեծ բան չենք անում, այսօր մարդիկ իրենց կյանքն են տալիս, իսկ մենք մեր տանը նստած կարողանանք օգնենք: Այս հայտարարությանն էլ արձագանքեցինք, ու շատ արագ մեր խոստացած օրն ու ժամին՝ զինվորական ճշտությամբ կարողացանք հասցնենք մեր զինվորներին: Սրտի սփոփանք ու մեծ հանգստություն եմ զգում, որ այսօր այդ փոքրիկ լուման կարողացանք օգնենք զինվորներին»:

Հասմիկի միտքն էլ շարունակում է Սեդա Արզումանյանը: Նա նույնպես սիրով մասնակցել է նախաձեռնությանը: Այժմ էլ թելերի նոր խմբաքանակին է սպասում, դեռ շատ զինվորներ կան, որ ունեն այդ գուլպաների կարիքը. «Շնորհակալություն Անուշին, որ մեզ միավորեց մեկ գաղափարի շուրջ եւ մենք կարողացանք մեր մասնիկն ինչ-որ չափ ներդնել  զինվորին օգնելու գործին: Այս գուլպաների հետ մեր սրտի մաղթանքն ու ջերմությունն ենք ուղարկում, որ լինեն անփորձանք ու պաշտպանված: Եվ հասնեն իրենց ծնողներին:  Բոլորին կատակով նույն մաղթանքն եմ գրել՝ «Կրունկը ծակվի՝ չթափեք, կբերեք նորից կգործեմ»: Սպասում ենք բոլորին»:

Գուլպաները զինվորներին կհասնեն  ավանդական դարձած սնիկերսներով ու կանանց սրտի խոսքերով: Իսկ չիրն ու քաղցր լավաշն էլ՝ տիկին Սեդայի ձեռքի գործն է: Այգու մրգերից չիր ու մրգային լավաշներ է պատրաստել: Մինչ պատերազմը, դրանց հետ կապված այլ երազանքներ ու նպատակներ ուներ, սակայն ամբողջությամբ այլ ուղղություն ստացան. «Հիմա կարեւորը պատերազմում հաղթելն է, եւ ես որոշեցի այդ ամենը սիմվոլիկ փաթեթավորել ու վաճառել: Առաջին խմբաքանակից ստացված 50.000 դրամն արդեն փոխանցել եմ հիմնադրամին, հիմա սկսել եմ երկրորդ խմբաքանակը պատրաստել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30