Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան կարո՞ղ է ինքն իր իրավունքները պաշտպանել. ի՞նչ է ասում հոգեբանը և ի՞նչ է նախատեսում իրավական ոլորտը

Նոյեմբեր 06,2020 21:21

Երեխայի իրավունքների, առավել ևս երեխաների կողմից իրենց իսկ իրավունքների պաշտպանության հետ կապված հայ հասարակությունում պատկերացումները տարբեր են: Դրանք հիմնականում ծայրահեղական են. մի ծայրահեղությունն այն է, որ մարդիկ կարծում են, թե երեխան ի՞նչ է հասկանում, որ ինքն իր իրավունքները պաշտպանի, մյուս ծայրահեղությունն էլ այն մտածելակերպն է, որի համաձայն՝ երեխան անհատ է և ինքն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ ինքն ինչ իրավունքներ ունի, ինչպես վարվի և այլն:

Այս քննարկումների ֆոնին նկատեցինք, որ օրերս կառավարության կողմից խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: ՀՀ-ի կողմից արձանագրությունը ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին: Փաստաթղթում նշվում է՝ այն կոչված է ամրապնդելու եւ լրացնելու ազգային եւ տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում «Մասնագիտությունը՝ մայրիկ» խորագրի ներքո հոգեբան Մարինե Մելոյանից հետաքրքրվեցինք՝ ընդհանուր առմամբ մոտեցումն իր համար ընդունելի՞ է: Նա նշեց՝ նախ պետք է հասկանանք, թե որ տարիքային խմբի հետ գործ ունենք ու պարզաբանեց. «Եթե դիտարկենք 6, 7, 8 տարեկանների շրջանակը, ապա ես կարծում եմ՝ այս տարիքի երեխան չի կարող իր իրավունքները պաշտպանել. նրա իրավունքները պաշտպանողը ծնողն է: Չեմ կարծում, որ իրավական համակարգում կարող է լինել մի համակարգ, որ ծնողից ավելի լավ պաշտպանի երեխայի իրավունքները կոնկրետ հայ հասարակությունում: Մենք՝ հայերս, այլ կերպ ենք վերաբերվում մեր երեխաների դաստիարակությանը: Եվրոպական երկրներում, միգուցե ԱՄՆ-ում սա այլ կերպ է դիտարկվում, որտեղ շատ դեպքերում խախտվում են երեխայի իրավունքները: Երբեմն այնտեղ ականատես ենք լինում, որ երեխան վատ վերաբերմունքի է հանդիպում, մեր հասարակության մեջ նման դրսևորումները հազվադեպ են»:

Մեր դիտարկմանը՝ մի՞թե չկան նման դեպքեր, որ հենց ծնողների կողմից է վատ վերաբերմունքի արժանանում երեխան հենց հայ հասարակությունում, Մարինե Մելոյանն այսպես արձագանքեց. «Այո, ես չեմ բացառում նաև, որ կան այդպիսի դեպքեր, որ անգամ ծնողի կողմից կարող են ոտնահարվել երեխայի իրավունքները, բայց սա շատ խորը ուսումնասիրության թեմա է, և շատ քայլեր պիտի արվեն, նոր նման որոշումներ կայացվեն: Իհարկե, նաև կան դեպքեր, երբ անհրաժեշտություն է ծագում երևույթը իրավական հարթություն տանել, բայց սա շատ պիտի ուսումնասիրվի, կոնկրետ քայլեր մշակվեն, թե որ տարիքի երեխայի դեպքում է դա գործելու»:

Մարինե Մելոյանը երեխայի իրավունքներն այլ տեսանկյունից է դիտարկում դեռահասության տարիքի համար: Հոգեբանը նշեց. «Այստեղ ոչ թե ավելի շատ խախտված են երեխայի իրավունքները, այլ երեխան, փորձելով ինքնահաստատվել, ամեն բան այլ կերպ է ընկալում: Այդտեղ պետք է ուշադրություն դարձնել ծնող- երեխա, երեխա հասարակություն հարաբերություններին: Չեմ կարծում, որ այստեղ երեխաների իրավունքների ոտնահարման խնդիր կա: Այստեղ և′ դեռահասի, և′ ծնողի կողմից դեռահասության տարիքի ընկալումն է տարբեր: Մենք շարունակում ենք դեռահասին ընկալել որպես երեխա, իսկ նա պայքարում է, որ իրեն ընկալենք որպես մեծահասակ»:

Փաստեցինք՝ շատ դեպքերում հայ հասարակությունում երեխայի նկատմամբ վերաբերմունքը մի քիչ չափազանցված է ընկալվում, երբեմն հասնում ենք այն ծայրահեղության, որ երեխան ծնողի սեփականությունն է դիտարկվում: Այս առիթով Մարինե Մելոյանն ասաց. «Չեմ հակադարձում. դա մեր՝ չափից դուրս նվիրվածության և փաղաքշանքի արդյունքն է: Դա չի արվում ի վնաս երեխայի, երեխայի իրավունքները ոտնահարելու պատճառով, այլ դա արվում է նրա համար, որ մենք չափից դուրս ենք մեր երեխաներին սիրում և փորձում անընդհատ պաշտպանել, անընդհատ նրա փոխարեն գործել, նրա փոխարեն խոսել, չենք դիտակում, որ դա կատարում ենք նրա իրավունքները խախտելով, այլ որպես պարտականություն, որպես ծնող ենք կատարում»:

Հոգեբանը նաև չբացառեց, որ միգուցե կան պատճառներ, որ նման նախագիծ իրականացվի, քանի որ այդպիսի նախագծերը բխում են նաև հասարակության վերաբերմունքից: Ըստ նրա՝ գուցե նման երևույթների ականատես եղել են, որ նման նախադեպեր են մշակում, հասարակության մեջ մարդիկ շատ տարբեր են, հետևաբար իրենց դրսևորումը, տեսակետը երեխաների իրավունքների նկատմամբ նույնպես այլ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30