Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից հետո «անվերջ մխացող պատերազմ»

Նոյեմբեր 06,2020 21:01

Երեկ անդրադարձել էինք դեպի Կովսական տանող արահետներից  մեկում ծաղկած գնարբուկ վորոնովի ծաղկատեսակին, որը հիմնականում ծաղկում է գարնանը։ Քիմիկոս–բնապահպան, մանկավարժ Վարդուհի Օհանջանյանի կարծիքով՝գեղեցիկ է, երբ ՀՀ Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ տեսակ հանդիսացող  գնարբուկ վորոնովի  բուսատեսակը ծաղկել է, բայց այս հրաշքը, ըստ Օհանջանյանի, վկայում է աղետաբեր հետեւանքների մասին:

«Բնության հրեշավոր, հաճախ անշրջելի ոչնչացումը, որն իր հետ բերում է պատերազմը, ռազմագետները որակում են որպես «զինված բախումների կողմնակի ազդեցություններ» :

Իրականում «զինված բախումների կողմնակի ազդեցությունները» սահմանումը հաճախ բնության ոչնչացումն է, ինչը հանգեցնում է մարդկային զոհերի ավելի մեծ քանակի, քան բուն պատերազմն է»,–մեզ հետ զրույցում նշեց Վարդուհի Օհանջանյանը:

ՄԱԿ–ի որոշմամբ, նոյեմբերի 6-ը  հռչակվել է պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի չարաշահումը կանխարգելելու միջազգային օրը։

Այսօր լրատվամիջոցներն ուշադրության կենտրոնում են ռազմական բախումները , սակայն կոնֆլիկտ լուծվելու կամ սառեցվելուց  հետո , ըստ Վարդուհի Օհանջանյանի՝ ուշադրություն համարյա չենք դարձնում  հետեւանքների վրա։

«Իսկ ավերված տարածքներում մարդիկ շարունակում են մահանալ ոչ թե փամփուշտներից եւ ռումբերից, այլ թունավորված խմելու ջրից եւ աղտոտված հողից: Հսկայական հողատարածքներ դառնում են անպտուղ, ոչնչացվում է բնությունը»,–ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ միջազգայնորեն պատերազմի գինն ընդունված է անվանվել էկոցիդ:

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, այս պատերազմի հետեւանքով  զգալի վնասներ են հասցվել Սյունիքի մարզի եւ Արցախի Հանրապետության սահմանագոտում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիներին։ Նոյեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմի հրթիիռակոծումների հետեւանքով  «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամից 3 տարածքներ՝ 5 հա, 20հա եւ 40 հա մակերեսներով։ Արդյունքում, միայն «Շիկահող» պետական արգելոցի տարածքում այրվել է շուրջ 65 հեկտար անտառածածկ տարածք։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին պատճառված վնասները դեռեւս հաշվարկվում են։ Մասնագիտական ուսումնասիրությունները բարդանում են ընթացքող ինտենսիվ մարտական գործողությունների պատճառով։

Aravot.am-ի  հետ ունեցած զրույցում բնապահպան, «Անապակ» ՀԿ–ի նախագահ Վահրամ Մարտիրոսյանը չբացառեց,  որ այդ տարածաշրջաններում կվերանան Կարմիր գրքում գրանցված էնդեմիկ որոշ բուսատեսակներ, ինչպես նաեւ  կովկասյան ընձառյուծը, հնդկական մացառախոզը կգաղթեն ավելի բարձրադիր վայրեր ու չեն ունենա իրենց կերաբազան, ինչը վտանգավոր ռիսկ կարող է լինել այդ կենդանիների կյանքի համար։

Մեր այն դիտարկմանը, թե այս պատերազմի ընթացքում բնությանը ավելի մեծ վնաս կհասցվի, քան 90-ականների հայ–ադրբեջանական հակամարտության ժամանակ էր, Վահրամ Մարտիրոսյանը ասաց, որ ընդհանրապես համեմատության եզրեր չկան։ «Այն ժամանակ չէին կռվում նման ժամանակակից զենքերով։ Պրիմիտիվ զինատեսակներ էին, իսկ հիմա հզոր զենքեր են, եւ նրանց հասցրած վնասը բնությանն ավելի շատ է»,–նշեց Վահրամ Մարտիրոսյանը։

Վարդուհի Օհանջանյանի կարծիքով պետք չէ միայն մասնագիտական եւ միջազգային նշանակության օրերին հիշել բնության մասին։ Պետք է միշտ բարձրաձայնել շրջակա միջավայրին ու բնությանը պատերազմի հասցրած վնասների մասին, որպեսզի հակամարտությունից հետո չլինի «անվերջ մխացող պատերազմ»։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30