«Առհասարակ, պետությունն ու մենք բոլորս ունենք պարտավորություն զոհված եւ վիրավորված հայորդիների ընտանիքների առջեւ եւ այդ պարտավորությունը պետք է կատարվի ամբողջ ծավալով եւ ժամանակին։ Եթե ֆինանսական անհրաժեշտությունից ելնելով՝ հարցն այսօր արդիական է դարձել, ապա բնականաբար, այն պետք է քննարկման առարկա դառնա»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն, ըստ որի առաջարկվում է ներկայումս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից բարձրացնել ամսական 3000 դրամ։
«Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետեւանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն աճել է»,-այսպես է հիմնավորում ՊՆ-ն։
Նախագծով առաջարկվող 3000 դրամ շեմի մասին սոցիալական ցանցերում տարբեր կարծիքներ են հնչում․ հիմնականում առաջարկում են շեմը սահմանվել ըստ աշխատողի աշխատավարձի, այլ ոչ թե բարձր, միջին եւ ցածր աշխատավարձ ստացողների դեպքում նույն վճարը լինի։
Կարդացեք նաև
Դժվար թե այսօր գտնվի մեկը, որը դեմ կլինի այս նախագծին, այնպես, ինչպես 2016 թվականին էին ընդդիմանում, երբ նախկին իշխանության օրոք ընդունվեց այսպես ասած՝ 1000 դրամների հիմնադրամի մասին օրենքը։ Սակայն, մի բան է ցանկությունը, մեկ այլ բան է ֆինանսական հաշվարկներն, ու նպատակահարմարությունը՝ ով՝ որքան պետք է վճարի։
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի կարծիքով՝ եթե ֆինանսական անհրաժեշտությունից ելնելով այդ նախագիծն այսօր արդիական է դարձել, ապա բնականաբար, այն պետք քննարկման առարկա դառնա, բայց թե ով՝ որքան գումար պետք է փոխանցի, պարոն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել, դրա համար լուրջ հաշվարկներ են հարկավոր։ «Պետք է ամբողջական տեղեկատվություն ունենալ, կատարել ֆինանսական հաշվարկներ, ակտուարական հաշվարկների հիման վրա կարծիք ստեղծել, որից հետո նոր հնարավոր կլինի գնահատականներ տալ թվային ցուցանիշների մասին։
Հիշեցնեմ՝ խոսքը միանվագ վճարների մասին չէ, այլ՝ 20 տարիների ընթացքում այդ պարտավորությունն օրենքով սահմանված չափով վճարելու մասին։ Հետեւաբար, սա միայն պահի տակ կամ տվյալ պահի համար չի արվում, դա ապագային միտված գործողություն է»,-ասաց պարոն Խաչատրյանը։
Պատգամավորը հիշեցրեց՝ ժամանակին, երբ այս համակարգը ներդրվում էր, այն ներդրվում էր որպես ապահովագրավճար, այլ ոչ թե որպես հարկ կամ տուրք, սրանք տնտեսագիտական իմաստով բովանդակային խիստ տարբերություններ ունեն․ «Հետեւաբար լուծումը կարող է լինի հնարավոր տարբեր առաջարկներով, օրինակ՝ սկսած միանվագ վճարից, վերջացրած տարբեր սանդղակներով աշխատավարձերի բաժանումից եւ բացարձակ մեծությամբ սահմանված թիվը։ Բայց դրանցից յուրաքանչյուրն ունի իր դրական եւ բացասական կողմերը։ Ուստի դրա մասին այսօր խոսել եւ վերջնական կարծիք ասելը վաղաժամ է, քանի դեռ այդ հաշվարկները չեն արվել»։
Ինչ վերաբերում է սոցիալական արդարությանը, ապա պատգամավորն ասաց՝ նախ դեռ պետք է հասկանալ, թե ինչ համակարգ է ներդրվում, եւ հետո՝ հնարավորինս մեղմել սոցիալական անարդարության բաղադրիչը՝ եթե դա առաջանալու է սահմանվող գումարը․ «Այսինքն, պետք է քննարկենք եւ համապատասխան լուծում գտնենք, որպեսզի սոցիալական բեռի բաշխումը հնարավորինս արդար լինի։ Այսինքն, պետք է հասկանալ՝ տարիների ընթացքում կուտակված պարտավորությունների կատարման համար ինչպիսի ֆինանսական հոսքեր պիտի ապահովվեն, ակտուարային հաշվարկներով դրանց նկատմամբ կուտակվող տոկոսները, պետք է ձեռքի տակ ունենանք յուրաքանչյուր աշխատավարձային շեմերի մեջ գտնվող աշխատավարձերի կամ աշխատողների քանակը եւ համապատասխան հաշվարկներ անել, նոր որոշում կայացնել»։
Բայց այս հավաքագրվող գումարը, ինչպես ասաց պատգամավորը, զոհված զինծառայողների ընտանիքների եւ վիրավոր զինծառայողների նկատմամբ մեր պարտավորությունն է, այն կարեւոր երաշխավորություն է, նրանց կարիքները հոգալու համար, եւ սա ազգային խնդիր է, որի արդիականությունն էլ առաջացրել է նման օրենքի եւ նախագծի անհրաժեշտությունը․ «Վստահ չեմ, որ այն սոցիալական արդարությունը կբավարարի, բայց գոնե ինչ-որ չափով կմեղմի։ Եւ այստեղ շատ կարեւոր է հանրային կոնսենսուսը, հանրային միասնականություն պետք է լինի գաղափարի շուրջ եւ պետք է հստակ հասկանանք վերջնական նպատակը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ