«Եթե համադրում ենք աղբյուրները, պարզ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այդ բանաձեւը մերժվել է Մեծ Բրիտանիայի կողմից եւ մենք համապատասխան քայլեր պետք է գործադրենք, որպեսզի կարողանանք Բրիտանիայի հետ ծագող խնդիրը կարգավորել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցությունում հանրային կապերի հարցերով խորհրդական Վարդան Ոսկանյանն՝ անդրադառնալով նախօրեին, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի արած հայտարարությանը:
Հիշեցնենք, երեկ՝ նոյեմբերի 5-ին, Շավարշ Քոչարյանը խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում, 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-ին, Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում, Արցախի հարցի քննարկման արդյունքում պատրաստված հայտարարությունը չի ընդունվել, որովհետեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկը տապալել է այն: ՀՀ ԱԳ փոխնախարարի մատուցմամբ, ոչ մի իրավական կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, Ղարաբաղում իրավիճակին խառնվելու ուղիղ լիազորություն չունի: Որպեսզի ՄԱԿ-ը որևէ երկրի նկատմամբ ուժի կամ պատժամիջոցների կիրառման որոշում կայացնի, պետք է դրա համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ գումարել և Անվտանգության խորհրդի մշտական անդամները պետք է միաձայն ընդունեն համապատասխան բանաձև: Միաձայն։
«Դա շատ բարդ գործընթաց է: Սրա շուրջ մենք կարող ենք համաձայնության գալ՝ ելնելով այն բանից, որ հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ: Հենց սկսվեց Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղում, համանախագահ երկրները, որոնք նույնպես ընդգրկված են Անվտանգության խորհրդի մշտական անդամների ցուցակում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ներկայացրեցին շատ հավասարակշռված լուծում, որը պետք է հնչեցներ նախագահը: Նախագահն ամեն ամիս փոխվում է: Այս անգամ նախագահությունը անցավ Ռուսաստանին: Այս դեպքում խոսքը կրակի անհապաղ դադարեցման, երրորդ կողմի չմիջամտելու, այս հակամարտության մեջ ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիության մասին էր: Եվ պարզապես պատկերացրեք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ մի երկիր կա, որը տապալեց ամեն ինչ»,- ասել էր Շավարշ Քոչարյանը՝ չնշելով երկիրը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան: Այդ հինգ երկրներից երեքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Նրանք պատերազմական ընթացքում բազմիցս կոչ են արել դադարեցնել կրակը, ավելին, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, երեք անգամ ձեռք է բերվել հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, որը Ադրբեջանը չի պահպանել: Իսկ Չինաստանը այս հարցին չի խառնվել:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցն ակնհայտ է համարում, որ Մեծ Բրիտանիան ունի իր շահերը, որոնք ենթադրում են Ադրբեջանի, նույնիսկ Թուրքիայի հանդեպ կողմնապահ վերաբերմունք՝ հատկապես հաշվի առնելով բրիտանական հատուկ ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի անձնական մտերիմ կապերը էրդողանական վարչակարգի եւ անձամբ Էրդողանի հետ, բայց նաեւ մենք ունենք ազդեցիկ գործիչներ, որոնք Մեծ Բրիտանիայում կապեր ունեն եւ այդ կապերի օգտագործումը ի նպաստ Հայաստանի կարող է շահավետ լինել: Ոչ պաշտոնական, այլ հասարակական տրամադրությունների տիրույթում, Վարդան Ոսկանյանի կարծիքով պետք է նաեւ հռետորաբանության որոշակի խստացում լինի բրիտանացիների հանդեպ:
Դիտարկմանը, որ Մեծ Բրիտանիայում կապեր, նաեւ անձնական եւ ազդեցություն ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաեւ երկար տարիներ այդ երկրում ՀՀ դեսպանն էր՝ ի՞նչ կարող է անել նախագահը, գուցե արդե՞ն քայլեր արվում են, կամ ինչո՞ւ է հապաղում Արմեն Սարգսյանը, մեր զրուցակիցն ասաց, որ տեղեկատվության չի տիրապետում, ուստի մեկնաբանություններ անել չի կարող, բայց մեզ համար ավելորդ շռայլություն կլիներ, եթե այդ խողովակը չօգտագործվեր: Վարդան Ոսկանյանը նկատում է նաեւ, որ Մեծ Բրիտանիայի պառլամենտական շրջանակներում ունենք բարեկամներ, որոնց ազդեցությունը բրիտանական պետության քաղաքականության վրա սահմանափակ է, բայց նաեւ նրանց հնարավորությունները պետք է օգտագործել՝ տեղ հասցնելու համար, որ շարունակվող պատերազմը վնասում է տարածաշրջանում նաեւ բրիտանական շահերը, ուստի, Մեծ Բրիտանիան պետք է որոշակի զգուշավորության դրսեւորի, հատկապես, եթե, ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարության, խոսքը վերաբերվում է մի բանաձեւի, որը միտված էր թուլացնելու լարվածությունը պատերազմական գոտում: «Այդ լարվածության արդյունքում զոհվում են նաեւ խաղաղ բնակիչներ եւ մեր փառապանծ բանակի զինվորներ, հետեւաբար, մենք ունենք բարոյական բոլոր իրավունքները՝ գործածելու մեր ունեցած ողջ գործիքակազմը՝ հասնելու մեր բաղձալի նպատակին»,- ասում է Վարդան Ոսկանյանը:
Ադրբեջանի տնտեսության մեջ Մեծ Բրիտանիան ներդրումների իմաստով առաջատար է. դեռ 2017 թվականի դրությամբ Ադրբեջանում բրիտանական ներդրումները կազմում էին 27 մլրդ դոլար։ 2017-ին, Բաքվում Մեծ Բրիտանիայի էկոնոմիկայի նախարարները ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանում գործում են ավելի քան 500 բրիտանական հիմնարկներ: Իսկ British Petroleum նավթագազային կորպորացիան Ադրբեջանում ամենախոշոր նավթարդյունահանող կազմակերպություններից է, որը մասնակցում է ադրբեջանական նավթագազային 7 նախագծերի, այդ թվում՝ «Շահ Դենիզն» նավթահանքի, «Հարավային գազային միջանցք»-ին, Հարավկովկասյան գազամուղին, Տրանսատլանտյան գազամուղին եւ այլն։ Ի դեպ, պատերազմը համընկավ հենց Տրանսատլանտյան գազամուղի շինարարության ավարտի հետ:
Իսկ British Petroleum-ի Ադրբեջանում, Վրաստանում եւ Թուրքիայում տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը պատերազմի առաջին օրերին նամակ էր հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին՝ արցախյան հակամարտության հարցում հօգուտ Ադրբեջանի դիրքորոշում հայտնելով: Նա նաեւ ցավակցել էր Ադրբեջանին զոհերի, գնդակոծությունների համար եւ հայտարարել, որ BP-ի աշխատակիցներն ամեն ջանք գործադրել են գազի եւ նավթի անխափան արտադրությունն ու տեղափոխումը ապահովելու համար:
Նաեւ, հուլիս ամսին, տավուշյան կարճատեւ պատերազմի ժամանակ, երբ թուրքական կողմից պաշտոնական հայտարարություններ հնչեցին Ադրբեջանին ամեն կերպ՝ զենքով, զորքով, քաղաքական եւ այլ աջակցության մասին, Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար նշանակվեց Ռիչարդ Մուրը: Նա եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը եւ բավական մտերիմ հարաբերություն ունի Էրդողանի հետ: Ըստ տարբեր հրապարակումների եւ հայտարարությունների, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն այս պատերազմում ակտիվորեն աշխատում են Թուրքիայի հետ։ Պատերազմում բրիտանական հետքի մասին հայտարարություններ եղան նաեւ Երեւանից:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս իրադարձություններում Մեծ Բրիտանիան Թուրքիային եւ Ադրբեջանին օգտագործում է մահակ՝ ընդդեմ ՌԴ-ի, իր աշխարհաքաղաքական ծրագրերը իրականացնելու համար, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Կոնսպիրոլոգիական ծրագրերի մեջ չմտնելով՝ նշեմ, որ ակնհայտ է, որ բրիտանացիները ունեն սերտ հարաբերություններ Թուրքիայի հետ եւ հատկապես ԵՄ-ից դուրս գալու շրջանակներում երկկողմ հարաբերությունները սերտացրեցին Թուրքիայի հետ: Այդտեղ կա նաեւ սուբյեկտիվ գործոն՝ Էրդողանի եւ Մուրի անձնական հարաբերությունները: Եվ բնականաբար, Բրիտանիան ունի անձնական շահեր Ադրբեջանում: Կարծում եմ, մենք չպետք է գնանք այն ուղով, երբ փորձ է կատարվում բացատրել պետություններին, թե ինչ շահեր պետք է ունենան այս տարածաշրջանում: Կայացած պետությունները հստակ գիտակցում են իրենց շահերը եւ շարժվում են այդ շահերի ուղեծրում: Պետք է գտնել մեր շահերի համընկնման կետեր եւ եթե չեն գտնվում նման կետեր եւ չի կառուցվում հարաբերություններ՝ փոխշահավետ հիմքի վրա, ապա պետք է կիրառել որոշակի խոչընդոտող գործընթացներ: Ի վերջո, կան պետություններ, որոնք շահեր ունեն մեր տարածաշրջանում, բայց այդ շահերը հակասում են մեր անվտանգությանը, հետեւաբար, մենք էլ մեր ունեցած գործիքակազմի շրջանակում կարող ենք հակադարձել այդ գործընթացներին»:
Այս ընթացքում տեսակետեր հնչեցին նավթամուղը կամ գազամուղը վնասելու եւ պատերազմը Ադրբեջանի տարածք տեղափոխելու մասին, ինչը նաեւ էականորեն կփոխի պատերազմի ընթացքը: Այս առիթով մեր զրուցակիցն ասում է. «Ես չեմ կարծում, որ մենք միտումնավոր կխոցենք նավթամուղը, բայց պատերազմի պայմաններում, որեւէ մեկը չի կարող բացառել, որ մեր հրթիռներից մեկը, որը միտված է պաշտպանելու Արցախի խաղաղ բնակչության անվտանգությունը, կարող է եւ դիպչել այդ խողովակաշարին: Սա բացառել, բնականաբար, որեւէ մեկը չի կարող, բայց բնական է, որ Հայաստանը միտումնավոր չի անելու: Միգուցե մոլորյալ որեւէ հրթիռ կպնի այդ խողովակաշարին»:
Առհասարակ, մեր զրուցակիցը կարծում է, որ պետք է դադարենք բողոքել միջազգային հանրության կրավորական կամ ոչ հայամետ կեցվածքից, քանի որ ունենք այն, ինչ ունենք. «Պետք չէ մոռանալ, որ մենք այս պատերազմում ունենք նաեւ դաշնակիցներ, որոնք մեզ տրամադրում են թե դիվանագիտական, թե լրատվական եւ պատերազմի ժամանակ կենսական նշանակություն ունեցող այլ տեսակի աջակցություն: Մենք պետք է հստակ սահմանված նպատակի ուղղությամբ գործենք՝ համախմբելով մեր ողջ ներուժը՝ կազմակերպչական, ինտելեկտուալ, նաեւ հայրենասիրական: Այդ ներուժի համախմբումն է, որ մեզ համար կարող է ապահովել արագ եւ հնարավորինս քիչ զոհերով հաղթական ավարտ այս պատերազմում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ