ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավելի քան մեկ ամիս է Արցախը, Հայաստանը, ողջ հայ ժողովուրդը հայրենական պատերազմ են մղում,
Պատերազմ՝ սանձազերծված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից,
Կարդացեք նաև
Պատերազմ՝ նաև միջազգային ահաբեկչության դեմ:
Մեր քաջ զինվորականը և կամավորականը կռվում են անձնուրաց, առանց իրենց կյանքը խնայելու:
Կռվում են հանուն ազատության և արժանապատվության, հանուն Հայրենիքի:
Խոնարհվում ենք մեր զոհված հերոսների ու նրանց ընտանիքների առջև:
Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր որդեկորույս մայրերին ու հայրերին,
իրենց ամուսիններին կորցրած կանանց,
եղբայրներին կորցրած քույրերին,
թոռներին կորցրած տատիկներին ու պապիկներին…
Այս պատերազմում հաղթանակը մեզ համար նշանակում է պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը,
նշանակում է նաև ամեն ինչ անել, որ չլինի երկրորդ ցեղասպանություն,
նշանակում է նաև պատերազմ հանուն մեր հերոսների, մեր նահատակված քաջերի հիշատակի…
Շուրջ 30 տարի առաջ սկսված հայրենական պատերազմը շարունակվում է:
Ինձ հաճախ հարցրել են, թե ինչպե՞ս ենք կարողացել երկրաշարժից չբուժված վերքերով, ավերված տնտեսությամբ ու գրեթե անզեն վիճակով 30 տարի առաջ հաղթել:
Գուցե ոմանց մեր հաղթանակը իսկապես անհնար էր թվում: Բայց ո՛չ մեզ:
30 տարի առաջ մենք չունեինք ուժեղ տնտեսություն, ճանապարհներ, վառելիք, չունեինք բավարար քանակությամբ զենք:
Սակայն հաղթեցինք, որովհետև մենք ունեինք ամենահզոր զենքը՝ մեզ, մեր միասնությունը:
Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր այսօրվա հաղթանակի երաշխիքը:
Իմ պատասխանը չի փոխվել՝ մեր միասնությունը:
Ուզում եմ հորդորել մեր քաղաքական ուժերին, քաղաքական և հասարակական գործիչներին՝
եղե՛ք ժողովրդի պես միասնական ու համախմբված,
հետևե՛ք ժողովրդի օրինակին…
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի վրա հարձակված թշնամուց բացի մենք ունենք ևս մեկ թշնամի` կորոնավիրուսի համավարակը, որն ամեն օր կյանքեր է խլում:
Ցավակցում եմ համավարակին զոհ գնացած մեր հայրենակիցների ընտանիքներին ու հարազատներին:
Կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես, հաղթանակը կախված է մեզնից՝ թե որքան միասնական և համախմբված, կազմակերպված և կարգապահ կլինենք…
Ցանկանում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել այդ պայքարի առաջամարտիկներին՝ առողջապահության համակարգի բոլոր, բոլոր աշխատակիցներին՝ բժշկից մինչև բուժքույր ու բուժեղբայր, մայրապետ ու սանիտար, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ, որոնք օր ու գիշեր անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Նրանք մեկ ուրիշ ճակատի առաջին գծում են…
Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում,
Շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր ջանքի ու ձգտումի, ձեր սրտացավության ու ջերմության, ձեր համախմբվածության ու կազմակերպվածության համար, ձեր օգնության համար:
Օգնություն, որ ցուցաբերում եք տարբեր ձևերով ու միջոցներով:
Շարունակե՛ք Ձեր աջակցությունը՝ նյութապես ու բարոյապես, նվիրատվությամբ ու բարեգործությամբ, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցությամբ կամ հեռավոր ներկայությամբ:
Ողջ հայությունը, գիտակցելով պահի լրջությունը և հայրենիքի շուրջ համախմբվելու հրատապությունը, անմիջապես լծվեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին, որը վերածվել է համազգային շարժման։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին՝ Սփյուռքից և Հայաստանից։
Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը:
Կոչ եմ անում Հայաստանում և համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։
Մեր հույսը մենք ենք և մեր իրական բարեկամները:
Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը:
Աստված պահապան Արցախին, Հայաստանին և մեր ողջ ժողովրդին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ