Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի՝ Կովկաս մտնելն ու համառ կերպով դուրս չգալը մի նպատակ ունի՝ իրագործել այն, ինչն արեց Սիրիայում. Արման Նավասարդյան

Նոյեմբեր 06,2020 16:36

Ըստ մամուլի հրապարակումների` Թուրքիայի խորհրդարանի՝ ՆԱՏՕ-ի հետ աշխատող խումբը երեկ հայտարարել է, թե արցախյան պատերազմից հետո կա նախնական պայմանավորվածություն Թուրքիայի նախաձեռնությամբ դիտարկել Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հարցին՝ քաղաքական ի՞նչ ընթացք կարող է ունենալ Թուրքիայի այս քայլը, այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց ասուլիսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ի պատասխան ասաց՝ իրենց ամբողջ բարբարոսական էության հետ մեկտեղ, թուրքերը բավական հեռուն նայող քաղաքական գործիչներ են. «Էրդողանի այստեղ մտնելը եւ համառ կերպով դուրս չգալը ոչ միայն ուղղված է Ադրբեջանի շահերը պաշտպանելուն եւ հայաթափության գործընթացին օգնելուն, այլ նաեւ առաջին հերթին մնալ այստեղ, դուրս չգալ՝ ինչպես դա արվեց Սիրիայում, ինչպես այդ ծրագրերը փորձում է իրագործել Լիբիայում»:

Դեսպանի խոսքով, Թուրքիան ամեն կերպ ուզում է դառնալ բանակցային գործընթացի մաս՝ նշելով, որ Մինսկի խումբը 30 տարի չի կարողացել լուծել այդ հարցը. «Այդ հարցով, դժբախտաբար, Թուրքիան ճիշտ է, բայց մեր շահերի համար եւ նաեւ մյուս պետությունների համար այլընտրանք գոյություն չունի, այստեղ Թուրքիայի մտնելը եւ փորձել մասնակից դառնալն այս գործընթացներին, բացարձակապես ընդունելի չէ Հայաստանի շահերի համար: Հայաստանն իրավական առումով հնարավորություն ունի արգելելու: Մեզ համար ընդունելի չէ նաեւ Իրանի առաջ քաշած ձեւաչափը, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ նա կարող է դառնալ առաջատար պետության դեր եւ դառնալ միջնորդ»:

Արման Նավասարդյանի խոսքով՝ այդ մտադրությունը շատ վաղուց կա Թեհրանում. «1992 թվականին ես ստորագրել եմ Իրանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ մի համաձայնագիր, որը պետք է թույլատրեր Իրանին՝ հանդես գալու որպես միջնորդ պետություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, որը չստացվեց, քանի որ մենք Շուշին ազատագրեցինք եւ այդ ծրագրերը չիրականացան: Բայց այս տարիներին Թեհրանը պարբերաբար փորձել է, բայց չի հաջողվել»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանն ու Իրանը որքանո՞վ կհանդուրժեն իրենց սահմանին ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, պարոն Նավասարդյանն ասաց՝ դա ընդունելի չէ. «Այստեղ ընթանում են հարցի խորը ուսումնասիրման գործընթացներ, որին Ռուսաստանն ու Իրանը ձեռնամուխ են եղել: Ես համոզված եմ, որ նման բան հնարավոր չէ եւ, եթե դա ընթանա այդ ուղով, ապա, այստեղ ամբողջովին փոխվում է աշխարհաքաղաքական լանդշաֆտը՝ Ռուսաստանն այստեղից հեռանում է, եւ 200 տարվա ընթացքում տեղի ունեցած վեճը՝ պատերազմական առումով, դիվանագիտական ճանապարհով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, փաստորեն, կլուծվի Թուրքիայի օգտին եւ դեմ Հայաստանի շահերին: Եթե Ռուսաստանը գնա նման քայլի, ինչը ես բացառում եմ, դա կնշանակի՝ նա կկորցնի իր հարավային ֆլանգը ոչ միայն կովկասյան ուղղությամբ, այլ՝ միջինասիական հանրապետությունների, Կովկասյան արեալում եւ նա կդադարի լինել ռուսական կայսրություն»:

Արման Նավասարդյանը կարծում է, որ հիմիկվանից ռուսաստանյան եւ բոլոր այն ուժերը, որոնք սա լավ ըմբռնում են՝ պետք է միացյալ ուժերով ահաբեկիչներին այս տարածաշրջանից վերացնեն ու չեզոքացնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30