Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորի աչքի առջև Ադրբեջանը դառնում է հենակետ ԱՊՀ տարածք ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության ներթափանցման համար. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում

Նոյեմբեր 06,2020 16:30

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես ասել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Հարգելի գործընկերներ,

Արտահայտելով ընդհանուր կարծիք՝ նշեմ, որ ԱՊՀ հիմնական նպատակը շարունակում է մնալ տնտեսության ոլորտում, հումանիտար բնագավառում, անվտանգության և քաղաքական փոխգործակցության ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումը:

Հայաստանը ողջունում է նշված ոլորտներում փոխգործակցության և համագործակցության նախաձեռնությունները և պատրաստ է աջակցելու ընդունվող որոշումների արդյունավետ իրականացմանը:

Վստահ եմ, որ առկա պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լրացնելու մեր հետագա ջանքերը կբարձրացնեն կազմակերպության շրջանակներում մեր երկրների բազմակողմ փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու գործում ԱՊՀ իրական ներդրումը:

Ադրբեջանական կողմի հայտարարությունների կապակցությամբ պետք է կրկին հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հանձինս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների:
Քանի որ թեմային անդրադարձ է եղել, պետք է հայտարարեմ, որ այս պահի դրությամբ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, որն ի դեպ իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Բոլորի աչքի առջև Ադրբեջանը դառնում է հենակետ ԱՊՀ տարածք ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության ներթափանցման համար:

Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերը, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, քաղաքացիական ենթակառուցվածքները, առողջապահական հիմնարկները, դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, կրոնական, պատմամշակութային հուշարձանները Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթարկվում են հրթիռահրետանային հարվածների:

Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են արմատական ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, ինչպիսիք են՝ գերիների խոշտանգումները, ցուցադրական գնդակահարությունները և գլխատումները, սպանվածների մարմինների պղծումը:

Ադրբեջանի ղեկավարության խղճին են մի շարք ռազմական հանցագործություններ, որոնք միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, շատ պետությունների ղեկավարների և միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների կոչերին՝ Ադրբեջանը բազմիցս խախտել է և շարունակում է խախտել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ադրբեջանը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, և որ ԱՊՀ-ն ստի և կեղծիքի տարածման հարթակ չէ:
Վերադառնալով մեր այսօրվա նիստի օրակարգին՝ հակիրճ կանդրադառնամ որոշ հարցերի:

Հերթական անգամ նշեմ, որ Հայաստանը պատրաստ է շարունակել գործնական քայլերը մեր կազմակերպության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունների ընդլայնման բարենպաստ պայմանների ձևավորման գործում:

Ինչպես հայտնի է, համաշխարհային մասշտաբով յուրաքանչյուր տնտեսական անկայունություն խթան է նոր մոտեցումների, նորամուծությունների և գիտական նվաճումների կապիտալիզացիայի համար:

Եվ այս առումով մենք առանձնահատուկ կարևորում ենք ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը նորարարական, կրթական, տեղեկատվական և այլ ոլորտներում:

Հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնում խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ մեր երկրում թվայնացումը, նորարարությունը և տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություններ են:

Այս համատեքստում հայկական կողմը կարևորում է մինչև 2030թ. ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի ընդունումն ու թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Հայկական կողմը աջակցում է նաև նիստին առաջարկվող փաստաթղթերի ընդունմանը, որոնք կարգավորում են և ուղղված են տարբեր ոլորտներում շահագրգիռ փոխգործակցության արդեն առկա մեխանիզմների կատարելագործմանը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման և զարգացման, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ինչպես նաև ԱՊՀ պետությունների տարածքներում միջազգային փոխադրումների անվտանգության ապահովման ոլորտներում:

Առաջիկա երկու տարվա համար հումանիտար ոլորտում համագործակցության առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունումը մենք ընկալում ենք որպես հումանիտար ոլորտում կապերի ամրապնդման և շփումների ընդլայնման հերթական քայլ:

Մեծապես կարևորում ենք տնտեսության և միջպետական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին հնգամյակի իրականացման միջոցառումների ծրագրի ընդունումը, որն ընդգրկում է նաև ԱՊՀ երկրների տնտեսությունների համար համավարակի բացասական հետևանքները նվազագույնին հասցնելու միջոցառումներ:

Համապատասխանաբար, մենք հատուկ կարևորում ենք համագործակցությունը՝ առողջապահության, բնակչության առողջության պահպանման, վերականգնման ու բարելավման, սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման և բժշկության ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ուղղություններով:

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել մեր պատրաստակամությունը ԱՊՀ երկրների հետ համատեղ ներդաշնակեցնելու համավարակի դեմ պայքարում մեր ջանքերը և բարձրացնելու դրա արդյունավետությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30