Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել դեսպան Դել Մոնակոյի աշխատանքը և շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին: Կողմերն ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով:
Անդրադարձ է եղել նաև հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին: Նշվել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակով փոխայցելությունները, մշակութային, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունները, երկու բարեկամ ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերը լավ հիմք են ապագայում առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:
Կարդացեք նաև
Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ երկկողմ հարաբերություններում ունեցած հսկայական ներդրումի համար: «Շատ եմ ցավում, որ պետք է հեռանամ Հայաստանից, երբ այդքան շատ տառապանք ու մարդկային կյանքի կորուստներ կան, երբ պատերազմն այդքան մոտ է: Ես տանում եմ ինձ հետ ձեր բարեկամության, հիանալի մարդկանց հայկական հետքը, միևնույն ժամանակ, այնքան տխուր եմ հեռանալու նման պայմաններում»,-ասել է դեսպանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ