Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասում կենտրոնանում են այն ուժերը, որոնց նպատակն է քանդել Ռուսաստանի կայսրությունը՝ բոլոր ուղղություններով. Արման Նավասարդյան

Նոյեմբեր 06,2020 15:19

«Դիվանագիտական հոտառություն պետք չէ ունենալ հասկանալու համար, անգամ, եթե չի ասվում, որ դա Մեծ Բրիտանիան է»,-արձագանքելով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը՝ ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա մասնակցում էր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց ասուլիսին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Շավարշ Քոչարյանը մասնակցում էր Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ քննարկվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը: Պատասխանելով հարցին, փոխարտգործնախարարը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստում Արցախի հարցի քննարկման արդյունքում պատրաստված հայտարարությունը չի ընդունվել, որովհետեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից մեկը տապալել է այն:

«Այս դեպքում խոսքը կրակի անհապաղ դադարեցման, երրորդ կողմի չմիջամտելու, այս հակամարտության մեջ ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիության մասին էր: Եվ պարզապես պատկերացրեք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ մի երկիր կա, որը տապալեց ամեն ինչ»,- ասել էր Շավարշ Քոչարյանը՝ չնշելով երկիրը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներն ընդամենը 5-ն են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան:

Արման Նավասարդյանի խոսքով, Մեծ Բրիտանիան շատ ակտիվ հակահայկական, հակառուսական, հակաիրանական գործունեություն է ծավալել այս տարածաշրջանում՝ պաշտպանելով ե՛ւ Ադրբեջանին ե՛ւ Թուրքիային. «Եթե տեղեկատվությունը ճիշտ է, այդ հարցերով անձամբ զբաղվում է Ջոնսոնը (Մեծ Բրիտանիայի վարչապետ,-Լ.Բ.): Նա հանձնարարել է Էրդողանին, ամեն կերպ պահել նավթամուղը, որպեսզի չվնասվի՝ նկատի ունենալով, որ այդ կառույցի 30 տոկոսը պատկանում է Բրիթիշ Փետրոլյումին»: Նրա խոսքով, բրիտանական հետախուզությունն անձամբ զբաղված է կովկասյան հարցերով եւ հովանավորում է պանթյուրքիստական զարգացումը ե՛ւ տարածաշրջանում ե՛ւ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ. «Այն գործողությունը, որն այստեղ կատարում է Լոնդոնը, ուղղված է միայն ու միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը պահելուն, Թուրքիային ընդառաջելուն»:

Դեսպանի խոսքով, Լոնդոնի նպատակը Ռուսաստանին եւ Իրանին այս տարածաշրջանից օտարելն է. «Ընդամենը 80-90 կիլոմետր հեռավորության վրա այստեղ կենտրոնանում են այն ուժերը, որոնց նպատակն է քանդել Ռուսաստանի կայսրությունը՝ բոլոր ուղղություններով, ինչը տեղի ունեցավ Խորհրդային միության օրոք:  Եվ, այդքանից հետո համոզել կամ կարծել, որ Ադրբեջանը կարող է մնալ Ռուսաստանի բարեկամական շրջանակներում կա՛մ մոլորություն է կամ բխում է որոշ դիվանագիտական ծրագրերից: Ռուսաստանը պետք է, որ լավ հասկանա կամ արդեն հասկացել է, որ Ադրբեջանը վաղուց է դուրս եկել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների հարթությունից»:

Արման Նավասարդյանի խոսքով, վերջերս Ադրբեջանը այնպիսի քաղաքական գործիչների հեռացրեց ասպարեզից, որոնք քիչ թե շատ լոյալ հարաբերություններ ունեին Ռուսաստանի հետ. «Պատերազմը վերջանալուց հետո միանշանակ կարող ենք ասել, որ Ադրբեջանը լրիվ հեռացել է Ռուսաստանից: Այս բոլոր գործողությունների մեջ Մոսկվան պետք է հաշվի առնի այս ամենը եւ պաշտպանի այն՝ ինչը կանգնած է նրա շահերի դիրքերում, այսինքն՝ Հայաստանին»:

Դեսպանի համոզմամբ, Արցախի հայաթափումը առաջին հերթին Հայաստանի շահերի դեմ է եւ նաեւ Ռուսաստանի. «Այստեղ ինչ-որ զարգանում է, միայն ու միայն ուղղված է Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու գործին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30