Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ասատրյան․ Փոխանցելով մեր մարտական գիտելիքները՝ տղաներին ուղղորդում ենք ճիշտ մարտի

Նոյեմբեր 06,2020 14:45

Հայկ Ասատրյանը «Կարմիր բերետներ» ջոկատում ջոկատի հրամանատարի տեղակալ է։ Նա «Կարմիր բերետներ» ջոկատում է 1998 թվականից։ Աշխատել է Հատուկ մարտական ստորաբաժանումում։

«Չարաբաստիկ օրը, երբ պատերազմը սկսվեց, արդեն ես էլ էի որոշել, որ իմ տեղն այստեղ է՝ կռվի դաշտում։ Հետո շատ պատահաբար «Ֆեյսբուք»-ով կարդացի մեր հրամանատարի՝ Արթուր Ալեքսանյանի՝ «Ամարասի Արթուրի» կոչը, ու չէի կարող չարձագանքել, չէի կարող հետ մնալ։ Եվ այդպես ուրախացած, որ մենք մեր ջոկատով, մենք մեր նախկին ընկերներով, զինակից ընկերներով պետք է լինենք այստեղ՝ առանց մտածելու միացանք ջոկատին, և եկանք այստեղ»,- պատմում է նա՝ նշելով, որ տեղում կազմավորվել է ջոկատ, որի հրամանատար նշանակվեց Արսեն Կարապետյանը, իսկ ինքը՝ տեղակալ։ «Երկուսս էլ փորձառու սպաներ ենք։ Այդ պատճառով մեզ վստահեցին ջոկատ։ Մենք էլ, հուսով եմ, հուսախաբ չենք անի ո՛չ հրամանատարությանը, ո՛չ էլ մեր ջոկատի տղաներին, ո՛չ էլ ազգին»։

Հայկ Ասատրյանի խոսքով՝ կամավորների մարտական ոգին տեղում է, բոլորն էլ պատրաստ են մեկ վայրկյան շուտ լինել դիրքերում․ «Դիրքերում իրենց շատ խիզախ են ցուցաբերում, պատրաստված, քանի որ մենք նրանց նախապես պատրաստում ենք՝ անկախ նրանից՝ իրենք ծառայել են բանակում, զենք զինամթերքի հետ ունեն փորձ։ Այդ ամենից զատ, մենք այստեղ ամենամինիմալ պարապմունքները անցկացնում ենք, նորից իրենք վերհիշում են զենքի հետ աշխատանքը, զինամթերքի հետ աշխատանքը։ Քանի որ այս հերթափոխը դիրքերում չէր եղել, իսկ մենք սրանից առաջ եղել էինք, ունեինք որոշակի փորձ, մեր փորձն էինք փոխանցում կամավորներին, որ իմանային բարձրանալու ձևը, պաշտպանվելու ձևը, քանի որ գիտենք՝ մենք նորմալ հակառակորդ չենք տեսնում, մենք ավելի շատ հրետակոծություն ենք տեսնում իրենց կողմից, դրա համար պաշտպանության միջոցներն էինք ասում, որ կարողանան հրետակոծության ժամանակ պաշտպանվել, պատսպարվել, մինչև որոշակի դադար լիներ, հասնեինք մեր դիրքերին։ Ու նաև վերհիշում էինք կամավորների հետ զենքերի օգտագործման ձևը, կարգուկանոնը, անվտանգությունը։

Կամավորների մեջ կան մարդիկ, որոնք առհասարակ գնդացիրի հետ գործ չեն ունեցել, չեն տիրապետել, որովհետև իրենք եղել են, ասենք, հրաձիգներ՝ ավտոմատների հետ են գործ ունեցել։ Ծանոթացրել ենք մարդկանց նռնականետի հետ, նռնակի հետ՝ ամենանվազագույն բաներին»։

Հարցին, թե մի քանի օր պարապմունքներին մասնակցելը բավարա՞ր է դիրքեր բարձրանալու համար, Հայկ Ասատրյանը պատասխանեց՝ ոչ, անգամ մեկ շաբաթն է քիչ․ «Բայց քանի որ մեր պայմաններն այնպես են թելադրում, որ մենք գոնե 2-3 օր կարողանանք պատրաստել։ Կարևորը՝ բարձրանալու ուղիի վրա պաշտպանվելն է, որ կարողանան պաշտպանվեն, պատսպարվեն, որ հրետակոծությունից ոչ մի վնաս չկրեն։ Արդյունքը նա է, որ փառք աստծո, չունենք վիրավոր, առավել ևս չունենք զոհ, դա մեր աշխատանքի արդյունքն է, տղաների զգոնության արդյունքն է։ Մնացածը՝ դիրքերում մենք տղերքի մարտը ուղղորդում ենք, տղերքին պատրաստում ենք, ինքնագլուխ ոչ ոք ոչ մի բան չի անում։

Մարտը վարում են միայն հրամանատարների հրահանգներով։ Փառք աստծո, տղերքը հասկանում են, ընկալում են, գիտեն, որ հրամանատարին պետք է ենթարկվեն, լսեն։ Այսինքն՝ մենք հրամանատար ենք իրենց համար միայն դիրքերում։ Իսկ այստեղ, որտեղ մենք գտնվում ենք հավասար ենք բոլորս միասին՝ հրամանատարություն հասկացությունը չկա։ Հրամանատար ենք միայն դիրքերում, այնտեղ էլ պարտադիր է, պետք է ենթարկվել հրամաններին, որովհետև որոշակիորեն ունենք փորձ, ունենք մարտի պատրաստվածություն։ Թե՛ Արսեն Կարապետյանը, թե՛ ես մարտական ուղի ունենք ու անցել ենք, դրա համար փոխանցելով մեր մարտական գիտելիքները՝ տղաներին ուղղորդում ենք ճիշտ մարտի, որ ո՛չ անիմաստ փամփուշտի կորուստ ունենանք, ո՛չ էլ զոհ ու վիրավոր»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30