Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտան Արսեն Կարապետյան․ Ամեն ինչ անում ենք՝ մեր տղաները լավ լինեն, զոհեր չտանք, վիրավորներ չտան

Նոյեմբեր 06,2020 14:21

Կապիտան Արսեն Կարապետյանը «Կարմիր բերետներ» կամավորական ջոկատում ջոկատի հրամանատար է։

«Կարմիր բերետներ» ջոկատում է 1995 թվականից։ Նա ծառայել է Ազգային անվտանգության ծառայության Հատուկ մարտական ստորաբաժանման վարչությունում որպես զինակոչիկ, իսկ 1998-ից աշխատել է Հատուկ մարտական գործողությունների ստորաբաժանումում մինչև 2008 թվականը, ինչից հետո տեղափոխվել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայություն, որտեղ աշխատել է մինչև 2020 թվականը։

«15 տարեկանից՝ անչափահաս տարիքից ես մասնակցել եմ կռիվներին և մինչև օրս պաշտպանում եմ իմ ընտանիքը, իմ հայրենիքը։ Դա իմ սուրբ պարտականությունն է»,- ասում է Արսեն Կարապետյանը։

Մինչև առաջնագիծ գնալը՝ կամավորները ամեն օր դասընթացներ են անցում և պատրաստվում են ռազմաճակատին․ «Մենք ինչ գիտելիքներ ձեռք ենք բերել Հատուկ մարտական ստորաբաժանումում 1995 թվականից, հիմա մենք փոխանցում ենք մեր կամավորներին։ Ինչ ունենք, ինչքան, որ կարողանում ենք, առաջնահերթ ամենակարևորը մենք աշխատում ենք տղաներին պատրաստել, որ զոհեր չունենանք։ Մեր առաջին խնդիրը դա է։ Մեր նպատակը միշտ եղել է, ունեցել ենք առաջադրանք, մինչև մեր առաջադրանքը չվերջացնենք, մենք չենք վերադարձել։ Մեր գիտելիքները փոխանցում ենք, պարապմունքներ ենք անում։ Ամեն ինչ անում ենք, որ տղաները պատրաստվեն, հոգեբանորեն պատրաստում ենք պատերազմին, այս կռվին, այս թոհուբոհին։ Ամեն ինչ անում ենք, որ մեր տղաները լավ լինեն, մեր պայքարը անիմաստ չլինի, զոհեր չտանք, վիրավորներ չտանք։ Փառք աստծո, մինչև օրս չունենք։ Թեթև, մանր-մունր բաներ են, ես համարում եմ, որ նորմալ է։ Փառք աստծո, որ տղաները իմ հետևից գալիս են, իրենք վստահ են, դուխով են, ոչ մի խնդիր չեմ տեսնում»։

Կամավորներից շատերը պատրաստված չեն պատերազմին, նրանց առավել քան օգնում են այդ դասընթացները․ «Մարդիկ կան, որ հայրենասիրությունից դրդված՝ իրենք ամեն ինչի պատրաստ են, բայց չեն գիտակցում՝ ո՞ւր են գնում։ Կան նման մարդիկ, դրա համար էլ մենք այդ աշխատանքները տանում են։ Բարձրանում ենք առաջնագիծ, հետ ենք գալիս, մեր ջանքերը չենք խնայում, անում ենք ամեն ինչ, որ մեր տղաները պատրաստ լինեն։ Մեր հայրենիքը մերն է, մերը կա ու մերը պիտի լինի, ուրիշ տարբերակ չկա։ Մեզ համար անընդունելի է, մենք ուրիշ ոչ մի տարբերակ չենք ընդունում․ սա մերն է, մեր հողն է։ Ոչ մի բան չի կարող խանգարել մեզ։ Ամբողջ մուսուլմանական աշխարհն էլ, որ խառնվի, մեկ է, մենք մեր հողի տերն ենք։ Մենք հզոր ենք միասին, միանշանակ։ Եթե այսօր իմ տղաները կես բառից, իմ հայացքից, ընկալում են … պահ է գալիս, որ թույլ չեն տալիս, որ իրենց ասեմ, արտահայտվեմ՝ էս բանն արեք, էն բանն արեք։ Իրենք, փառք աստծո, այս տաս օրվա ընթացքում կես բառից ինձ հասկանում են, իմ մեջքին կանգնած են, մեր հայրենիքի մեջքին կանգնած են արյան գնով, մինչև վերջին շունչը պատրաստ են»։

Արսեն Կարապետյանը կարևորում է այն հանգամանքը, որ կամավորներ մարտական ոգին բարձր է․ «Հրամանատարները, որ իրենց կողքին կանգնած են, դա մեր կամավորների, մեր զինվորների համար ամենամեծ «դուխն» է, առաջնագծում, նամանավանդ։ Ես բոլորին ասում եմ՝ եթե ձեր կյանքը ձեզ համար թանկ չի, ինձ համար շատ թանկ է, ես չեմ ուզենա՝ ինչ-որ մեկիդ մազը ծռվի, անգամ ամենաթեթև վիրավորն էլ չեմ ուզում»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30