«Բերդ» պարային համույթի ղեկավար, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել Արփի Բեկյանի մասին, որին թշնամին ներկայացրել էր որպես ահաբեկիչ, հայկական բանակի վարձկան դիպուկահարուհի, սակայն նա պարուսույց մանկավարժ է
Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արփիի մասին՝ Կարեն Գեւորգյանը նշեց. «Արփին 4 տարի եղել է մանկավարժական համալսարանի մեր փայլուն ուսանողուհիներից մեկը, պարել է իմ բեմադրությամբ բոլոր ներկայացումներում: Արփին մեր ակտիվ ու չքնաղ պարուհիներից է: Իր համեստ կեցվածքը դրված է իր անվախ կերպարի մեջ: Երբ իր հետ խոսում եք, ինքը հանգիստ է, մեղմիկ, սակայն իր խիզախությունը դրսեւորվում է իր համեստության մեջ անգամ»:
Խոսելով «Բերդ» համույթի տղաների մասին, որոնք առաջին իսկ օրվանից պաշտպանում են հայրենիքը, պարոն Գեւորգյանը նշեց. «Իմ պարողներից Շահենս զոհվել է, Դավիթիցս հոկտեմբերի 1-ից տեղեկություն չունենք, մեր Մաքսիմը վիրավորված է եւ հիմա Աբովյանի հիվանդանոցում պառկած է, Գարիկս կռվում է, Վարդանս առաջնագծում է…Զաքարյան Արմենս եւս այնտեղ է»:
Մեր զրուցակիցը հատուկ ընդգծեց, որ ինքը լավատես է ու վստահ մեր հաղթանակի առումով. «Փայլուն է լինելու ամեն ինչ, տարածաշրջանում հոգուտ մեզ է լուծվելու ամեն ինչ, 100 տոկոսով վստահ եմ: Մեր երեխաների, մեր բալեքի արյունը շատ թանկ է նստելու թշնամու վրա»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ