«Այս տարի արդյունագործական ձկնարտադրության սահմանաչափի փորձ ունենք, իհարկե՝ շատ մեծ աշխատանք է արվել, բայց համայնքների հետ էլ դեռեւս շատ աշխատանք կա անելու, որպեսզի կարգավորվի ձկան արդյունագործական որսը»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով Սեւանա լճի ձկնային պաշարների վերականգման հնարավորություններին՝ ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը:
«Կենսապաշարի պահպանման համար պետք է վերահսկել արդյունագործական ձկնորսությունը, կանխել կեղտաջրերի ներհոսքը Սեւանա լիճ, որն արդեն տասնամյակներով տեղի է ունենում եւ շատ բացասական ազդում լճի էկոհամակարգի հավասարակշռության վրա: Արդեն երեք տարի լճի ծաղկմանն ենք ականատես եղել, որի պատճառներից է կեղտաջրերի ներհոսքը»,-նշեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի տրամադրած դրամաշնորհի շրջանակում նախատեսում են կենցաղային կեղտաջրերի մաքրման առնվազն մեկ կայանի ստեղծում. «Վարդենիսը եւ այլ համայնքներ չունեն համապատասխան ենթակառուցվածքներ, եւ կեղտաջրերը լցվում են լիճ: Եվս մեկ հանգամանք, որը կապահովի ձկան կենսապաշարի վերականգնում: Գետերի հուների մաքրման մասին է խոսքը: Գետերում բավականին աղետալի վիճակ է: Կենցաղային կոշտ թափոնների կուտակման հետեւանքով ձկնուղիների փակում է առկա, եւ չի ապահովվում ձկների երկրորդային սերունդը: Դա մեխանիկական խնդիր է՝ աղտոտվածություն կոշտ թափոններով: Գետերի հուների մաքրումն այս տարի չենք հասցնի, գարնանն ենք նախատեսում: Ցավոք, կենցաղային կոշտ թափոնները մարդիկ գետերն են նետում, եւ նոր ստեղծվելիք աղբավայրին առաջիկայում կլուծի այդ խնդիրը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ