Լրահոս
Օրվա լրահոսը

«Գավառ-Մարտունի հատվածում մի քանի մետր է մնում, որ Սեւանի ջուրը մոտենա մայրուղուն». փոխնախարար

Նոյեմբեր 06,2020 12:45

«Ժամանակին կառավարության սահմանած ժամանակացույցը ամեն տարի նախատեսում էր Սեւանի մակարդակը բարձրացնել: Կարողանո՞ւմ ենք ամեն տարի դա իրականացնել: Եթե այո, անտառածածկ հատվածները ժամանակին մաքրվո՞ւմ են: Խնդիր կար, որ Սեւանը բարձրանում էր, եւ չէին կարողանում մաքրել»,-ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում այսօր 2021թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Փոխնախարարը նախ փաստեց, որ լճի ջրի մակարդակի բարձրացման հարցն ամրագրված է մի շարք օրենքներում, որպեսզի կարողանանք էկոհամակարգը պահպանել:

«Վերջին երկու տարում հաջողվեց թվով եւ ծավալով ամենաքիչ բացթողումներն ունենալ: Բացթողումները կախված են ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետ: Այսինքն, ոչ միայն լճի էկոհամակարգի պահպանման խնդիրը պետք է լուծենք, այլեւ ջրային ռեսուրսների պահպանման»,-նշեց Իրինա Ղափլանյանը:

Պատգամավորը հարցրեց՝ ափամերձ հատվածների մաքրման առնչությամբ ինչպիսի՞ իրավիճակ է: Փոխնախարարը համաձայնեց, որ դա լուրջ խնդիր է եղել, որովհետեւ նախկինում անտառածածկ հատվածները պատշաճ չեն մաքրվել. «Քրեական գործեր կան հարուցված, որոնք հիմա ընթացքի մեջ են: Սահմանված ծավալի հատվածները չմաքրելը կապված էր նաեւ մեթոդաբանական խնդրի հետ: Դեռ շատ աշխատանք պետք է արվի, եւ այս տարվա կատարողականը նշյալ պատճառով թերի էր»:

Ղափլանյանի խոսքով՝ լճի ափամերձ ենթակառուցվածքների առկայությունը եւս խնդիր է. «Գավառ-Մարտունի հատվածում մի քանի մետր է մնում, որ ջուրը մոտենա մայրուղուն: Մի քանի տարբերակ է դիտարկվում, որոշ հետազոտություններ պետք է իրականացվեն: ԵՄ-ի հաստատած դրամաշնորհով որոշ միջոցառումներ կիրականացվեն՝ էկոհամակարգի պահպանման համար, այդ թվում՝ կարեւոր հետազոտություններ եւ քաղաքականության մշակում ենթակառուցվածքների առնչությամբ: Ճանապարհները գուցե պատսպարվեն, գուցե այլընտրանքային տարբերակներ նախագծվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30