«Մեդիա Պաշտպանի» հարցազրույցը բելգիացի պատգամավոր Էլլեն Սամինի հետ
-Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) նկատմամբ։ Թիրախավորվել և ռմբակոծվում է խաղաղ բնակչությունը, մինչդեռ միջազգային կառույցները հիմնականում լուռ են կամ երկու կողմերի միջև հավասարության նշան են դնում։ Ձեր կարծիքով ո՞րն է նման գործողությունների պատճառը։
-Միջազգային հանրությունը, իհարկե, պետք է քայլեր ձեռնարկի՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Ինչ վերաբերում է Թուրքիային, Եվրամիության մակարդակում, պետք է վերջնականապես վերջ դնել Թուրքիայի՝ ԵՄ հնարավոր մուտքի վերաբերյալ բանակցություններին և միջազգային մակարդակով բարձրացնել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Աստիճանաբար ավելի է դժվարանում խոսել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասին՝ իբրև հավատարիմ դաշնակցի:
-Ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում վիրավորվել են լրագրողներ, այն դեպքում, որ լրագրողները տարբերանշաններով են, և հստակ երևում է, որ լրագրողական աշխատանք է իրականացվում։ Ի՞նչ եք կարծում լրագրողները միտումնավոր են թիրախավորվում, որպեսզի խուսափեն Արցախ այցելելուց ու ճշմարտությունը բացահայտելուց։
Կարդացեք նաև
-Հայտնի է, որ անկախ լրագրողներն ու բլոգերները, որոնք ընդդիմադիր են կամ «կռվում» են (փոխաբերական իմաստով) համակարգի դեմ, բանտարկվում են անհեթեթ հիմքերով, այնպես որ, այո, կարծում եմ, որ Ադրբեջանը միտումնավոր է թիրախավորում լրագրողներին:
-Ադրբեջանում գոյություն ունի «սև ցուցակ», որում հայտնվում են Արցախ այցելած մարդիկ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ ցուցակի մասին։
-Դա ապշեցուցիչ է և հակասում է մարդու իրավունքներին:
-Ադրբեջանական կողմը փակել է ընդդիմադիր կայքերն ու հասանելիությունը սոցիալական ցանցերին։ Նմանօրինակ խոսքի ազատության սահմանափակումներն ի վերջո Եվրոպական կառույցների կողմից պե՞տք է արժանանան կոշտ գնահատականի։
-«Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) կուսակցությունն ափսոսում է, որ Արցախը տարիներ շարունակ հայտնվել է ռազմական գործողությունների թիրախում և մտահոգված է վերջին շաբաթների ընթացքում հակամարտության անհամաչափ սրմամբ: Ասել է թե՝ բնավ զարմանալի չէ, որ Ադրբեջանում սահմանափակվում են ազատ լրատվամիջոցներն ու խոսքի ազատությունը․ մի երկիր, որը մեղմ ասած ժողովրդավարական ավանդույթ չունի:
Բաքուն փորձում է արդիականացնել ադրբեջանական պատումը, որում Հայաստանը ներկայացվում է որպես «ներխուժող» և ցանկացած ռազմական հարձակման մեջ մեղավոր կողմ: Այդ պատումը քարոզչական պատերազմի ավանդական, բայց ոչ հավաստի մի մասն է:
Կարծում եմ, որ Եվրոպական ինստիտուտը/Միությունը պետք է քայլեր ձեռնարկի։
-Ինչպես արդեն ապացուցվել է, այս կոնֆլիկտում ներգրավված է նաև Թուրքիան։ Արդյոք Թուրքիայի նան ագրեսիվ պահվածքը չի՞ մտահոգում Եվրոպային։
-Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ևս մեկ անգամ խախտում է միջազգային իրավունքի բոլոր կանոնները: Այն ակնհայտ կերպով ի ցույց է դնում նեոօսմանյան հավակնությունները, և Էրդողանի ագրեսիվությունը գնալով վերաճում է ռազմական գործողությունների:
Վերջին ամիսներին Թուրքիայի միջամտությունն էինք տեսնում սիրիական-քրդական տարածքներում, մասնավորապես ՝ զանգվածային զենք մատակարարելով և ռազմական խորհրդականներ և ջիհադիստներ ուղարկելով: Վերջիններս շատ չեն տարբերվում «Դաեշի» հրոսակներից, որոնք արդեն աչքի են ընկել թալանի, բռնաբարության և մահապատժի իրականացման դեպքերով:
Ցավոք, այժմ հերթը հայերինն է: Այս հակամարտությունն, իհարկե, ունի աշխարհաքաղաքական, բայց նաև քաղաքակրթական հարթություն.հստակ թիրախավորված է Հայաստանի քրիստոնեական ինքնությունը:
Էրդողանի միջամտությունները, ամենայն հավանականությամբ, «կրակի են մատնելու» ողջ տարածաշրջանը և առաջացնելու են փախստականների նոր ալիքներ, որոնք հետագայում սպառնալու են Եվրոպային:
-Բելգիան ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը։ Ի՞նչ եք կարծում, արդյոք Բելգիան պատրաստվո՞ւմ է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
-Անցյալ շաբաթ ես արտաքին գործերի նախարարին բանավոր հարց եմ ներկայացրել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Հանձնաժողովն այն կքննարկի առաջիկա շաբաթներից մեկում: Ես նախարարին ուղղել եմ հետևյալ հարցը.Շատ կարևոր միջազգային ազդանշան կլինի Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումը: Արդյոք Բելգիայի կառավարությունն առաջամարտիկ դեր կխաղա՞ դրանում և կընդգրկի այն միջազգային օրակարգում:
Ես կարող եմ խոսել իմ կուսակցության՝ «Ֆլամանդական շահ»-ի անունից.այս հարցը, անշուշտ, պետք է ընդգրկվի միջազգային օրակարգում, և մենք շարունակելու են դիմել Բելգիայի կառավարությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցով: