Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքերում ծառ ջրող՝ հայտնի լուսանկարի տղան վիրավոր է և վերակենդանացման բաժանմունքում է գտնվում

Նոյեմբեր 06,2020 09:45

ՖԲ օգտատեր Ալեքս Սարգսյանը հայտնում է. «Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է․ Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է:

Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը, որը տարածվեց համացանցով, այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը: ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26 ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։

«Տղաս արդեն 17 օր է՝ վերակենդանացման բաժանմունքում է: Ուներ բազմաթիվ կոտրվածքներ,Արցախից սկզբում տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել էին, հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն,որ հիմա Կարոս ապաքինվում է»,-ասում է տիկին Շողիկը:

Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են, Կարոն հրաշքով է փրկվել:

«Տղաս հրաշքով է փրկվել, անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել: Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան՝ Աշոցքից, որը մահացել է, բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին: Սարսափելի դեպք էր, ես այդ օրը անհանգիստ էի, մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»,-հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:

Կարոն ընտանիքի միակ արու զավակն է, ունի երեք ավագ քույրեր: Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում, շատ է սիրում զինվորականի գործը, արդեն հինգ տարի է սահմանապահ զորքերում է ծառայում:

Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում, չէին էլ մտածում: Այն, դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը, տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:

«Պատահական տեսա, համ լացել եմ, համ ուրախացել, որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից: Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել, դիրքերում: Երևի, խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար: Էն փոքրիկ ճյուղը, որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ, երեխաս նորից ծնվեց, ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը»,-հուզված պատմում է տիկին Շողիկը:

Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է, գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը, ճանաչել էին հերոս տղային:

«Բոլորն էլ գիտեն, որ Կարոն է այդ լուսանկարում: Այսօր խնդրեցինք բժշկին, որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք:Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին,որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը: Կարոս լսեց ու ասաց, թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել, տնաշեններ: Հետո ժպտաց ու ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, միևնույնն է հաղթելու ենք»,-ասում է Շողիկ Սողոյանը:

Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու, ապաքինվելուց հետո կվերադառնա տուն: Ըստ մայրիկի, հավանաբար ծառայությունը կշարունակի, եթե առողջական վիճակը թույլ տա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30