ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։
«Բոլորը գիտեն դրա մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը: «Ամենահայտնի թեման՝ ՏՈՐ-երը, ՍՈՒ-30-ները, ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, դրանք բոլորը կատարվել են ապրիլյանից հետո և ավելի շատ կոնկրետ՝ 2018-19 թվականներին: 2016-ից հետո հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվել, սկսել ենք զինվել, 2018-2019թթ․ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ, ընդհանրապես»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
168․am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե Արծրուն Հովհաննիսյանի վերոնշյալ հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: Գրասենյակից մեզ պատասխանեցին, որ ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի։ «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք».-պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ:
Կարդացեք նաև
Նախ ինձ հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իմ նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020թթ ընթացքում:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում կրկնակի անգամ ավելի շատ:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիոկայաններ, այդ թվում ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի անգամ ավելի:
2012-2018թթ. նոր մեծ զենքերից ձեռք է բերվել սահմանափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ Կորնետ: Վերջին երկու տարիներին եռակի-քառակի անգամ ավելի շատ է ձեռք բերվել այդ միջոցներից:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել Սմերչ կայանքներ, թվերը չնշեմ, վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը բազմապատկվել:
2012-2018թթ. Հայաստան է բերվել, նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք է բերվել կործանիչներ: Այստեղ գաղտնիության պատճառով մանրամասները չեմ նշում, բայց եթե որևէ մեկը փորձի այս թեման շահարկել վստահեցնում եմ, որ հաստատ չի տիրապետում իրավիճակին:
2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել է մեծ խմբաքանակի հին միջոցներ, և ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը:
2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունեին և չէին աշխատում: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:
2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել է որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:
Վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: Ձեռք է բերվել ՏՈՍ համակարգեր և այլն, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն: Առայժմ այսքանը սա դեռ ամբողջը չէ: Ուղղակի զսպվեք, ես շատ բան եմ տիրապետում»: