Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռազմիկ Մկրտչյանը պատերազմը սկսվելու առաջին իսկ օրվանից ռազմաճակատ մեկնելու մտադրություն ուներ: Մտադրությունն իրագործեց հոկտեմբերի 4-ին՝ ընտանիքի անդամներից գաղտնի պահելով կամավորագրման իր որոշումը:
«Սկզբում մեզ ասում էր, որ Գորիսում է, ամեն ինչից հեռու է, ապահով տեղում է, հետո ենք միայն իմացել, որ կամավոր էր գնացել ու գնալու առաջին իսկ օրից Ջաբրայիլում է եղել, որտեղ էլ ծառայել էր: Ինքը քառօրյա պատերազմի ժամանակ շատ ծանր օրեր է ունեցել, ու երբ ծառայությունից տուն էր եկել, մեզ ասում էր՝ նույնիսկ հարազատ եղբայրս Ջաբրայիլում ծառայի, չեմ գնա նորից այդ կողմերը, միայն մի դեպքում կգնամ՝ եթե պատերազմ լինի, ասաց ու իր ասածի տերը եղավ:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 12-ին նրա մահվան մասին լուրն իմացանք իրեն ճանաչողներից: Մահացածների պաշտոնական ցուցակում եղբորս անունն այդպես էլ չենք գտել, ինչի համար վրդովված ենք, չէ՞ որ ինքն էլ էր մեր հայրենիքի համար գնացել, բայց նույնիսկ անունը չկա: Ինքը ոչ մի բան հաշվի չառավ գնալիս, հաշվի չառավ, որ նոր է ամուսնացել, հաշվի չառավ, որ իր ծնողներն ու կինն են իրեն սպասում»,- պատմեց զոհված զինվորի քույրը՝ Էլիզան:
Մեր զրուցակցի խոսքով, Ռազմիկի մահվան հանգամանքների մասին շատ տեղեկություններ չունեն, միայն գիտեն, որ ԱԹՍ-ի հարվածից է մահացել. «Վերջին անգամ հետը խոսել ենք հոկտեմբերի 9-ին, այդ օրը իմ հարսանիքը պետք է տեղի ունենար, բայց հետաձգվեց իր՝ պատերազմ գնալու համար: Ինքը ամեն անգամ զանգելիս մեզ վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է, ասում էր՝ հանգիստ եղեք: Հիմա իր մարտական ընկերներից, որ գալիս են, մեզ պատմում են, որ ռազմաճակատում Ռազմիկը բոլորին զարմացրել է իր ուժով, խելքով ու մարտական բարձր ոգով, նրա ընկերները մեզ նաեւ ասում են, որ Ռազմիկը հաճախ էր կրկնում՝ մեռնելու չի գնացել, բայց ճիշտ հակառակը տեղի ունեցավ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ