Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջին անգամ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմեց բոլորին: Նա ասաց, որ 40 օրվա ընթացքում ինքը եւ թիմը փորձել են անել հնարավորինը, նաեւ տեղում զբաղվել են մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական կարիքների վերհանման, անհայտ կորածների, գերիների հարցերով: Նրա խոսքով, իրենց աշխատանքի գլխավոր մասը եղել է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակներում հավաքագրված տեղեկությունները դարձել են զեկույցներ՝ հիմնականում օտարալեզու եւ ներկայացվել միջազգային հանրության դատին:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ արդեն մի քանի հարյուր հարցազրույց է տվել միջազգային եւ տեղական ԶԼՄ-ներին, մի քանի հարյուր նամակներ, հաղորդագրություններ, զանգեր ունեցել միջազգային կազմակերպությունների ու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Ասաց, որ հանդիպել են մի քանի տասնյակ դեսպանների, որպեսզի աշխարհը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում եւ ինչ հանցագործություններ է կատարում ադրբեջանական կողմը, ինչ վտանգի ներքո է Արցախը՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ահաբեկիչների մասնակցությամբ:
«Իմ հայտարարությունների հիմնական մասն ուղղված է եղել աշխարհին իրազեկելու, մեր դիրքորոշումները ներկայացնելու ուղղությամբ: Որոշ չափով հույս եմ ունեցել, որ այդ աշխատանքն արդյունավետ է, կարծիք է ձեւավորում որոշում կայացնողների մոտ միջազգային հանրությունում եւ այդ կարծիքը ինչ-որ մի պահի դառնում է գործողություն: Բայց անընդհատ այն մտքի էի գալիս, բախվում էի այն իրականությանը, որ շատ-շատերը հասկանում են մեզ, ցավում են մեր կորուստների, տառապանքների համար, սակայն զուտ մարդկայնորեն: Որովհետեւ երբ հարցը հասնում է որոշումներ կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդկային զգացողությունները կամ մարդու իրավունքները էական չեն նրանց համար: էական է քաղաքական, տնտեսական շահը եւ միգուցե այլ շահեր, բայց ոչ արժեքները, մարդու իրավունքները: Անձամբ ես համոզվել եմ, որ դրանք էական չեն»,-ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Ապա հավելեց. «Ով առայսօր մեզ օգնել է, միանշանակ շնորհակալ ենք բոլորին, ով հետագայում էլ կօգնի, նույնպես շնորհակալ կլինենք, բայց այդ աջակցությունը բավարար չէ հանցագործությունները կանգնեցնելու եւ պատասխանատուներին պատժելու համար: Ամեն դեպքում այս եզրահանգումը պետք է մեր մտքում ունենանք, քանի որ ինձ հաճախակի են հարցնում մեր քաղաքացիները, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը, արդյոք չե՞ն ցանկանում գալ օգնել մեզ:
Կարդացեք նաև
Ես բոլորին անկեղծորեն ասում եմ՝ եկեք հույսներս դնենք մեզ վրա, մեր զինվորների ու դիրքապահների վրա, այլապես մենք կկորցնենք ամեն ինչ: Մի քանի օր առաջ իմ հերթական տեսաուղերձներից մեկի ժամանակ նշեցի, որ ես կույր եմ, բայց ես գործում եմ, այնքանով, որքանով կարող եմ, սակայն միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում; Սա շատերը հավանել էին որպես համեմատություն, այլաբանություն եւ դա անկեղծ ասած ճշմարտությունն էր:
Իմ այս ուղիղ եթերի գլխավոր իմաստը հենց այն է, որ ժողովուրդ ջան, եկեք մտածենք ինքներս մեր ուժերի վրա մեր հույս դնելու մասին, եկեք մեր աչքը դրսում չպահենք, չմտածենք, որ կողքից ինչ-որ մեկը պետք է գա մեզ օգնի, որ կարողանանք մեր իրավունքները, մեր տունը, մեր հայրենիքը պաշտպանել: Եթե գան օգնեն շատ լավ, բայց չեն գալու օգնեն խնդրանքի հիման վրա, գալու են օգնեն՝ քաղաքական շահի հիման վրա եւ գալու են օգնեն իրենք իրենցով, առանց խնդրանքի, դրա համար եկեք մեկ բռունցք դառնանք, միավորվենք մեր դիրքապահ տղաների շուրջը, նրանց թեւութիկունք լինենք:
Ով կարող է զենք վերցնել, թող զենք վերցնի եւ դիրքը պահի, որպեսզի կարողանանք վերջնականապես պաշտպանել մեր իրավունքները եւ հավետ ունենալ մեր հայրենիքը, արժանապատվությունը, խաղաղությունը, այլապես կկորցնենք ամբողջ հայրենիքը, իրավունքներն ու արժանապատվությունը, եւ մեր մեր նախկին զրկանքներն ուղղակի ջուրը կլցնենք»:
Արտակ Բեգլարյանն ասաց, որ արդեն մտածում է, որ միգուցե ժամանակն է որպես Մարդու իրավունքների պաշտպան դադարեցնի իր գործունեությունը եւ դիմի Պաշտպանության բանակին, կցագրվի ու օգտակար լինի իր ներուժի չափով. «Մենք հայրենիքի պաշտպանի կարիք ունենք, կարծես թե չունենք մարդու իրավունքի պաշտպանի կարիք, չունենք ֆեյսբուքյան մեկնաբանություններ թողնողների կարիք, ֆեյսբուքում ոգի տվողների կարիք: Ունենք դիրքապահ տղաների, հայրենիքը պաշտպանողների կարիք»:
Նա շեշտեց. «Մեր զոհերի հարազատներ, անձամբ ես բոլորիդ պարտք եմ, ես ինքս էլ կորցրել եմ հայրիկիս, բայց երբեւէ չեմ մտածել, որ այդ կորուստն անիմաստ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ