Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք նման պատերազմ տեսել եք, պետք է ինձ հասկանաք»

Նոյեմբեր 06,2020 13:00

Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանը՝ Արցախյան պատերազմով հետաքրքրվող արտասահմանցի գործընկերոջը

Քովիդյան մարտահրավերները դեռեւս չհաղթահարած, թուրք-ադրբեջանական ագրեսիան երկրորդ պլան մղեց վարակվելու վախը։ Եթե մինչ այս հայրենական պատերազմը մշակութային կյանքին հետեւում էինք առցանց եւ արդեն կամաց-կամաց իրենց դռներն էին բացում թատրոնները, թանգարանները, համերգասրահները, ապա պատերազմը բացառեց մշակութային եռուզեռը թե առցանց, թե կենդանի։ «Առավոտը» ներկայացրել է մշակութային օջախների՝ թիկունքն ամուր պահելու, բանակին հնարավորինս օգնելու միջոցառումների մասին։

Այս օրերին հայրենիքում են նաեւ մեր որոշ անվանի արվեստագետներ, այդ թվում՝ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, բելգիաբնակ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը եւ այլն։ 20 տարի Գերմանիայում ապրելուց ու ստեղծագործելուց հետո շուրջ մեկ տարի է՝ Հայաստան է վերադարձել օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը։ Արվեստագետին ներկայացնելու հարկ չկա. նա արտասահմանում բնակվելու եւ աշխարհի տարբեր բեմերը նվաճելուն զուգահեռ երբեք չի մոռացել հայրենիքը եւ հաճախ է այստեղ հանդես եկել։ Այսօր նա վարում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մենք քանիցս ներկայացրել ենք հարցազրույց ընդմիշտ Հայաստանում հաստատված երաժշտի հետ։ Այս անգամ Մկրտիչ Բաբաջանյանի հետ մեր հանդիպման առիթը մշակույթի շուրջ զրույցը չէր։ Նկատի ունենալով, որ նա կապեր ունի ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծած Գերմանիայում, այլեւ աշխարհի շատ այլազգի երաժիշտների հետ, խնդրեցինք մեզ փոխանցել նրանց տեսակետները Արցախում ընթացող պատերազմի մասին։ Պարոն Մկրտչյանն իր խոսքը սկսեց «Առավոտ» օրաթերթի նոյեմբերի 3-ի խմբագրականի վերնագրին հղումով՝ «Ոչ մեկից երբեք չնեղանալ», հետո էլ պատասխանեց. «Ասեմ, որ լիովին համակարծիք եմ գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետեւյալ մտքին՝ մենք ունենք աշխարհում բարեկամներ եւ դաշնակիցներ։ Ուրիշ հարց, որ նրանք մեր փոխարեն չեն կռվի։ Սա մեր պատերազմն է, որում մենք ենք հաղթելու։

Իհարկե, կան երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք պատերազմի առաջին օրվանից կապ են պահպանում ինձ հետ տեղեկություններ ստանալու համար։ Նույնիսկ գրում են օպերային արվեստի սիրահարներ, օրինակ՝ գերմանացի Էլկե Գոլդբերգը, որը երաժիշտ չէ ու շատերը… Պատերազմի առաջին օրվանից հայերիս իրենց զորակցությունն են հայտնել ճանաչված շատ երաժիշտներ, այդ թվում՝ ջազ փառատոների կազմակերպիչ, գերմանուհի Մարիանե Վյորլեն, ազգությամբ իտալացի, վոկալի ճանաչված մասնագետ Ալեսանդրո Անորետտին, որը ցանկալի հյուր է աշխարհի հեղինակավոր թատրոններում։ Ընդ որում, մինչ համավարակը պայմանավորվել էինք, որ նա այցելելու է Հայաստան՝ Ազգային օպերային թատրոնում դասընթացներ անցկացնելու նպատակով։ Նման տասնյակ օրինակներ էլ կարղ եմ բերել»։

Ռեպլիկին՝ ազգությամբ գերմանացի իր տիկինը մնացել է հայրենիքում, մեր զրուցակիցը արձագանքեց. «Թերեզա Բեկ-Բաբաջանյանը այս օրերին ակտիվ մասնակցում է Արցախի ճանաչման համար ցույցերին՝ կրելով Արցախից իր գնած արցախյան սիմվոլներով շապիկը»։
Զրույցի ընթացքում խոսեցինք նաեւ Վիեննայում նոյեմբերի 2-ին կատարված ահաբեկչության մասին, որը վայրկյաններ անց դարձավ աշխարհի ԶԼՄ-ների գլխավոր թեման՝ ի տարբերություն արցախյան գոյամարտի, որի մասին խոսել պարտադրեց Սփյուռքը։ Պարոն Բաբաջանյանն ասաց. «Դուստրս՝ Լուսինեն, Վիեննայի օպերային թատրոնի տնօրենի օգնականն է։ Նա ակտիվ մասնակցում է հայ համայնքի կողմից հայրենիքին ցուցաբերվող տարբեր միջոցառումներին։ Ի դեպ, նրա մայրն էլ՝ օպերային սոպրանո Կարինե Բաբաջանյանը նույնպես ակտիվ մասնակցություն ունի ցույցերին, դրամահավաքներին եւ այլն։ Նա ցանկություն է հայտնել գալ Հայաստան եւ այս դժվար օրերին իր ժողովրդի կողքին լինել»։

Հաստատելով մեզ հասած լուրը, թե իր գերմանացի ագենտը ծրագրել է իրեն եւս ներգրավել նոյեմբերի առաջին օրերին Բելգրադում կայանալիք համերգին, որին կմասնակցի աշխարհահռչակ տենոր Խոսե Կուրան, Մկրտիչ Բաբաջանյանը հայտնեց. «Ագենտս գերմանացի չէ, նա ազգությամբ սերբ է, ծնունդով Բելգրադից, ապրում եւ գործունեություն է ծավալում Գերմանիայում։ Ստանալով լուրը, ես ընդամենը նրան ասացի՝ դուք նման պատերազմ տեսել եք, պետք է ինձ հասկանաք, մենք՝ արվեստագետներս, Երեւանում ձեռքներս ծալած-նստած չենք, ում ձեռքից ինչ գալիս է, այն էլ անում է ռազմաճակատի համար։ Օրինակ՝ այսօր մենք թատրոնում աշխատում ենք հերթափոխով՝ գործում ենք քողարկիչ ցանցեր, հիմա էլ ձեռնամուխ ենք եղել տաք գուլպաներ ու գլխարկներ գործելուն»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30