Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը ներկայացնում է թանգարանի յուրօրինակ ներդրումը՝ հաղթանակի համար:
«Այժմ մենք ապրում ենք մեր պատմության, թերեւս, ամենածանր, բայց եւ ամենահաղթական փուլերից մեկը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը։ Թանգարանը եւս անմասն չի մնացել եւ արցախահայությանը օգնելու առումով եւ հանդես է եկել մի շարք հետաքրքիր ծրագրերով:
«Երկրի ռազմական իրավիճակով պայմանավորված՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բոլոր ծրագրերն ու նախագծերը կտրուկ փոխել են իրենց բնույթն ու այժմ ուղղված են միայն մեկ նպատակի՝ սատարել առաջնագծում մեր քաջ մարտիկներին եւ հնարավորինս աջակցել, նեցուկ լինել Արցախից Երեւան եւ ՀՀ այլ մարզեր հարկադրված տեղափոխված մեր հայրենակիցներին»,-հայտնեց մեր զրուցակիցը։
Տուն-թանգարանն այս ընթացքում իր հարկի տակ ընդունել է մեծ թվով արցախցիների, որոնց համար կազմակերպվել են շրջայցեր թանգարանում, տարատեսակ կրթական ծրագրեր, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն ունեն փոքր-ինչ կտրվել իրականությունից, երբեմն էլ կիսվել սեփական հույզերով, ապրումներով, օրինակ՝ «Հնչյուններ եւ գույներ» կրթական ծրագրի միջոցով: Լենա Միսակյանի խոսքով՝ մի այդպիսի ծրագրի ընթացքում գրեթե բոլոր մասնակիցները նկարել էին իրենց հարազատ Արցախ աշխարհի բնապատկերները, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, իսկ մակագրությունը մեկն էր. «Հաղթելու ենք…»:
«Վերջին ամսվա ընթացքում, համագործակցելով Localife Armenia տուրիստական կազմակերպության հետ, կազմակերպվել են նաեւ բարեգործական առցանց շրջայցեր Zoom հարթակում՝ հիմնականում ռուսաստանաբնակ հանրության համար: Շրջայցի տոմսերի ամբողջ հասույթը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Ինչպես նաեւ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, միանալով տարբեր կազմակերպությունների կողմից նախաձեռնած ակցիային, իրականացնում է գրքերի, հուշանվերների եւ ձայնասկավառակների վաճառք՝ զեղչված գներով: Վաճառքի ողջ հասույթը եւս կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,-հավելեց թանգարանի աշխատակիցը։ Ասաց, որ նոյեմբերի 3-ին Հյուսիսային պողոտայում իրականացված գրքերի, ձայնասկավառակների եւ հուշանվերների վաճառքից ստացված ողջ հասույթը եւս կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Կարդացեք նաև
Թանգարանի պաշտոնական սոցիալական էջը նույնպես ակտիվ է, որով փորձում են հնարավորինս տարածել հայտնի երաժիշտների, մշակութային տարբեր գործիչների մեր հայրենակիցներին, մեր զինվորներին սատարող հրապարակումներն ու երաժշտական տեսաուղերձները: Առաջիկա ծրագրերի մասին խոսելով՝ մեր զրուցակիցը նշեց. «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում Հայաստանի ճանաչված երաժիշտների մասնակցությամբ նախատեսվում է բարեգործական առցանց համերգ, որը հեռարձակվելու է սփյուռքի հայրենակիցների, ինչպես նաեւ մեզ սատարող օտարազգի ներկայացուցիչների համար: Համերգի ողջ հասույթը եւս կփոխանցվի հիմնադրամին: Տուն-թանգարանն այդ համերգի համակազմակերպիչներից է»։ Իսկ գալիք շաբաթների ընթացքում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Հայաստանի այլ թանգարանների եւ մշակութային օջախների հետ միասին կմասնակցի ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպվող ակցիաներին:
«Այս օրերին ակամա մտաբերում ենք 1934 թվականը, երբ Արամ Խաչատրյանը պետք է ներկայացներ իր Առաջին սիմֆոնիան: Այդ ժամանակահատվածում հայ ընտանիքներում շատ տարածված էր մի նկար, որտեղ պատկերված էին Անիի՝ միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաքի կամ «հազար ու մի եկեղեցիների քաղաքի» ավերակները, իսկ այդ ավերակների մեջ կանգնած էր մի կին՝ Մայր Հայաստանի կերպարը, որը, թեեւ, տխուր էր, բայց ուժեղ էր եւ իմաստուն: Ահա այս պատկերն է հանկարծ հայտնվում կոմպոզիտորի առջեւ, եւ այդ հզոր կերպարն է, որ Մաեստրոն այնուհետեւ կերտեց իր Առաջին սիմֆոնիայի հնչյուններով: Սիմֆոնիան վառ կերպով արտացոլում է դրվագներ մեր հայրենիքի հերոսական անցյալի ցնցող էջերից: Այսօր ամբողջ հայ ազգը կերտում է իր պատմության նոր հաղթական ուղին, իսկ մեր մշակույթով մենք արդեն իսկ հաղթել ենք»,-ասաց Լենա Միսակյանը։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.11.2020