Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ տվեք, ախպեր, պարգեւավճար, մենք որոշել ենք, որ մենք չենք ստանալու, վսյո՛»

Նոյեմբեր 06,2020 14:00

Ըստ Մարուքյանի, պարգեւավճարը 30 տոկոս է, իսկ իրենք նախարարներին, մարզպետներին, փոխնախարարներին կրկնակի աշխատավարձ են տալիս, որն ապօրինի որոշում է:

2021-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կրկին պետական պաշտոնյաների պարգեւավճարների հարցը գլուխ է բարձրացրել: Այս անգամ այդ պարգեւատրումներն ավելի ցավոտ են ընկալվում, որովհետեւ երբ թոշակառուն իր վերջին կոպեկը նվիրում է զինվորի հիմնադրամին, ուսուցիչը իր չնչին աշխատավարձից մաս է հանում բանակի համար, պաշտոնյաների՝ աշխատավարձից բացի պարգեւավճար ստանալը չի «ուտվում», առավել եւս, որ բյուջեի նախագծով դեռ պարգեւավճարների աճ է նախատեսվում:

Այս առնչությամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բյուջեի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ ասաց, որ բյուջեի նախագիծը կազմվել է մինչեւ պատերազմը սկսելը, իսկ պատերազմը շատ տեղերում ճշգրտումներ է մտցրել: Նա հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկման առարկա է դարձնելու թե՛ պարգեւավճարները, թե՛ դրանց չափերը:

«Առավոտը» «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն էլ են օգտվում պարգեւավճարներից, մենակ իշխանականները չեն, դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցում: Կո՞ղմ եք, որ պարգեւավճար լինի ու ամեն մեկը որոշի` ինչքան փոխանցի հիմնադրամին, թե՞ այս իրավիճակում պարգեւավճար ստանալը բարոյական չեք համարում, գիտեմ, որ դուք առաջարկել եք ժամանակին, որ դրույքաչափի մեջ մտնի, բայց դա արդիակա՞ն լուծում է հիմա այդ քննադատված չարաբաստիկ պարգեւավճարների համար:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից մարտի 31-ին դիմել էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով քաղաքական, վարչական, հայեցողական եւ ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգեւատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցներն ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին, քանի որ համաճարակի տարածման հետեւանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ ներպետական տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել եւ, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը։ Դրանից հետո՝ այսօր համավարակի հայտարարումից հետո առաջին անգամ պատգամավորներին կրկին փոխանցվել է 30% պարգեւավճար։ Քանի որ փոխանցումն արդեն ստացվել է, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ստացած պարգեւավճարները փոխանցելու են Տավուշի մարզում հուլիսյան դեպքերի ընթացքում կրած վնասներից վերականգմանն ուղղված ծրագրերին։ Եթե հաջորդող ամիսներին եւս լինի պարգեւատրում, ապա մենք կրկին այն կուղղենք բարեգործական նպատակների իրականացմանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ տնտեսական աճի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնատար անձիք՝ այդ թվում պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, փոխմարզպետները, քաղաքապետերը եւ այլոք, չպետք է ստանան պարգեւավճար։ Մենք գտնում ենք, որ նրանց բոլորի պարգեւավճար ստանալը պետք է պայմանավորված լինի տնտեսական աճով եւ այլ էական սոցիալ-տնտեսական ցուցանիշներով»։

Մեր դիտարկմանը՝ այսինքն սա զուտ իշխանական դաշտի հարց է մնում՝ Մարուքյանը պատասխանեց. «Հա, որովհետեւ ես պաշտոնապես դիմել եմ, դրանից հետո, երբ ստացել ենք, փոխանցել ենք Տավուշի հիմնադրամ, դրանից հետո կարծեմ մի անգամ Անկախության համար ենք ստացել, փոխանցել ենք «Հայաստան համահայկական հիմնադրամ», այսինքն, մենք որոշել ենք, որ մենք չենք ստանալու պարգեւավճար, վսյո՛: Ու ասել ենք, որ սխալ է տալը: Եթե դրանից հետո իրենք շարունակեն տալ, մենք շարունակելու ենք նորից փոխանցել: Բայց դե չեմ կարծում, որ ռազմական դրության ժամանակ իրենք շարունակեն պարգեւավճար տալ: Հետեւաբար, այդ դեբատը մեր դեբատը չի, մենք դրանից դուրս ենք: Կրիզիսը հենց սկսել է, մենք ասել ենք՝ մի՛ տվեք, ախպեր: Մի՛ տվեք: Ու գրել եմ սկզբունքը՝ ՀՆԱ-ի վրա ազդեցություն կլինի՝ տվեք: Բիզնեսում ո՞նց է՝ ասենք, մենեջերը լավ աշխատեց, բոնուս է ստանում: Նույն տրամաբանությունն էլ այստեղ պիտի լինի, լա՞վ է աշխատել պաշտոնյան, իսկ պաշտոնյայի լավ աշխատելն ինչի՞ վրա է անդրադառնում՝ եթե ՀՆԱ-ն աճում է, թող բոլորը ստանան պրեմիա, չի աճում, ոչ մեկը չի ստանալու, վե՛րջ: Իմ մոտեցումը սա է: Բայց քանի որ իրենք դա որպես պրեմիա չեն տալիս, այլ որպես աշխատավարձի բարձրացում են տալիս, հետեւաբար պետք է դուխ ունենան, գան աշխատավարձը բարձրացնեն, եթե ուզում են աշխատավարձ բարձրացնել: Իսկ նախարարների աշխատավարձերը, փոխմարզպետների, մարզպետների եւ փոխնախարարների աշխատավարձերը կրկնապատկելը անօրինական, ապօրինի բան է, ինչի մասին առաջին իսկ օրվանից խոսել եմ: Պարգեւավճարը 30 տոկոս է, իսկ իրենք նախարարներին կրկնակի աշխատավարձ են տալիս, մարզպետներին կրկնակի են տալիս, փոխնախարարներին կրկնակի աշխատավարձ են տալիս, որն ապօրինի որոշում է»:

Մեր դիտարկմանը, որ ռազմական այս իրավիճակում ՊԵԿ նախագահն ասաց` ինչո՞ւ չպիտի ստանանք պարգեւավճար, Ջանջուղազյանն ասաց` դա աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության համակարգի մաս է, այսինքն, չեն պատրաստվում հրաժարվել՝ Մարուքյանը պատասխանեց. «Եթե չհանեն՝ դեմ կքվեարկենք բյուջեին զուտ միայն այդ պատճառով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30