Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պետք է աներևակայելի թռիչք, որը թույլ կտա պատերազմի արհավիրքը սպառնալիքից վերածել հնարավորության

Նոյեմբեր 05,2020 23:30

Մեր զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար խորհրդի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը

– Այս օրերին Ազգային ժողովում ընթանում են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը, ի՞նչ արմատական փոփոխությունների է ենթարկվել հաջորդ տարվա պետական բյուջեն՝ հաշվի առնելով պատերազմի թողած և հնարավոր հետևանքները։

– Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ քննարկումներն ամբողջությամբ զերծ են համարժեքությունից և ամենևին չեն համապատասխանում այն իրողություններին, որոնցում գտնվում է այսօր մեր երկիրը։ Այդ քննարկումներում ես տեսնում եմ անթույլատրելի իներտություն, իներցիա, անհոգություն։ Մենք քննարկում ենք բյուջեի նախագիծ, որը մշակվել է պատերազմից առաջ, մշակվել է միանգամայն այլ գործոնների ու իրողությունների հաշվառմամբ։ Բայց մեր քննարկումներում այդ նոր իրողությունները հաշվի չեն առնվում, այս քննարկումներում ընդհանրապես բացակայում են պատերազմի շունչն ու պատերազմով պայմանավորված սպառնալիքները։ Ինչպե՞ս կարող երկիրը գտնվել պատերազմում, և այդ երկրի խորհրդարանում չքննարկվեն պատերազմից բխող անհրաժեշտությունները։ Բայց մենք այս օրերին տեսնում ենք հենց այդ պատկերը։ Մեզ ասվում է միայն, որ պատերազմով պայմանավորված՝ բյուջետային ծախսերը ավելացել են 40 միլիարդ դրամով, և որ կրկին պատերազմով պայմանավորված՝ ՀՆԱ-ի վրա ազդեցություն կլինի 0.8 տոկոսային կետով։ Ընդամենը։ Սրանից ավելի պատերազմը մեզ վրա կարծես ազդեցություն չի ունեցել։ Այն դեպքում, երբ պատերազմն իրականում փոխել է ամեն ինչ՝ սկսած պետական կառավարման փիլիսոփայությունից, վերջացրած հանրային միջոցների տնօրինման ու ծախսման ուղղություններով, վերանայումներով, վերատեսություններով։

Պատերազմում գտնվող երկրի բյուջեն մինչև վերջին ստորակետը պետք է համապատասխանեցվի պատերազմին։ Եվ ասվածը չի վերաբերում սոսկ ռազմական ծախսերին կամ պաշտպանությանն ուղղվող հատկացումներին։ Դա վերաբերում է առանց բացառության բոլոր բնագավառներին՝ սկսած կրթությունից ու սոցիալական կյանքից, մինչև գիտություն ու մշակույթ։ Պետք է կամք ունենանք խոստովանելու, որ այսօրվա վիճակը, պատերազմի՝ մեզ համար ոչ այնքան բարենպաստ ընթացքը պայմանավորված է նաև մեր պետության որակով, ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ։ Պատերազմում հաղթում են ոչ միայն ու ոչ այնքան բանակները, որքան պետական ինստիտուցիաները, հասարակությունները, պետական ու հանրային կառույցները։ Ահա այստեղ է, որ մենք թերացել ենք, մենք անցած տարիներին, տասնամյակներին չենք կայացրել այնպիսի ինստիտուտներ, որոնք հնարավորություն կտային դիմակայել նման արհավիրքներին, ինչպիսին պատերազմն է։

Լայն իմաստով, մեր ամենակայացած համակարգը բանակն է, որն այսօր փառքով կատարում է իր առաքելությունը։ Բայց մենք, պետական կառավարման այլ համակարգերում բանակի կայացվածության համարժեք որակ չապահովելով, բանակին թողել ենք, ըստ էության, միայնակ, առանց համարժեք թիկունքային ապահովվածության։ Որովհետև մենք տասնամյակներ շարունակ չենք ֆինանսավորել, օրինակ, կրթությունն այնքան ու այնպես, որ մեր կրթական համակարգը զարգացած լիներ բանակի չափ, մենք բավարար չափով հատկացումներ չենք կատարել գիտությանը, որը ունակ կլիներ բանակին ապահովելու համապատասխան գիտական մշակումներով ու սպառազինությամբ։

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից պատկերի ողբերգականությունը միայն կավելանա։ Բայց, ինչպես ասում են, ունենք, այն ինչ ունենք։ Եվ այս պատերազմը պետք է մեզ սթափեցնի ու ստիպի մտածել բոլոր այս հարցերի շուրջ, վերարժևորել ու վերաիմաստավորել ամեն ինչ, արձանագրել, որ հին Հայաստան այլևս գոյություն չունի, որ մենք ապրում ենք արդեն միանգամայն այլ՝ հետպատերազմական իրականություն, որի առաջ բերած խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է միանգամայն այլ ու նոր մտածողություն, աշխարհընկալում, որը պետք է հիմք դառնա բոլորովին նոր պետական ռազմավարությունների, հայեցակարգերի ու ծրագրերի մշակման համար, քանի որ նախկիններն այլևս կենսունակ չեն ու ժամանակավրեպ են։

– Դուք խոսում եք նոր ռազմավարությունների, նոր հայեցակարգերի մասին։ Բայց գործող իշխանությունը, ըստ էության, առաջնորդվում է իր ռազմավարություններով ու ծրագրերով։ Որքանո՞վ եք հավանական համարում, որ նոր իրողությունների ազդեցությամբ դրանք կարող են փոփոխության ենթարկվել։

– Ես խոսում եմ ավելի լայն համատեքստի և ոչ այնքան կոնկրետ ռազմավարությունների կամ ծրագրերի մասին։ Պատահական չէ, որ ես նշեցի՝ մենք առաջին հերթին պետք է վերարժևորենք մեր մտածողությունն ու աշխարհընկալումը և միայն դրանից հետո մտածենք նոր ռազմավարությունների ու ծրագրերի մասին։ Հասկանալի է, որ հիմա դրա լավագույն ժամանակը չէ, քանի որ պատերազմի ընթացիկ սպասարկումը խլում է մեր ռեսուրսների, էներգիայի ու ժամանակի զգալի մասը։ Բայց երբ պատերազմը կամ գոնե դրա թեժ շրջանն ավարտվի, մենք պետք է լրջորեն մտածենք բոլոր այդ խնդիրների մասին, ինչի արդյունքում Հայաստանի բոլոր ռազմավարություններն ու հայեցակարգերը պետք է հիմնովին վերանայվեն: Այս պատերազմը բացեց մեր աչքեր, կամ հուսամ՝ կբացի մեր աչքերն ու կստիպի մեզ ամեն ինչին՝ ինչպես մեր ներսում, այնպես էլ մեզանից դուրս, նայել այլ աչքերով ու այլ հայացքով։

Պատերազմից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի զարգացման 2050 թվականի ռազմավարությունը։ Դրանում կային ինչպես հիմնավոր ու արդյունավետ, այնպես էլ վիճելի ու խոցելի կետեր։ Դրանք, սակայն, այլևս արդիական չեն, քանի որ այդ ներկայացումից ընդամենը մեկ շաբաթ անց սկսված պատերազմը, ըստ էության, զրոյի հավասարեցրեց մեր բոլոր նախկին պատկերացումներն ու կաղապարները։

Հիմա, արդեն նոր՝ հետպատերազմյան Հայաստանում մենք պետք է դոկտրինների, ռազմավարությունների մակարդակով վերատեսության ենթարկենք մեր պետական ու հանրային կյանքի կազմակերպման ու կառավարման բոլոր ոլորտները՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև ակադեմիական համակարգեր, տնտեսական համամասնություններից մինչև ռազմարդյունաբերական համալիր, առողջապահությունից մինչև սոցիալական ծառայություններ։ Մենք պետք է ձևակերպենք այս բոլոր համակարգերից մեր նոր ակնկալիքները, պետք է փոխենք դրանց առջև դրվող խնդիրները։

Հիմա շատ է խոսվում այն մասին, որ այս պատերազմի պատճառներից մեկն էլ մեր կողմից վարվող դիվանագիտությունն է։ Այդ մոտեցման մեջ կա ճշմարտության հատիկ, քանի որ, ցավոք, մենք տարիներ, տասնամյակներ շարունակ վարել ու դեռ շարունակում ենք վարել կծկված, վախվորած դիվանագիտություն, աշխարհի հետ մեր խնդիրների նեղ պատուհանից հարաբերվելու արտաքին քաղաքականություն, որը վստահաբար չի ավելացնում աշխարհում մեր բարեկամ ու դաշնակից երկրների քանակն ու որակը։ Հետևաբար` այս նոր իրականությունում, վերատեսության ենթարկված մեր ռազմավարական տեսլականում մենք արտաքին քաղաքականության, դիվանագիտության առաջ պետք է դնենք միանգամայն նոր, բոլորովին այլ որակի խնդիրներ ու առաջադրանքներ։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին։ Եվ այս խնդիրների լուծման համար մենք պետք է դուրս գանք մեր կաղապարվածությունից, պետք է բազմապատկենք մեր ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ այդ հարցում շեշտը դնելով նաև մեր Սփյուռքի կարողականության վրա։ Պետք է ազնիվ լինել ու խոստովանել, որ մենք Սփյուռքի ներուժը օգտագործում ենք շատ ցածր արդյունավետությամբ։ Սփյուռքում մենք ունենք անպատկերացնելի մեծ մարդկային պոտենցիալ, գերպրոֆեսիոնալ կադրեր ամենատարբեր ոլորտներում, սակայն, ցավոք, մենք դեռևս չենք գտել այն մոդուսը, այն ալգորիթմը, որը հնարավորություն կտա մեր այդ հայրենակիցներին ինտեգրել ու ներգրավվել մեր պետական ու հանրային կառավարման կյանքում։

Բայց հուսամ պատերազմը մեզ կսթափեցնի նաև այդ առումով, և մենք ի վերջո կհասկանանք ու կգիտակցենք, որ սովորական ծրագրերով, սովորական ռեժիմի կառավարմամբ չենք կարող հաղթահարել մեր առջև դրված խնդիրները, մեզ այլևս պետք են հավակնոտ, առաջին հայացքից անգամ անիրականանալի թվացող նախագծեր ու ծրագրեր, դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորում ու դրանք իրագործող բարձրակարգ մասնագետներ։ Մեզ պետք է անհավատալի ու աներևակայելի թռիչք, որը թույլ կտա պատերազմի արհավիրքը սպառնալիքից վերածել հնարավորության, նոր որակի պետություն ունենալու ու այդ պետությամբ աշխարհում արևի տակ տեղ ունենալու հնարավորության։ Ես հավատում եմ այդ հնարավորությանը և ինձանից կախված ամեն ինչ անելու եմ դա կյանքի կոչելու համար։

– Բյուջետային քննարկումներում ամենաինտրիգային հարցերից մեկը պետական պաշտոնյաների պարգևավճարների խնդիրն է. դրանք հաջորդ տարվա համար ոչ միայն պահպանվել են, այլև որոշ չափով ավելացել են։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը։ 

– Իրականում, պարգևավճարների խնդիրը շատ է պարզունակացվել, ինչի պատճառով դա դառնում է նաև անհարկի շահարկումների առիթ։ Այն, որ պատերազմում գտնվող երկրում պարգևավճարներ ընդհանրապես չպետք է լինեն, անգամ քննարկման հարց չէ։ Ես հույս ունեմ, որ իշխանություններն այնքան խոհեմ կգտնվեն, որ մինչև բյուջեի վերջանական տարբերակի ներկայացումը պարգևավճարներն ամբողջությամբ կհանեն այդ փաստաթղթից։ Բայց կարծում եմ՝ այս քննարկումը իռացիոնալ է։ Շատ ավելի արդյունավետ է քննարկումը ծավալել, այսպես ասեմ, հակառակ կողմից՝ առաջ քաշելով հարցադրումը, թե ի՞նչ կատարողական են ապահովել պարգևավճարներ ստացած այդ պաշտոնյաները։ Իսկ այդ կատարողականների, գործադիր իշխանության գործունեության կատարողականների պատկերը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ. մենք ունենք անարդյունավետ ծախսեր, ծախս/արդյունք հարաբերակցության խայտառակ ցուցանիշներ գրեթե բոլոր ոլորտներում։ Իսկ դա վկայում է արդեն շատ ավելի խորքային խնդիր մասին, քան պարգևավճարներն են։ Դա խոսում է պետական կառավարման անարդյունավետության մասին, այն մասին, որ մենք ունենք անհարկի ուռճացված պետական կառավարման համակարգ, որն ուղղակի մսխում է հանրային միջոցները։

Եվ պատերազմը պետք է առիթ դառնա վերանայելու համար նաև պետական կառավարման համակարգի կառուցվածքն ու համամասնությունները՝ կրճատման, գերօպտիմալացման տրամաբանությամբ։ Վստահ եմ, որ իրականում մենք հնարավորություն ունենք պետական կառավարման հաստիքացուցակը կրճատելու անգամներով։ Բայց դրա համար անհրաժեշտ է նոր ռազմավարություն, նոր հայեցակարգ, նոր ծրագրեր, որոնք մշակելուց առաջ, ինչպես նշեցի, նախ պետք է վերատեսության ենթարկել մեր աշխարհայացքն ու մտածողությունը։ Հին Հայաստան արդեն չկա,  այլևս կա նոր Հայաստան, և դա ամենևին այն նորը չէ, որի մասին խոսում էին հեղափոխականները 2018 թվականից հետո։ Նոր Հայաստանը պատերազմական ու հետպատերազմական Հայաստանն է՝ դրանից բխող հետևանքներով ու ամբողջովին նոր իրականությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30